-Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց, որ ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա: Հովհ.3:16

ԴԱՍ - 10 - ԱՊԱՇԽԱՐՈւԹՅՈւՆ


Այս թեման կուսումնասիրենք երկու բաժիններով.
1. ԻՆՉԻ՞Ց ԱՊԱՇԽԱՐԵԼ
2. ԴԱՐՁ ԴԵՊԻ ԱՍՏՎԱԾ

1. ԻՆՉԻ՞Ց ԱՊԱՇԽԱՐԵԼ

Աստվածաշնչյան գրքերի բնագրերում «ապաշխարել» խոսքը ուղղակի «դառնալ» բայն է, որը նշանակում է ինչ-որ կետից 180 աստիճանով շրջվել դեպի մեկ ուրիշ կետի: Երեմ.4:1; Եզեկ.14:6; 33:11;
Հայերեն թարգմանության մեջ շատ տեղերում դառնալ բառի փոխարեն «ապաշխարություն» արտահայտությունն է գրված: Գործք.2:38;
Այսպիսով, ապաշխարել նշանակում է չար խորհուրդներից և գործերից հրաժարվել ու հոժարվել Աստծո կամքին` այն մտքերին ու խորհուրդներին, որոնք Աստծուն են հաճելի: Ես.55:6,7;
Եբ.6:1-ում նշված «մեռած գործերից ապաշխարություն» արտահայտությունը նշանակում է` «մեռած գործերից» հրաժարվել և դառնալ դեպի Աստված: Այդյոք ի՞նչ է նշանակում «մեռած գործ»: Օրինակ` երբ ասում ենք մեռած ծառ կամ մեռած մարդ, հասկանում ենք, որ նրանում կյանք չկա` կյանքի հետ այդ մեռածը չի կարող որևէ կենդանի հաղորդակցություն ունենալ, ինչպես նաև` մեռած լինելը տանում է ապականության, փչացման, նեխման և քայքայման: Այսպես էլ «մեռած գործերը» ոչ միայն անօգուտ են, այլ, միևնույն ժամանակ, վնասակար են: Այդ գործերի մեջ կյանք չկա և դեռ ավելին` այդ գործերը մարդուն տանում են ապականության, քայքայման և փչացման: Սուրբ Գրքում այս գործերը նաև կոչվում են անպտուղ գործեր: Այժմ այդ մեռած գործերը կուսումնասիրենք երեք ենթաբաժիններով.
Ա. ՄԵՂՔԻ ԳՈՐԾԵՐ
Բ. ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾԵՐ` ՓՐԿՎԵԼՈւ ՆՊԱՏԱԿՈՎ
Գ. ՍՈՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ / ԱՎԱՆԴՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐ

Ա. ՄԵՂՔԻ ԳՈՐԾԵՐ
Շատերը մեղանչելով մտածում են, թե. «սա է կյանքը»: Ցավոք, այս մտածողության տեր մարդիկ խաբված են: Մեղք գործելը կյանք չէ, հակառակը, մեղքը իրեն ունեցողին մատնում է ապականության, քայքայման և փչացման` մահվան: Հռ.6:21-23; Գաղ.5:19-21; Եփ.5:11,12;

Բ. ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾԵՐ` ՓՐԿՎԵԼՈւ ՆՊԱՏԱԿՈՎ
Սրանք այն գործերն են, որ մարդիկ կամենում են արդարանալ և փրկվել Աստծո Օրենքը պահելով, ոչ թե Քրիստոսի խաչի գործին հավատալով: Ոմանք էլ այս գործն են համարում, թե. «սրանով է կյանքը», սակայն մենք գիտենք, որ Օրենքով ոչ մի մարդ չի կարող արդարանալ և փրկվել: Գաղ.3:10,11;
«Մեղքի գործերը» և «Օրենքի գործերը» իրենց բնույթով իրարից խիստ տարբերվում են: «Մեղքի գործերը» անիրավություն են և պիղծ, իսկ «Օրենքի գործերը» իրավունք են և սուրբ: Մեղք գործելը մարդուն հասցնում է դատաստանի, ավերման և մահվան: Իսկ Օրենքի պատվիրանի համեմատ գործելը մարդուն բացահայտում է, որ նա չի կարող պատվիրանը պահել, քանի որ անկարողության պատճառով խախտում է իրավունքը, ուստի մարդը ոչ թե կյանք պիտի ունենա, այլ պիտի դատապարտվի և կործանվի:
Օրենքը նման է մի բռնցքամարտիկի, որը մարդկության հետ պայքարի է դուրս եկել և անհաղթելի է, և նրա ամեն հարվածներն էլ մահացու են: Եւ եթե որևէ մեկը նրա առջև կանգնի և նրանից թույլ լինի, կմեռնի, որովհետև նրա հարվածը մահացու է: Այս Օրենքի առջև կանգնելով` մարդը ընդամենը իրեն տեսնում է թույլ, մեղավոր և մահվան դատապարտված: Սրա համար Աստված մարդու փրկությունը ոչ թե թողեց Օրենքը կատարելու հիման վրա, այլ փրկությունը ձրի է շնորհում նրանց, ովքեր հավատում են Տեր Հիսուս Քրիստոսի փրկարար գործին: Հռ.7:9,10; Գաղ.2:16;
Ուրեմն, նրանք, ովքեր Օրենքը կատարելով են ուզում փրկվել, չեն փրկվի, այլ կբացահայտվի, որ մահվան են դատապարտված, ինչպես որ 2Կոր.3:6,7-ում Օրենքը կոչված է «մահվան օրենք»:
Այսպիսով, Օրենքի գործից ապաշխարել նշանակում է` հրաժարվել Օրենքի պահանջը կատարելու միջոցով ձգտել փրկության, այլ փրկվելու համար պետք է Քրիստոսին հավատալ և փրկվելուց հետո նրա շնորհած կարողությունով ապրել մաքուր կյանք` Օրենքի համեմատ: Եբր.8:10;

Գ. ՍՈՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ / ԱՎԱՆԴՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐ
Գործեր, որոնք կատարվում են մարդկային ավանդությունների ու սովորությունների համաձայն և ոչ թե Քրիստոսի վարդապետության պես: Կող.2:8;
Այս տեսակ գործերը նույնպես չեն կարող մարդուն կյանք և փրկություն տալ, որովհետև դրանք Աստծո տված ճանապարհները չեն, ուստի նման ավանդությունների համար մարդիկ դատապարտելի են` Օրենքն ու պատվիրանը փոխելու պատճառով: Նրանք, ովքեր Աստծո խոսքին ավելացում կամ պակասեցում կանեն, կդատապարտվեն: Հայտ.22:18,19;
Տեր Հիսուսը հանդիմանում էր փարիսեցիներին, որ իրենց հնարած պատվիրաններն էին սովորեցնում ժողովրդին, որ հենց դրա համար էլ նրանք դատապարտելի էին: Ես.29:13; Մրկ.7:5-9;
Ովքեր պատվիրաններ են հնարում նրանք անարգում են Աստծո իմաստությունն ու գիտությունը` որպես թե Աստված չի հասկացել այդ բաները: Ես.24:5,6; Կող.2:8,16-23;
Աստծուն ծառայելու համար մարդկանց հնարած կանոններն ու պատվիրանները Աստծո դեմ են, քանի որ Աստված պետք է այնպես պաշտվի, ինչպես ինքն է ուզում, ոչ թե` ինչպես մենք: 2Տիմ.2:3-5; Եբ.12:28;
Ուրեմն, ովքեր ուզում են ավանդությունների գործերով ապրել, կվնասվեն, որովհետև դրանք մեռած գործեր են և Աստծո կողմից էլ` դատապարտված:

2. ԴԱՐՁ ԴԵՊԻ ԱՍՏՎԱԾ

Ինչպես ամեն բարիք, այնպես էլ ապաշխարությունը Աստծուց մարդուն տրված բարի հնարավորություն է: Մրկ.1:15; Գործք.11:18; 17:30;
Եւ եթե մարդ այս բարի հնարավորության նկատմամբ անհոգ և անտարբեր գտնվի, նա պատասխանատու է, որովհետև ապաշխարության մեջ կա թե´ Աստծո ողորմությունը և թե´ մարդու քայլը: Առակ.1:32,33; Ղուկ.13:3; Եբ.2:2,3;
Ապաշխարությունը իր մեջ ունի հետևյալ հինգ գլխավոր քայլերը.
Ա. ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈւԹՅՈւՆ
Բ. ԽՈՐԸ ԶՂՋՈւՄ
Գ. ԽՈՍՏՈՎԱՆՈւԹՅՈւՆ
Դ. ՈՐՈՇՈւՄ (ԸՆՏՐՈւԹՅՈւՆ)
Ե. ՀԱՎԱՏՔ / ՎՍՏԱՀՈւԹՅՈւՆ

Ա. ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈւԹՅՈւՆ
Առաջին քայլում մարդը գիտակցում է իր մեղավոր և կորսված լինելը, Սաղ.51:2,3; ինչպես նաև` գիտակցում է, որ միայն Հիսուս Քրիստոսով է փրկությունը: Այո´, երբ մենք խոսում ենք դարձի մասին, նշանակում է, որ նախ մարդը պետք է գիտակցի իր սխալ ընթացքը և հասկանա, թե ճշմարտությունը որտեղ է, որպեսզի իր ընթացքը ուղղի դեպի այդ ճշմարտությունը: Ղուկ.15:17,18; Գործք.4:12; Հռ.3:23;

Բ. ԽՈՐԸ ԶՂՋՈւՄ
Մարդը խորապես պետք է զղջա Աստծո առաջ իր ապրած սխալ և մեղավոր կյանքի համար: Գործք.2:37; 3:19; 2Կոր.7:9,10;

Գ. ԽՈՍՏՈՎԱՆՈւԹՅՈւՆ
Մարդը պետք է խոստովանի իր մեղավոր վիճակը և մեղքերը: Ղվտ.26:40-42; Սաղ.32:3-5; Առակ.28:13; Ղուկ.18:13,14; 1Հովհ.1:9;

Դ. ՈՐՈՇՈւՄ (ԸՆՏՐՈւԹՅՈւՆ)
Մարդը ամբողջ սրտով որոշում է թողնել մեղքը և ընտրում է Հիսուս Քրիստոսին` որպես իր անձնական Տեր ու Փրկիչ` որպեսզի առաջնորդվի Աստծո խոսքով և ապրի նրա կամքի մեջ: Սաղ.119:24,57,58,63,103,127; Մտթ.1:21; 4:21,22;

Ե. ՀԱՎԱՏՔ / ՎՍՏԱՀՈւԹՅՈւՆ
Մարդը պետք է հավատա Քրիստոսի ներմանը և փրկությանը ու վստահի, որ ինքը կարող է Քրիստոսի շնորհիվ ապրել աստվածահաճո կյանք: Հովհ.3:16; Հռ.6:4; Փլպ.1:6; 4:13;
Բերենք օրինակ, որի մեջ կան ապաշխարության բոլոր քայլերը. Ղուկ.15:11-24; Անառակ որդին. 1-ին եկավ ինքնագիտակցության, 2-րդ զղջում ապրեց, 3-րդ խոստովանեց, 4-րդ որոշում կայացրեց հորը ծառայելու և 5-րդ վստահ ու հավատացած գնաց հոր մոտ:
Իսկ այժմ բերենք մի օրինակ, որի մեջ չի երևում ապաշխարության բոլոր քայլերը. Հուդան թեև 1-ին ինքնագիտակցության եկավ, 2-րդ զղջաց և 3-րդ խոստովանեց, սակայն դառնալու որոշում, հավատք և վստահություն չունեցավ առ Աստված: Մտթ.27:3-5;
Ապաշխարությունը մի անհրաժեշտ գործ է, առանց որի մարդը չի ստանա փրկություն և չի մտնի Աստծո Արքայություն: Մտթ.3:2-17; Ղուկ.13:3,5;
Ապաշխարությունը ոմանց մոտ հնարավոր է մեկ պահի մեջ կատարվի, իսկ ոմանց մոտ ընթացք լինի (ժամանակի մեջ հասունանա նրա գիտությունը, որոշումը / ընտրությունը և վստահությունը): Սակայն այս վիճակը վտանգավոր է, որովհետև ոչ ոք չգիտի իր վերջին օրը, ուստի հնարավոր է` անապաշխար գնա այս աշխարհից:

Ամփոփում. Ապաշխարությունը, դա չար խորհուրդներից և գործերից հրաժարվելն ու դառնալն է դեպի Աստծո կամքը, որը Աստծուց մարդուն տրված բարի հնարավորություն է, առանց որի մարդը չի կարող Աստծո պատրաստած փրկությունը ունենալ:

No comments:

Post a Comment