-Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց, որ ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա: Հովհ.3:16

ԴԱՍ - 5 - ԱՍՏԾՈ ՕՐԵՆՔ


Այս թեման կուսումնասիրենք երեք բաժիններով.
1. ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ /ԴԵՐՆ Ու ՆՇԱՆԱԿՈւԹՅՈւՆԸ/
2. ՏԱՍՆԱԲԱՆՅԱՆ ԵՎ ՕՐԵՆՔԻ ՈւՐԻՇ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ
3. ՕՐԵՆՔԻՆ ՀՆԱԶԱՆԴՎԵԼՈւ ՀԱՐՑԸ

1. ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ /ԴԵՐՆ Ու ՆՇԱՆԱԿՈւԹՅՈւՆԸ/

Նախ այս իմանանք, որ մեր թեման վերաբերվում է Աստծո Օրենքին, և Օրենսդիրը ինքը Տերն է: Ես.33:22; Հակ.4:12;
«Մեղք» թեմայում որոշ չափով անդրադարձանք, թե Օրենքը ինչ նպատակով տրվեց, իսկ այժմ ավելի խորապես կուսումնասիրենք Օրենքի նպատակը:
Այս բաժնում պետք է շոշափենք չորս ենթաբաժիններ.
Ա. ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎՈւՆՔՆ Ու ԱՆԻՐԱՎՈւԹՅՈւՆԸ ՃԱՆԱՉԵՑՆԵԼՈւ ՀԱՄԱՐ Է
Բ. ՕՐԵՆՔԸ ՏՐՎԵՑ, ՈՐ ՄԱՐԴԸ ԱՍՏԾՈ ԵՎ ԻՐ ԻՆՉՊԻՍԻՆ ԼԻՆԵԼԸ ԳԻՏԵՆԱ
Գ. ՕՐԵՆՔԸ ՔՐԻՍՏՈՍԻՆ ԳՆԱԼՈւ ՃԱՆԱՊԱՐՀ ՀԱՐԹԵՑ
Դ. ՕՐԵՆՔՈՎ ԵՐԿՆՔԻ ԱՐՔԱՅՈւԹՅԱՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՎԱՐՔՆ Է ՑՈւՅՑ ՏՐՎՈւՄ

Ա. ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎՈւՆՔՆ Ու ԱՆԻՐԱՎՈւԹՅՈւՆԸ ՃԱՆԱՉԵՑՆԵԼՈւ ՀԱՄԱՐ Է
Օրենքը տրվեց, որ մարդը ճանաչի իրավունքն ու անիրավությունը, արդարությունն ու անարդարությունը: Առանց Օրենքի մարդը չէր ճանաչի իրավունքի և անիրավության սահմանագիծը: Եթե նա ընդունակ լիներ առանց Օրենքի հասկանալ իրավունքն ու անիրավությունը, էլ կարիք չէր լինի, որ Աստված Օրենքով պարզեր իրավունքի սահմանը: Օրենքը մարդու տգիտության պատճառով տրվեց: 1Տիմ.1:8-10; Օրենքը նման է մի սարքավորման, որը բացահայտում է եղածը:
Աստված Օրենքը տվեց, որպեսզի պաշտպանի իր, մարդկանց և ուրիշ արարածների եղած իրավունքը: Խոսքն այն մասին չէ, թե Օրենքի հայտնությունով իբրև մարդը հեռու կմնա անիրավությունից: Ո´չ, այլ որ բացահայտվի իրավունքը և անիրավությունը: Օրենքով եղավ անիրավության` մեղքի ճանաչումը: Ուստիև ով որ անիրավությամբ է վարվում Աստծո, մարդկանց և ամեն արարածների հետ, նա խախտում է Աստծո Օրենքը` նա մեղանչում է: Ուստիև մեղանչողին Աստված կանգնեցնելու է պատասխանատվության առջև:Հռ.3:20; 7:7; 1Հովհ.3:4; 5:17;
Աստծո Օրենքը իր բնույթով սուրբ է` անարատ ու մաքուր, և իր էությամբ ու դիրքով առանձնանում և տարբերվում է ուրիշ օրենքներից: Սաղ.19:7; 119:142; Հռ.7:12;
Մեծ տարբերություն կա Աստծո և մարդկանց դրած օրենքների միջև: Աշխարհում օրենքներ կան, որոնք իրավունք պաշտպանելու համար չեն, այլ որոշ անձերի շահերի համար են, ինչպես որ Ես.10:1-ում Տերը հանդիմանում է` ասելով. «Վայ անօրեն կանոններ դնողներին և այն դպիրներին, որ անիրավություն են գրում»: Սա ցույց է տալիս, որ աշխարհում կան անիրավ կանոններ և օրենքներ, որոնք Աստծո կողմից դատապարտվում են:

Բ. ՕՐԵՆՔԸ ՏՐՎԵՑ, ՈՐ ՄԱՐԴԸ ԱՍՏԾՈ ԵՎ ԻՐ ԻՆՉՊԻՍԻՆ ԼԻՆԵԼԸ ԳԻՏԵՆԱ
Օրենքի պատվիրանները ցույց են տալիս Աստծո մտածելակերպը և դատաստանները, որոնք սուրբ ու բարի են: Մենք արդեն գիտենք, թե ինչ է իրավունքը և անիրավությունը: Հետևաբար` Օրենքով բացահայտվում է, որ Աստված սուրբ է, իրավունքի Աստված է` անիրավությունը չհավանող ու չընդունող: Նույնպես էլ Օրենքով բացահայտվում է, որ մարդը անիրավ է, մեղավոր է և դատապարտելի: 2Մն.34:14-33; Հռ.3:9-20;
Մինչ Օրենքը աշխարհում մեղք կար` մարդը մեղավոր էր, և մեղքը առանց Օրենքի էլ իր հետևանքը թողնում էր, սակայն Օրենքի պատվիրանով պարզ դարձավ մեղքի գոյությունն ու ազդեցությունը: Հռ.5:13,14;

Գ. ՕՐԵՆՔԸ ՔՐԻՍՏՈՍԻՆ ԳՆԱԼՈւ ՃԱՆԱՊԱՐՀ ՀԱՐԹԵՑ
Ինչպես տեսաք` մարդը մեղանչական է և անկարող` նա չի կարող իրեն պահել Աստծո ուզած վիճակի մեջ, որի չափանիշը Օրենքն է: Օրենքով մարդուն հայտնի եղավ, որ ինքը դատապարտելի է և փրկչի կարիք ունի:2Օր.27:26; Գաղ.3:10; Փրկիչ, որը Աստծո Օրենքի համեմատ անարատ է և որը կարող է անեծքն ու դատապարտությունը մեր վրայից վերցնել ու մեր պարտքերը վճարել: Արդ, որպեսզի Աստված կարողանա շնորհք հաղորդել մարդուն, Օրենքը տվեց և Օրենքով դրված չափանիշի համեմատ երևաց, որ միայն Քրիստոսն է այդ Փրկիչը: Գաղ.3:10-14,23,24;
Եթե մեկը Օրենքը կարողանա պահել, նա կվարձատրվի, իսկ շնորհքից տրվածը նվիրատվություն է համարվում: Օրենքը կատարելով մարդը կարող է վարձք ստանալ, սակայն նա իր մեղանչական բնության պատճառով անկարող է սուրբ Օրենքը կատարել, ուստի նա զրկված է վարձքից և կանգնած է դատաստանի առջև: Իսկ Քրիստոսը, իր շնորհի համեմատ, թողություն և փրկություն է պարգևում իրեն դարձած մարդուն, որովհետև ինքը վճարեց Օրենքի պահանջը և փրկությունն ու դատաստանը վերցրեց իր ձեռքը: Հայտ.1:18;

Դ. ՕՐԵՆՔՈՎ ԵՐԿՆՔԻ ԱՐՔԱՅՈւԹՅԱՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՎԱՐՔՆ Է ՑՈւՅՑ ՏՐՎՈւՄ
Քանի որ Օրենքով ցույց տրվեց, որ Աստված սուրբ է և արդար, և նրա պահանջն էլ նույնն է, հետևաբար`Երկնքի Արքայության մեջ բնակվողները ունենալու են սուրբ և անարատ վարք. նրանք երբեք չեն ընկնելու հանցանքի, պղծության ու մեղքի մեջ: Եբ.8:10; Հայտ.21:27; 22:4,5;

2. ՏԱՍՆԱԲԱՆՅԱՆ ԵՎ ՕՐԵՆՔԻ ՈւՐԻՇ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ

Հին Ուխտում Տասնաբանյա պատվիրաններից բացի ուրիշ պատվիրաններ էլ կային` ծիսակարգերի և զոհերի հետ կապված, որոնց կարիքը այսօր չի զգացվում, որովհետև Քրիստոսով ամենը ամփոփվեց: Օրինակ` Ել.34:23,24-ում գրված է, որ ամեն արու տարին երեք անգամ գնա Տիրոջ առաջ` ընտրված վայրը`Երուսաղեմ, իսկ Նոր Ուխտում դրա կարիքը չկա, որովհետև այդ ծիսակարգերն ու զոհերը որոշված էին մինչև ուղղության` նոր կարգի հաստատման ժամանակը, որը Քրիստոսով դրվեց: Եբ.7:12; 9:6-14; 10:8-10;
Իսկ ծիսակարգերից դուրս` Օրենքի այն պատվիրանները, որոնք վերաբերվում են իրավունքին, գործում են նաև այսօր և ամփոփվում են հետևյալ երկու պատվիրաններով. «Սիրի´ր քո Տեր Աստծուն քո ամբողջ էությամբ և սիրի´ր քո ընկերոջը քո անձի պես»: Այս երկու պատվիրանների մեջ են ընդգրկված մյուս բոլոր պատվիրանները: Ել.23:1-7; 2Օր.24:17; Մտթ.22:35-40; Հռ.13:8-10;

3. ՕՐԵՆՔԻՆ ՀՆԱԶԱՆԴՎԵԼՈւ ՀԱՐՑԸ

Աստծո Օրենքը կոչվում է Արքայության և Սիրո Օրենք, որովհետև այս Օրենքը Արքաների Արքայից է և նրա մոտ գործում է մինչև հավիտյան, որովհետև իրավունքը և արդարությունը հավիտյան պետք է մնան:Մտթ.22:37-40; Հռ.13:8-10; Հակ.2:8;
Իսկ այժմ Տասնաբանյա Օրենքը կբացատրենք այն իմաստով, որը ցույց է տալիս իրավունքն ու անիրավությունը: Միք.6:8; Եւ Տասնաբանյայի յուրաքանչյուր պատվիրան կհաստատենք նորկտակարանյան վկայություններով, որպես ապացույց, որ Աստծո եկեղեցին էլ այդ Օրենքների հետ գործ ունի:

• Ել.20:3-17;
1. Բացի ինձանից ուրիշ աստվածներ չունենա´ս: Մտթ.4:10;
Բացատրություն. Իրականության մեջ միայն Աստվածաշնչի Աստվածն է ճշմարիտ Աստվածը, որից բացի ուրիշ Աստված չկա: Սակայն եթե մեկը այս Աստծուց բացի ուրիշ մեկին ճանաչի և ընդունի որպես Աստված, նա Աստծո իրավունքն է խախտում` Աստված անունը դնելով ոչ աստվածների վրա: Այս արարքի տերը ծանր մեղք է գործում, իսկ մեղքի վարձքն էլ մահն է: 2Օր.6:14,15; 2Մն.15:3,4; 1Կոր.8:5,6;

2. Քեզ համար կուռք չշինես, ո´չ վերը` երկնքում, կամ ցածը` երկրի վրա, կամ երկրի տակի ջրերում եղած մեկ բանի նմանությամբ: Նրանց երկրպագություն չանե´ս և նրանց չպաշտե´ս. որովհետև ես քո Տեր Աստվածը նախանձոտ Աստված եմ, որ կհատուցանեմ հայրերի անօրինությունը որդիների վրա` մինչև նրանց երրորդ ու չորրորդ ազգը, որ ատում են ինձ: Եւ կողորմեմ նրանց մինչև հազար ազգը, որ սիրում են ինձ և իմ պատվիրանքները պահում: Հայտ.21:8;
Բացատրություն. Մարդիկ կան, որ ընդունում են Աստծո միակ Աստված լինելը, սակայն նաև ընդունում են, որ բացի Աստծուց, իբրև կարելի է որևէ բանի էլ երկրպագել: Այսպիսի արարքը նման է հետևյալին. որպես թե մեկը մի ճիճու վերցնի ու իր ծնողների պատիվը տա դրան, և դեռ` ավելի վատ: Երկրպագությունը միայն Աստծուն է պատկանում, և եթե մեկ ուրիշին էլ այս պատիվը տրվի, դա Աստծո իրավունքի խախտումն է: Հետևաբար` ծանր մեղք է գործվում, իսկ մեղքի վարձքն էլ մահն է: Հռ.1:18-25; Եփ.5:5;

3. Քո Տեր Աստծո անունը զու´ր տեղը չհիշես, որովհետև Տերը իր անունը զուր տեղը հիշողին անպատիժ չի թողնի:
Բացատրություն. Աստծո անունը զուր տեղը հիշելը ի հայտ է գալիս տարբեր պարագաներում: Նշենք դրանցից մի քանիսը.
Ա. Երդման մեջ. Ղվտ.6:1-4; 19:12; Թվ.30:2;
Մինչ Քրիստոսը, եթե մեկը Տիրոջ անունով երդվեր, նախ խոսքը պետք է լիներ անսուտն և կատարվեր այն խոսքը, որը երդման պահին ասվել էր, հակառակ դեպքում Տիրոջ սուրբ անունը անարգված է` զուր է շոշափվել: Հետևաբար` ծանր մեղք է գործվել, իսկ մեղքի վարձքն էլ մահն է:
Եւ Տեր Հիսուսը պատվիրել է բնավ չերդվել: Մտթ.5:34,35;

Բ. Սխալ վարդապետության և մարգարեության մեջ.
Եթե որևէ ուսուցում ու մարգարեություն Աստծո անունով է մատուցվում, իսկ իրականում Աստված չի տվել այդ խոսքը, այս պարագայում ևս Աստծո անունը զուր տեղն է հիշատակվում, որովհետև զրպարտություն է արվում. Աստծուն է վերագրվում այն խոսքը, որը նա չի խոսել: Այս դեպքում էլ իրավունք է խախտվում, հետևաբար` ծանր մեղք է գործվում, իսկ մեղքի վարձքն էլ մահն է: Երեմ.23:16,17; Մրկ.7:6-9; 2Պետ.2:1-3;

Գ. Ծաղրի և խեղկատակության մեջ.
Մարդիկ հաճախակի Աստծո և Տեր Հիսուս Քրիստոսի անունն ու խոսքերը գործածում են ծաղրի և խեղկատակության մեջ: Սատանան գիտի, որ այս պատճառով մարդը կընկնի մահվան դատաստանի տակ, հետևաբար` նա մարդկանց մղում է դրան (ինչպես որ Եվային մղեց մի գործի, որով նա մահվան դատաստան բերեց իր վրա): Եթե մեկը Աստծո անունը գործածում է ծաղրի և խեղկատակության մեջ, նա ծանր մեղք է գործում, իսկ մեղքի վարձքն էլ մահն է: 2Մն.36:15-17; Գաղ.6:7,8; Եփ.5:4; Հուդա 18;

Դ.Տիրոջ մասին խոսել, առանց Տիրոջ պատվիրաններին հնազանդվելու.
Եթե մարդը Աստծո պատվիրանի համեմատ չի ուզում ապրել, սակայն Տիրոջ մասին է խոսում, նման արարքը Աստված նույնպես համարում է զուր տեղը իր անունը տալ: Սաղ.50:16-22; Առակ.30:9; Հակ.3:9; Այս արարքը նույնպես ծանր մեղք է, և մեղքի վարձքը մահն է:
Ուրիշ դեպքեր էլ կան, երբ զուր տեղն է հիշվում Աստծո անունը, սակայն Տերը մեզ իմաստություն տա այս մեղքը չգործելու:

4. Հիշի´ր հանգստության օրը նրան սուրբ պահելու համար: Վեց օր աշխատիր և քո բոլոր գործերն արա, բայց յոթերորդ օրը քո Տեր Աստծո հանգստության օրն է: Ոչ մի գործ չգործես, ո´չ դու, ո´չ քո որդին, ո´չ քո աղջիկը և ո´չ քո ծառան ու աղախինը, ո´չ քո անասունը, ո´չ էլ քո դռան օտարականը, որովհետև Տերը վեց օրվա մեջ արեց երկինքը, երկիրը, ծովն ու նրանց մեջ եղածները և յոթերորդ օրը հանգստացավ: Նրա համար Տերը օրհնեց հանգստության օրը և սրբեց նրան:
Բացատրություն. Տասնաբանյայի առաջին երեք պատվիրանները Աստծո իրավունքն են պաշտպանում, իսկ 5-ից 10-ը` մարդու իրավունքը: Սակայն 4-րդ պատվիրանը անցումային պատվիրան է, որի մեջ պաշտպանվում է, թե´ Աստծո և թե´ մարդու իրավունքը: Նախ` մարդը պարտավոր է ժամանակ տրամադրել`հիշելու Աստծո գործերը և նրան պաշտելու (թեև Սուրբ Գիրքն ասում է, որ հնարավոր է մեկը կարողանա շաբաթվա մեկ օրից ավելի շատ ժամանակ տրամադրել նշված գործին): Նույնպես մարդուց պահանջվում է, որ նա իրավունքով վարվի ինչպես իր, այնպես էլ ուրիշների հետ: Ինչպես որ Աստծո առջև ինքնասպանությունն ու սպանությունը մեղք է, նույնպես և մարդը իրավունք չունի ինքն իրեն և ուրիշներին տանջելու` հանգստություն չտալու: Ել.23:12; Հակառակ դեպքում` իրավունք է խախտվում` մեղք է գործվում, իսկ մեղքի վարձքն էլ մահն է: Իսկ ինչ վերաբերվում է ուղղակի շաբաթ օրվան, Աստված շաբաթվա մեջ մեկ օր դրեց, որպեսզի մարդիկ կարգով` միասին աշխատեն և հանգստյան օրը հանգստանան: Մրկ.2:27,28;
Շաբաթը նաև խորհուրդ և նշան է Աստծո ժողովրդի գալիք հանգստի: Ել.31:13,17; Եբ.4:7-10;

5. Պատվի´ր քո հորը և մորը, որ քո օրերը երկարեն այն երկրի վրա, որ քո Տեր Աստվածը կտա քեզ:Եփ.6:1,2;
Բացատրություն. Անկախ ծնողների վերաբերմունքից և ծառայությունից` զավակները պարտական են ծնողներին տալու ծնողական պատիվն ու ծառայությունը ճիշտ այնպես, ինչպես որ ծնողներն են պարտական խնամելու զավակներին` չնայելով այն հանգամանքին, որ զավակը երկար տարիներ իր հոգսերով ծանրացած է ծնողների վրա: Եւ եթե զավակները ծնողներին չտան ծնողական պատիվն ու ծառայությունը, այդ դեպքում ծնողների իրավունքն են խախտում: Հետևաբար` անիրավություն են գործում, իսկ անիրավության` մեղքի վարձքն էլ մահն է:

6. Սպանություն մի´ անիր:
Բացատրություն. Մարդը Աստծո պատկերով է ստեղծված, և ոչ մեկին իրավունք չի տրված անարգելու, փչացնելու Արարչի պատկերը և նրան զրկելու Աստծո տված կյանքից: Ծն.9:6; Նույնպես մարդը իրավունք չունի իր իսկ կյանքն էլ փչացնելու որևէ միջոցով, որովհետև ամենքիս կյանքը նրանից է եկած, նրա համար է և նրանով է մնում: Գործք.17:25; Հռ.11:36;
Այս պատվիրանի խախտումը անիրավություն է, հետևաբար` մեղք է, իսկ մեղքի վարձքն էլ մահն է:Հայտ.21:8;
Հին Կտակարանում հանդիպում ենք փաստերի, որտեղ Աստծո մարդիկ Աստծո հրամանով մարդ են սպանել և չեն մեղադրվել, որովհետև նրանք իրագործել են Աստծո արդար դատաստանը, ոչ թե իրենց կամքը: 2Օր.21:18-21;
Իսկ Նոր Կտակարանում սպանելու դատաստանը Աստված իրեն հետևողներից վերցրել է և, նույնիսկ, ատելությունը և զուր բարկությունը համարվում է մարդասպանություն: Մտթ.5:21,22; 1Հովհ.3:15;

7. Շնություն մի´ անիր: Եբ.13:4;
Բացատրություն. Աստծո արդարությունը թույլ է տալիս, որ մարդը միայն իր օրինական` սեփական ամուսնական ընկերոջ հետ ունենա ամուսնական կենակցություն, իսկ ոչ օրինական ընկերակցությունը անիրավություն է: Հետևաբար` մեղք է, իսկ մեղքի վարձքն էլ մահն է: Մտթ.5:27,28; Հայտ.21:8;

8. Գողություն մի´ անիր: Եփ.4:28;
Բացատրություն. Ինչ որ առանց իրավունքի է վերցվում, դա մեղք է, իսկ մեղքի վարձքն էլ մահն է:1Կոր.6:9-11;

9. Քո դրացու դեմ սուտ վկայություն մի´ անիր: Սաղ.101:7;
Բացատրություն. Ինչ որ սուտ է, դա ճշմարիտ ու իրավացի չէ` անիրավություն է: Հետևաբար` մեղք է, իսկ մեղքի վարձքն էլ մահն է: Հայտ.21:8;

10. Մի´ ցանկացիր քո դրացու տանը, կնոջը, կա´մ նրա ծառային, կա´մ աղախնուն, կա´մ նրա եզին ու էշին: Քո դրացու ոչ մի բանին մի´ ցանկացիր: Ղուկ.12:15; Կող.3:5,6;
Բացատրություն. Այն, ինչ քեզ չի պատկանում, մի´ ունեցիր (թեկուզ քո մտքում): Խոսքը այն մասին չէ, որ մարդը չի կարող ծրագրել որևէ բան ունենալու: Օրինակ` տուն, մեքենա, հողամաս և այլն: Մարդը իրավունք չունի փափագելու այն ամենը, ինչը որ արդեն ուրիշին է պատկանում: Գուցե մեկը ցանկանա իրավական ճանապարհով ունենալ այն բաներից, ինչ իր ընկերն ունի, սակայն ոչ այն, ինչը արդեն ընկերոջ սեփականությունն է: Մարդը ինչ որ ոչ իրավական ձևով է ունենում (թեկուզ իր սրտում), այդ արարքը մեղք է, իսկ մեղքի վարձքն էլ մահն է:

Հարց - Արդյո՞ք Օրենքին հնազանդվել պետք է, թե՞ ոչ:
Օրենքը բացահայտում է, որ մարդը չի կարող իր գործերով արդարանալ, փրկվել և օրհնվել: Սակայն այժմ մենք, որ Աստծո կողմից ձրի ենք արդարացել, փրկվել և օրհնվում ենք Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, ուստի Օրենքը պետք է կատարենք անիրավությունից հեռու մնալու նպատակով և Աստծո շնորհքով կարող էլ ենք կատարել, որովհետև նրա բնությունից ենք ծնված` վերստին ենք ծնված: Եբ.8:7-13; 1Հովհ.5:3,4;
2Տիմ.2:19; «Աստծո հիմքը հաստատուն է և այս կնիքն ունի. «Տերը ճանաչում է նրանց, որ իրենն են» և «անիրավությունից հեռու մնա ամենայն ոք, որ Քրիստոսին են պատկանում»»:
Տիտ.2:11-14; «11Աստծո փրկարար շնորհքը բոլոր մարդկանց երևաց, 12որ մեզ խրատում է`ամբարշտությունն ու աշխարհային ցանկություններն ուրանանք և զգաստությամբ, արդարությամբ ու բարեպաշտությամբ ապրենք այս աշխարհում: 13Սպասելով այն երջանիկ հույսին ու մեծ Աստծո և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնվելուն: 14Նա իր անձը մեզ համար տվեց, որ մեզ ամեն անօրինությունից (օրենք խախտելուց) ազատի ու մաքրի, իր համար սեփական ժողովուրդ անի` բարի գործերի նախանձավոր»:
Ուստի մենք չպետք է անօրինություն անենք` չպետք է Օրենքը խախտենք: Օրենքի որ կետն էլ խախտենք, նշանակում է զրկանք ենք արել: Հետևաբար` մեզ վրա անեծք է գալու, սակայն Տեր Հիսուսը իր խաչի գործով վերցնում է այդ անեծքը, եթե հանձնվենք նրան: Գաղ.3:10-12;

Ամփոփում. Աստծո Օրենքը սուրբ է` բարձր է գոյություն ունեցող ամեն օրենքներից, և նրանով բացահայտվում է իրավունքի և անիրավության սահմանը: Օրենքով մարդը տեսնում է Աստծո և իր ինչպիսին լինելը և Երկնքի Արքայությունում տիրող սուրբ իրավիճակը: Թեև Օրենքով մարդը հասկանում է իր մեղավոր ու կորսված լինելը, սակայն նրանով չի փրկվում, այլ Տեր Հիսուս Փրկչի օգնության կարիքն է զգում: Եւ Տեր Հիսուսով փրկվածները, անիրավությունից հեռու մնալով, պետք է իրավունքի մեջ քայլեն:

No comments:

Post a Comment