-Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց, որ ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա: Հովհ.3:16

ԴԱՍ - 3 - ՄԱՐԴ


Այս թեման կուսումնասիրենք երկու բաժիններով.
1. ՄԱՐԴՈւ ՎԻՃԱԿԸ ԻՐ ԱՐԱՐՄԱՆ ՊԱՀԻՆ
2. ՄԱՐԴՈւ ՎԻՃԱԿԸ ՄԵՂԱՆՉԵԼՈւՑ ՀԵՏՈ ԵՎ ԱՅՍՕՐ

1. ՄԱՐԴՈւ ՎԻՃԱԿԸ ԻՐ ԱՐԱՐՄԱՆ ՊԱՀԻՆ

Այս բաժինն իր հերթին բաժանվում է երեք ենթաբաժինների.
Ա. ԻՆՉՊԵ՞Ս ՍՏԵՂԾՎԵՑ ՄԱՐԴԸ
Բ. ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԱՐԱՐՎԵՑ ՄԱՐԴԸ
Գ. ՄԱՐԴՈւ ՍՏԵՂԾՎԵԼՈւ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ

Ա. ԻՆՉՊԵ՞Ս ՍՏԵՂԾՎԵՑ ՄԱՐԴԸ
Աշխարհիկ անստույգ գիտությունը պնդում է, թե մարդը տիեզերքում պատահականորեն առաջացած էակ է: Համաձայն այդ գիտության` մարդու գոյության մեջ որևէ իմաստ կամ նպատակ չի երևում, որովհետև ինչ որ պատահական է հայտնվում, դրա հետ կապված ապագայի ծրագիր և նպատակ չկա, ուստի արժեքն էլ ցածր է: Ի հակադրություն դրան` Աստվածաշունչն ասում է. «Աստված մարդուն ստեղծեց», որի հետ կապված կա ծրագիր և նպատակ: Աստված մարդուն արարեց հողի փոշուց և նրա քթանցքի մեջ կյանքի շունչ փչեց, ու մարդը դարձավ կենդանի հոգի: Ծն.2:7,22,23; Սաղ.139:14,16;
Հարկ է նշել, որ Աստված մարդուն երեք բաժնով ստեղծեց` մարմին, շունչ և հոգի: Ծն.2:7; 1Թսղ.5:23;
Այսպիսով, մարդը ոչ թե պատահականության արդյունք է, այլ Աստծո գերագույն ստեղծագործությունն է` հատուկ նպատակի համար:

Բ. ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԱՐԱՐՎԵՑ ՄԱՐԴԸ
Աստված մարդուն արարել է իր նմանությամբ և իր պատկերով: Ծն.1:26,27;
Այդ նմանությունն ու պատկերը չի վերաբերվում ֆիզիկականին, այլ դա ներքին նմանություն է: Նշենք այդ նմանության և պատկերի որոշ կողմերը.
Բ.1. Մարդու բարոյական նկարագիրը
Բ.2. Մարդը անձնավորություն է
Բ.3. Մարդը կարող է ղեկավարել
Բ.4. Մարդը Աստծո արարածների մեջ գերագույնն է

Բ.1. Մարդու բարոյական նկարագիրը
Աստծո շնչով մարդը ձեռք բերեց աստվածային կյանք և բնություն և այդ վիճակով նա հավիտյան ապրելու հնարավորություն ուներ, ուստիև` փրկության կարիք չուներ: Մարդն իր բնությամբ Աստծո նման էր` սուրբ ու բարի` նրանում մեղք և անիրավություն չկար: Ծն.1:31;
Մինչ մեղանչելը մարդը ազատ էր հիվանդությունից և մահից, որովհետև նա չէր մեղանչել և չուներ մեղանչական բնույթ: Նա լցված էր իմաստությամբ` ուներ ինքնագիտակցություն, ինքն իրեն լավ էր տարբերում մյուս արարածներից: Ծն.2:19,20;

Բ.2. Մարդը անձնավորություն է
Աստված մարդուն ստեղծեց որպես անձ, որը բացահայտվում է հետևյալ կարողություններով` նա մտածում է, ծրագրում, որոշում և ստեղծում է: Ծն.2:18-23; Սաղ.119:15;

Բ.3. Մարդը կարող է ղեկավարել
Ինչպես որ ողջ տիեզերքի ղեկավարությունը Աստծո ձեռքումն է, այդպես նա Ադամին տվեց ղեկավարելու կարողություն, որ ինքն ու իր կինը իշխեն երկրի վրա: Ծն.1:26-28;
Երկրի վրա եղող բոլոր արարածներից միայն մարդն է, որ կարող է իշխել երկրի վրայի ամեն տեսակ կենդանիներին, երկնքի թռչուններին և ջրերում եղող կենդանիներին: Սրա համար Աստված Ադամին հանձնեց նրանց խնամքն ու անվանակոչումը:

Բ.4. Մարդը Աստծո արարածների մեջ գերագույնն է
Ինչպես որ ողջ տիեզերքում Աստծուց մեծը չկա` նա ամեն գոյերից ամենաբարձրն է, նույն կերպ երկրի վրա մարդն է արարածների միջից ամենաբարձրը:
Եւ Ադամը գիտակցեց իր ով լինելը, այդ պատճառով էլ կենդանիների միջից իրեն հարմար ընկեր չգտավ, որովհետև նա ամենից վեր էր: Ծն.2:7,18-20,23; Իսկ երբ կնոջը տեսավ, անմիջապես նրան ընտրեց (չնայած նրա արարման ժամանակ ինքը քնած էր): Նաև Ադամը գիտակցում էր իր պատասխանատվությունը Աստծո առջև:

Գ. ՄԱՐԴՈւ ՍՏԵՂԾՎԵԼՈւ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ
Մարդու ստեղծվելու գլխավոր նպատակը Աստծո նման լինելն է: Ծն.1:26-28;
Ինչպես որ նորածին երեխան իր վիճակի մեջ, որպես մարդ ամբողջական է և իր ծնողներին նման, որը հետագայում պետք է աճի և այդ նմանության մեջ կատարյալ լինի, այդպես էլ մարդը, թեև Աստծո պատկերով և նմանությամբ էր ստեղծված, սակայն Աստծո հետ հաղորդակցվելով աճում էր դեպի կատարելություն` Աստծո պատկերի մեջ:
Աստծո նպատակը արարումից հետո էլ ընթացքի մեջ էր: Նա մարդու հետ հաղորդակցվելով նրան աճեցնում էր դեպի կատարելություն և ցանկանում էր, որ նա հավիտյան ապրի: Եւ Աստված գիտի` որտեղ չկա ազատ կամք և ընտրության իրավունք, այնտեղ հաճելի հաղորդակցություն չի կարող լինել, և չի կարող արտահայտվել Արարչի նմանությունն ու պատկերը: Աստված կամեցավ, որ մարդը ցույց տա իր կամեցողությունն ու ընտրությունը: Ծն.2:16,17;
Մարդու Աստծո պատկերի մեջ աճելը նրան տանում էր աստվածային փառքին: Ես.43:7; Եւ այդ փառքը թեև ծրագրված էր, սակայն բացահայտված չէր դարեր շարունան, այլ միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ կապված ծրագրում բացահայտվեց այդ փառքը, որը պատմվեց Ավետարանով: Հռ.16:25-27; Եփ.1:3,6,12,18-23; 1Թսղ.2:12;
Աստծո փառավոր մեծությունը մարդու միջոցով է ավելի վառ արտահայտվում: Օրինակ` եթե մեկը մի տուն է շինում իր փառքի համար, սա նշանակում է, որ այդ տան միջոցով է երևում կառուցողի կարողությունը, իմաստությունը, հանճարը և այլն: Այդպես էլ մարդու միջոցով է երևում և կերևա Աստծո փառավոր կարողությունը, հանճարն ու իմաստությունը: Ուստի որքան, որ մարդը Աստծուն նմանվի, դրանով ավելի կերևա Աստծո փառքը, և Աստծո գլխավոր նպատակն է, որ մարդը կատարելապես Աստծուն նմանվի: Ծն.1:26,27; Մտթ.5:48; Հռ.8:29; Եփ.4:13; Կող.2:9; 3:10-14; 1Հովհ.3:2;

2. ՄԱՐԴՈւ ՎԻՃԱԿԸ ՄԵՂԱՆՉԵԼՈւՑ ՀԵՏՈ ԵՎ ԱՅՍՕՐ

Թեև Աստված մարդուն ստեղծել էր սուրբ և կատարյալ, սակայն մարդը այս բարի վիճակի մեջ չմնաց: Սրանից ավելի մեծ դժբախտություն չկա, երբ մարդն իր ընտրության մեջ սխալվում է: Աստված ստեղծեց մարդուն, որը մահկանացու չէր, և դրեց Եդեմի պարտեզում, սակայն զգուշացրեց նրան մահվան մասին: Ամբողջ երկիրը մարդուն էր տրված. նա իրավունք ուներ օգտվելու ամեն ինչից, բացի մեկ ծառից` «Բարի և չարի գիտության ծառից»: Մարդուն ասված էր, որ արգելված ծառիցը կերած օրը մահով կմեռնի: Ծն.2:16,17; Սակայն մարդը չլսեց. Սատանայի դրդմամբ կերավ այդ պտղից և դարձավ մահկանացու, որովհետև խախտեց այն իրավունքը, որը Աստված էր դրել: Նա անիրավություն արեց և դա իրեն համարվեց մեղք: Մեղքը մտավ աշխարհ և այդ մեղքով էլ մահը և մահը տարածվեց Ադամի ողջ սերնդի վրա: Ծն.3:6; Հռ.5:12;
Իսկ ի՞նչ է մահը. դա կյանքի բացակայություն է` կտրված, բաժանված վիճակ աստվածային կյանքից` նրա բնությունից: Եփ.4:17,18;
Ոմանք բողոքում են, թե Աստված չպետք է արգելված պտուղ դներ Եդեմում, որպեսզի Ադամը ապահով մնար մեղանչելուց: Այդ արգելված պտուղը ընդամենը մեկ օրինակ էր ապագա կյանքի համար: Այո´, եթե այդ ծառն էլ չլիներ, միևնույն է, ապագայում շատ մարդիկ պետք է լինեին և չի նշանակում, որ Ադամը որևէ արգելք չպետք է ունենար նրանց հետ առնչվելուց, այլ ում հետ ինչպես ցանկանար, այդպես պետք է վարվեր: Ադամը պետք է ընդուներ, որ ինքը իրավունքի սահմաններում պիտի մնա:
Մարդը մեղանչելով աստվածային կյանքից զրկվեց և այդ պահից մարդու վրա սկսեց ներգործել մահվան օրենքը, որի ազդեցությունը մարդուն կարող է հասցնել հավիտենական մահվան: Մարդու ողջ էությունն ապականվեց` հոգին - Ծն.2:17; Մտթ.8:22; շունչը, որի մեջ է մտնում մարդու բնությունը, կյանքը, գաղափարը, սրտի ցանկությունը, Ծն.9:5; Եփ.2:1-3; 4:17,18; մարմինը - Ծն.3:16-19; Այսպիսով, Ադամի սերունդը հոգևորապես մեռած է` զրկված աստվածային կյանքից և փառքից: Ղուկ.9:60; Հռ.3:23; Եփ.2:1;
Աստծո սրբությունն ու արդարությունը չէր կարող մեղքը` Ադամի անիրավությունն անտեսել: Նա չէր կարող անարդարություն խոսել: Աստված բացահայտեց Ադամի անիրավությունը և դատապարտեց: Ադամի անհնազանդության պատճառով նրա և նրա սերնդի վրա եկավ Աստծո բարկությունը` մահվան դատաստանը: Ծն.3:17-19,23,24; Այսպես, Ադամի ապականված բնությունը ժառանգաբար փոխանցվեց մարդկային ողջ սերնդին: Հոբ.14:4; Հռ.5:19;
Այսօր ամեն մարդ մեղանչական է: Մարդը սխալ ընտրություն կատարեց, դարձավ անիրավ և զրկվեց Աստծո փառքից` փառավոր կյանքից: Հռ.3:23;
Մարդու մեղանչելով նրա մեջ կատարվեց փոփոխություն, նախկինում իր մեջ նա ուներ աստվածային սուրբ բնություն, իսկ մեղքի պատճառով նրա բնությունը փոխվեց.
Ա. Նրա աստվածային բարոյական նկարագիրը ամբողջովին փոխվեց. սուրբ էր, դարձավ մեղանչական, բարի էր, դարձավ չար: Հռ.3:10-18;

Բ. Մինչ մեղանչելը մարդը կենդանի անձնավորություն էր, իսկ մեղանչելուց հետո դարձավ մեռած անձնավորություն` նրա միտքը ապականվեց չարությամբ. նրա ծրագրերը, որոշումները, ընտրությունը և հակումները դարձան չար: Ծն.2:17; 6:5; Մտթ.8:22; Հռ.1:28-32; Եփ.4:17,18;

Գ. Նախկինում մարդը կարող էր երկրի վրա ղեկավարություն անել, սակայն մեղանչելուց հետո չարիքը մարդու մեջ տեղ գտավ և նա սկսեց իշխել չարությունով, բռնությունով, խաբեբայությունով և անխղճությունով: 1Կոր.12:2; Եփ.2:1-3;

Դ. Մարդը, որ ամեն արարածներից բարձր է, մեղանչելուց հետո կորցրեց ինքնագիտակցությունը. չի ճանաչում իրեն և ոչ էլ իր Ստեղծողին, հետևաբար` չի էլ կարող գիտակցել իր ով լինելը Աստծո ծրագրի մեջ: Երեմ.10:14; Հռ.3:10-18; Եփ.4:17-19;
Եւ այս ապականության պատճառով է, որ երկրավոր գիտնականները անտեղյակ են իրենց ծագումից, հայտարարում են, թե մարդը (իրենց նախապապը) առաջացել է կապիկ անասունից: Եւ այս օրերի մեջ շատ մարդիկ մինչև անգամ ավելի նախընտրում են իրենց ժառանգությունը թողնել որևէ կենդանու, քան մարդու:

Թեև մարդը այս աստիճան ապականված է, սակայն Աստված իր շնորհքի և ողորմության համեմատ, մարդուն բերում է ինքնագիտակցության և հնարավորություն է տալիս նրան ընտրություն կատարելու: Այո´, Աստված է հայտնում մարդուն, որ նա կորսված է և Փրկչի կարիքն ունի, որը Տեր Հիսուս Քրիստոսն է: Մտթ.11:25-27; 16:17; Հովհ.1:9; 3:16; 6:44; Փլպ.2:13; 1Հովհ.5:20;

Ամփոփում. Մարդն Աստծո պատկերով ստեղծված անձնավորություն է, որը մեղանչելով պղծեց իր ողջ էությունը` մարմինը, շունչը և հոգին: Սակայն նրան ստեղծող Աստվածն իր Որդի Հիսուս Քրիստոսի խաչի գործով հնարավորություն է տվել, որ մարդը ստանա մեղքերի թողություն, փրկություն և հնարավորություն` աճելու ու Աստծո գլխավոր նպատակին հասնելու, այսինքն Հիսուս Քրիստոսին նմանվելու:

No comments:

Post a Comment