-Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց, որ ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա: Հովհ.3:16

ԴԱՍ - 14 - ՈՐԴԵԳՐՈւԹՅՈւՆ


Այս թեման կուսումնասիրենք երեք բաժիններով.
1. ՈՐԴԵԳՐՈւԹՅԱՆ, ՎԵՐՍՏԻՆ ԾՆՆԴԻ ԵՎ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ՄԻՋԵՎ  ԵՂԱԾ ՏԱՐԲԵՐՈւԹՅՈւՆԸ
2. ՈՐԴԵԳՐՈւԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈւՐ ԲՆՈւՅԹԸ
3. ՄԵՐ ՈՐԴԵԳԻՐ ԼԻՆԵԼՈւ ԱՊԱՑՈւՅՑԸ

1. ՈՐԴԵԳՐՈւԹՅԱՆ, ՎԵՐՍՏԻՆ ԾՆՆԴԻ
ԵՎ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ՄԻՋԵՎ  ԵՂԱԾ ՏԱՐԲԵՐՈւԹՅՈւՆԸ

Մենք պետք է պարզաբանենք, թե ըստ Սուրբ Գրքի ի՞նչ է նշանակում ՙՈրդեգրություն՚: ՙՈրդեգիր՚ նշանակում է, որ ինչ-որ մեկը դրված է ժառանգությունը ստանալու դիրքի մեջ:
Ոմանք որդեգրությունը շփոթում են վերստին ծննդի կամ արդարացման հետ` նույնացնելով դրանք իրար հետ: Այս ակտերը Աստծո կողմից եղած օրինավոր գործեր են, սակայն տարբեր գործողություններ լինելով, հավատացյալին շնորհում են տարբեր իրավունքներ:
• Վերստին ծնունդը մարդուն տալիս է նոր` աստվածային բնություն և իրավունք Աստծո որդի լինելու:
• Արդարացումը մարդուն հայտարարում է արդար:
• Որդեգրությունը մարդուն շնորհում է ժառանգության սեփականատեր լինելու իրավունք:
Որդեգրության և վերստին ծննդի միջև եղած տարբերությունը նաև սա է. Վերստին ծնունդը կատարվում է մարդու մեջ և նրան դարձնում է Աստծո որդի, երբ նա հավատում է Հիսուս Քրիստոսին, իսկ Աստծո ծրագրի համեմատ որդեգրությունը վերստին ծնվածին դարձնում է Աստծո ժառանգորդ:
Հնարավոր է մեկը ունենա շատ որդիներ, սակայն ամենքը ժառանգորդներ չլինեն: Օրինակ` թագավորն ունի հինգ որդի, սակայն նրանցից մեկին է իրավունք տրվում կանգնելու իր հորից ժառանգած թագավորական դիրքին: Աբրահամի որդիներից Իսահակը դարձավ նրա ժառանգորդը, իսկ Իսահակի ոդիներից` Եսավից ու Հակոբից, Հակոբը դարձավ ժառանգորդ: Հակոբի ժառանգությունն էլ տրվեց իր բոլոր որդիներին: Մինչև անգամ հնարավոր է` մեկը որդի չլինի, սակայն ժառանգություն ստանալու իրավունքով դառնա որդեգիր: Օրինակ` Մովսեսը դարձավ փարավոնի աղջկա ժառանգորդը` որդեգիրը: Ել.2:10; Հռութի որդի Ովբեդը Նոյեմիին որդեգիր եղավ: Հռութ 4:16,17; Աբրահամն էլ, երբ դեռ որդի չուներ, կամենում էր իր Եղիազար ծառային որդեգիր անել: Ծն.15:2,3;
Գաղ.4:1,2-ում Պողոսը շոշափում է որդեգրության հարցը: Հին Ուխտում, ըստ սովորության, մանուկը, ընտանիքի մեջ ծնվելով, պետք է հասունանար մինչև հոր որոշած ժամանակը, երբ ընդունված արարողակարգով կճանաչվեր որպես որդեգիր` ժառանգորդ, և կշնորհվեր նրան ժառանգորդի առանձնաշնորհներն ու իրավունքները: Ուրեմն` որդեգիր համարվում էր այն որդին, որին հայրը հատուկ արարողությամբ հայտարարում էր ժառանգորդ: 1Մնաց.28:4,5;

2. ՈՐԴԵԳՐՈւԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈւՐ ԲՆՈւՅԹԸ

Աստծո ծրագրի համեմատ Աստված որդեգրությունով իր բոլոր որդիներին է դարձնում իր ժառանգորդները` Հիսուս Քրիստոսի ձեռքով, ինչպես Հակոբի որդիները: Հռ.8:15-17; Եփ.1:5,10-12;
Աստծո ժառանգորդ լինելու օրինական դիրքը Աստծո պարգևն է Քրիստոսով` ժառանգության ամեն իրավունքներով: Որդեգրությունը մի գործ է, որը հիմնված է Քրիստոսի փրկագործության վրա: Գաղ.4:5; Աստված Քրիստոսին հավատացող մարդուն ազատում է կորստյան ծառայությունից և ձրի դարձնում իր ժառանգորդը` որդեգիրը: Որդեգությունը Աստծո ծրագրի համեմատ վերստին ծնվածների համար է: Աստված որոշել է, որ ամեն վերստին ծնվածի Քրիստոսի հետ ժառանգակից անի: Աստծո նպատակն է, որ որդեգրությունով ցույց տա իր փառավոր շնորհքը իր որդկանց միջոցով: Հովհ.3:3; Գաղ.4:7; Եփ.1:5,6;
Որդեգրությունը միայն նորկտակարանյան օրհնություն չէ, այլ բոլոր ժամանակների հավատացողների համար է: Գաղ.3:29; Եբ.11:8-10; 1Պետ.3:18-20;

3. ՄԵՐ ՈՐԴԵԳԻՐ ԼԻՆԵԼՈւ ԱՊԱՑՈւՅՑԸ

Որդեգրությունն ունի հետևյալ ապացույցները.
Ա. Մեր հավատքը Աստծո խոստման հանդեպ. Հռ.4:13,14; 2Կոր.1:18-22; Եբ.6:13-20;
Բ. Սուրբ Հոգով մկրտությունը. Հռ.8:15-17; Եփ.1:13,14; Աստծո գրավի առկայությունը ապացուցում է ժառանգության իրական լինելը: Նաև գրավի մեծությունը ցույց է տալիս ժառանգության մեծությունը: Ինչպես նաև հարկ է նշել, որ գրավը միշտ ավելին է, քան այն, ինչի համար գրավը դրված է: Եւ այս գրավը` Սուրբ Հոգին, ժառանգությունը մեզ հասցնելուց հետո էլ մեզ հետ կմնա հավիտյան: Հովհ.14:16,17;

Ամփոփում. Աստծո ծրագրի մեջ որդեգրությունը վերստին ծնվածների համար է, որով Աստծո որդիները ձեռք են բերում Աստծո ժառանգություն ստանալու իրավունք:

No comments:

Post a Comment