Այս թեման կուսումնասիրենք չորս բաժիններով.
1. Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈւՄ ԿԱՆՉ
2. ԿԱՆՉԻ ՆՊԱՏԱԿԸ
3. ՏԵՐ ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ ԳԱԼՈւ ՏԱՐԲԵՐ ԿԱՐԾԻՔՆԵՐ
4. ԿԱՆՉԸ ԼՍՈՂՆԵՐԸ ՈւՆԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈւԹՅՈւՆ
1. Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈւՄ ԿԱՆՉ
Այս գաղափարը հստակ արտհայտելու համար կգործածենք «Կոչում» և «Հրավեր» բառերը: Սուրբ Գրքում «Կոչում» բառը ունի երկու իմաստ.
Ա. Աստծո կանչը` հրավերը.
Բ. Կոչում` անվանում, աստիճան, պաշտոն: Օրինակ` եթե որևէ մեկը զինակոչիկ է անվանվում, դա ցույց է տալիս, թե նա որտեղից է կանչված և ով լինելու է կանչված: Այսպես էլ Աստծուց եղած կոչումը ցույց է տալիս, որ կանչողը Աստված է, և կանչվածը հրավիրվում է երկնային դիրքի ու աստիճանի մեջ ծառայելու համար: Եփ.1:16-18;
Այսօր Աստծո անունով շատ հրավերներ կան, սակայն եթե հրավերը դեպի Քրիստոս չէ, այդ կանչը Աստծուց չէ: 1Կոր.1:9; Առանց Հիսուս Քրիստոսի չկա ընդունելություն ո´չ Հայր Աստծո մոտ և ո´չ էլ Սուրբ Հոգու: Հովհ.14:6; 16:13-15;
Կանչը Աստծո հրավերն է իր շնորհի համեմատ, որով նա հրավիրում է բոլոր մարդկանց` Տեր Հիսուս Քրիստոսին գալու` անկախ մարդու արժանիքներից: 1Կոր.1:9; 2Տիմ.1:9;
Այս կոչը Քրիստոսի Ավետարանն է` Սուրբ Հոգու անմիջական ներգործությամբ: Մտթ.24:14; Գործք.1:8; Հռ.1:16; 1Թսղ.1:5;
Սուրբ Գրքում այս կոչը կոչվում է.
«Երկնային կոչ» կամ «Վերին կոչ»` Երկնքից եկող և վերին դիրքի ու վիճակի մեջ հաստատող: Փլպ.3:14; Եբ.3:1;
2. ԿԱՆՉԻ ՆՊԱՏԱԿԸ
Ընդհանրապես հրավերը ունի այս բնույթը` որտեղից դուրս է գալիս, դեպի այնտեղ է կանչում: Օրինակ` զինվորական կենտրոնը զինակոչիկին կանչում է իրեն, որպեսզի իր մոտ նա ընդունի այն դիրքն ու վիճակը, որը կանչողի ծրագրի մեջ է: Այսպես էլ Քրիստոսի Ավետարանը մարդուն կանչում է Աստծո ծրագրի մեջ` մարդու համար նախատեսված դիրքին և վիճակին: Նշենք դրանցից մի քանիսը.
Ա. Աստված մեզ կանչում է, որպեսզի մենք լինենք.
• Ավետարանին հավատացող. Մրկ.1:15; Հռ.1:16,17;
• Ապաշխարած. Մտթ.4:17; Ղուկ.5:32;
• Փրկված. Հովհ.3:16;
• Լուսավորված. 1Պետ.2:9;
• Սրբված. 1Թսղ.4:7;
• Սուրբ. Հռ.1:7; 1Կոր.1:2; 1Պետ.1:15,16;
• Աստծո որդի. Հովհ.1:12; Հռ.8:29;
• Աստվածային բնությանը հաղորդ. 2Պետ.1:3,4;
• Տեր Հիսուս Քրիստոսին հետևող. 1Պետ.2:21-23;
• Քրիստոսի սեփականությունը. Տիտ.2:14; 1Պետ.2:9;
• Քրիստոսի չարչարանքին մասնակից. 1Պետ.2:20,21;
• Տեր Հիսուս Քրիստոսին նմանվող. Հռ.8:29,30;
Բ. Աստված մեզ կանչում է, որպեսզի մենք ունենանք.
• Մեղքերի թողություն. Ես.55:6,7; Գործք.3:19;
• Ազատություն մեղքի իշխանությունից. Գաղ.5:13;
• Քրիստոսի խաղաղությունը. Կող.3:13-15;
• Սուրբ Հոգով մկրտությունը. Գործք.2:38,39;
• Օրհնություն. 1Պետ.3:9;
• Հավիտենական կյանք. 1Տիմ.6:12;
• Աստծո Թագավորությունն ու փառքը. Մտթ.25:34; 1Թսղ.2:12;
• Աստծո ժառանգությունը. Գործք.26:18; Հռ.8:17;
• Մասնակցություն Գառի հարսանիքին և այլն: Հայտ.19:9;
3. ՏԵՐ ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ ԳԱԼՈւ ՏԱՐԲԵՐ ԿԱՐԾԻՔՆԵՐ
Տեր Հիսուս Քրիստոսին գալու համար տարբեր ուսուցումներ կան, սակայն նշենք դրանցից մի քանիսը և ցույց տանք, թե ո՞րն է սուրբ գրայինը: Օրինակ` ոմանք ասում են.
Ա. «Ես իմ կամքով գնացի»:
Բ. «Ես սկսեցի, Աստված էլ օգնեց»:
Գ. «Աստված մղեց, ես շարունակեցի»:
Դ. «Աստված առանց իմ կամքի ինձ տարավ»:
Վերը նշված գաղափարները ճիշտ և սուրբ գրային չեն: Սուրբ գրային պատասխանը սա է` Աստված է ինձ կանչողը, բայց ես իմ կամքով եմ այդ կանչը ընդունում և գնում դեպի Քրիստոս: Տիրոջ շնորհքով մենք ենք քայլ անողը` Տերը և ես: Տերը իր բաժինն ունի, ես էլ` իմ. այսինքն քայլ անողը ես եմ, բայց ոչ առանց Տիրոջ զորության: Մտթ.4:18-22; Հովհ.3:16; 15:5;
Առանց Աստծո հրավերի ոչ ոք չի կարող նրան գնալ, որովհետև որտեղ չկա կանչ, այնտեղ չկա նաև ընդունելություն: Այսօր Տերը ամենքին է հրավիրում փրկության, և եթե չգնանք, ինչպե՞ս ընդունվենք: Առ.8:1-11; Հռ.10:12-15;
Այս հրավերը անդիմադրելի չէ. չի վերացնում մարդու ընտրության ազատությունը և ոչ էլ ստիպում է, որ մարդը հակառակ իր կամքին գնա: Հովհ.3:16,17;
Հնարավոր է, որ մարդը չարձագանքի Տիրոջ կանչին: Առակ.1:24,25,28;
4. ԿԱՆՉԸ ԼՍՈՂՆԵՐԸ ՈւՆԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈւԹՅՈւՆ
Եթե մարդը Ավետարանի հրավերը չընդունի, վնաս է քաշելու: Թեև մարդը կարող է ընդունել կամ մերժել Աստծո հրավերը, սակայն պատասխանատու է այս հրավերի համար, որովհետև մարդը անիրավությունից արդարության և կորուստից փրկության է կանչվում: Մտթ.22:3-7; 23:37; Հովհ.3:36; Եբ.12:25;
Միայն հրավերը մերժողները չեն, որ վնաս են քաշելու, այլ նաև նրանք, ովքեր կխեղաթյուրեն Տիրոջ հրավերը` հրավերի համեմատ չապրողները և հրավերը ծուռ ներկայացնողները: Մտթ.22:11-13; 25:1-13; Հովհ.15:1,2; Գաղ.1:8,9;
Աստծո կանչը ուղղված է ամբողջ աշխարհին: Թեև այսօր շատերը մերժում են հրավերը, սակայն Աստված իր կանչի նպատակը իրագործում է կանչը ընդունողների կյանքում, Ես.55:10,11; Հռ.8:28,29; Փլպ.2:13; 1Թսղ.5:24; այնուամենայնիվ, դա չի վերացնում մարդու անձնական պատասխանատվությունը: 1Տիմ.6:12; 2Պետ.1:10; Հայտ.17:14;
Ամփոփում. Աստծո կանչը աշխարհին հնչում է Ավետարանի խոսքով, որը կանչում է դեպի Քրիստոս Սուրբ Հոգու զորությամբ: Եւ այդ խոսքը իրեն ընդունողի կյանքում իրագործում է Աստծո նպատակը:
Թեև այս կանչը Աստծո զորությամբ և ներկայությամբ է, սակայն անդիմադրելի չէ. մարդն ունի իր ընտրության քայլը, իսկ մերժելու դեպքում նա պատասխանատու է, որովհետև անիրավությունից արդարության և կորստից փրկության չի գալիս:
No comments:
Post a Comment