-Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց, որ ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա: Հովհ.3:16

ԴԱՍ - 6 - ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍ


Այս թեման կուսումնասիրենք երկու բաժիններով.
1. ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՆՁԸ
2. ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՇԽԱՐՀ ԳԱԼՈւ ՆՊԱՏԱԿԸ

1. ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՆՁԸ

Այս բաժինը իր հերթին ուսումնասիրվելու է երկու ենթաբաժիններով.
Ա. ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԱՐԴԵՂՈւԹՅՈւՆԸ
Բ. ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՍՏՎԱԾՈւԹՅՈւՆԸ

Ա. ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՄԱՐԴԵՂՈւԹՅՈւՆԸ
Քրիստոսի մարդեղություն նշանակում է, որ նա, մինչ մարդանալը գոյություն է ունեցել որպես Աստված, սակայն ժամանակին աշխարհին երևաց մարդկային էության մեջ. Աստված հայտնվեց մարմնում: Մարդկության պատմության մեջ Քրիստոսի մասին ավելի շատ վկայություններ կան, քան որևէ մեկի, որը երբևիցե երկրի վրա եղել է: Այժմ Քրիստոս Հիսուսի համար կնայենք որոշ գործեր, հատկություններ ու վկայություններ, որոնք մարդուն են հատուկ:

Հիսուս Քրիստոսն ունեցել է մարդկային ֆիզիկական մարմին.
- Նա ծնվեց կնոջից. Ղուկ.2:1-7;
- Դավթի ցեղից էր. Հռ.1:3;
- Հարևաններից ճանաչվեց. Մտթ.13:53-58;
- Նա սովեց և ծարավեց. Մտթ.4:2; Հովհ.4:7;
- Նա հոգնեց. Հովհ.4:6;
- Նա քնեց. Մտթ.8:23,24;
- Նա արցունք թափեց. Ղուկ.19:41;
- Նա քրտնեց. Ղուկ.22:44;
- Նա ինքը վկայեց, թե մարդու Որդի է. Մրկ.10:33,34;
- Նա արյուն ուներ. Հովհ.19:33,34;
- Նա մահացավ և թաղվեց. Մտթ.27:50,59-61;

Հիսուս Քրիստոսն ունեցել է մարդկային բնություն.
Որոշ ուսմունքներում մերժվում է Հիսուս Քրիստոսի կա´մ մարդկային, կա´մ աստվածային կողմը: Ցանկացած կողմի մերժման դեպքում էլ մարդու փրկությունը դառնում է անհնարին: Եթե նրա մարդկային կողմը մերժենք, այդ դեպքում մերժած կլինենք մեղքերի թողության համար եղած միակ Զոհը: Կող.1:20; 2Հովհ.7;
Հույն բնագրում գործածված «մարմին» բառը իր քերականական ձևերով հիմնականում ցույց է տալիս հինգ իմաստ.
1. Ֆիզիկական որևէ մարմին. 1Կոր.15:39-41;
2. Նյութական միս և արյուն. Հռ.6:12,13;
3. Մարդկային մեղանչական բնություն[1]Հռ.7:5,18; 8:3,7-9; Գաղ.5:16,17,19;
4. Մարդու ֆիզիկական մարմինը և մարդկային բնությունը միասին. Հռ.7:24; 1Կոր.5:5; 6:16;
5. Մարդու ֆիզիկական մարմինը և ներքնաշխարհը միասին. Գործք.2:17; Հռ.3:20;

Այսպիսով, արդյո՞ք Հիսուս Քրիստոսը միայն մարդկային ֆիզիկական մարմին է ունեցել, կամ նրա մարդուն նման լինելը միայն ֆիզիկականի՞ն էր վերաբերվում: Հիսուս Քրիստոսը մեզ մեղքից ազատելու համար ոչ միայն իր ֆիզիկական մարմինը զոհաբերեց, այլ նաև այդ մարմնում դատապարտեց մարդկային մեղանչական բնությունը: Հռ.6:6; 8:3;
Հարց - Ի՞նչ ենք հասկանում «մեղքի մարմին» կամ «մեղանչական բնություն» ասելով:
Պատասխան - Դա մարմնում եղած այն բնությունն է, որը տկար է` անկարող է Աստծո Օրենքին հնազանդվել, նրա խորհուրդը մահն է, որովհետև անկարող է աստվածային չափանիշի մեջ կանգնել` խորհել և գործել այնպես, ինչպես որ Աստծո իմաստությունն է թելադրում:
Սուրբ Գիրքը ուսուցանում է, որ Հիսուս Քրիստոսը բոլորովին նման է եղել այն մարդկանց (բացի մեղանչելուց), որոնց որ պետք է փրկեր: Եբ.2:14,17; 4:15;
Մարդուն մեղանչական բնությունից և դատաստանից փրկելու համար, Աստված իր Որդին ուղարկեց մարդկային էության մեջ, որ իր մեջ մարդկային մեղանչական բնությունը, Հոգու զորությամբ սանձի, սաստի, դատապարտի խաչի մահվան և անգործ թողնի այդ մեղանչական բնույթը իր ցանկություններով: Փլպ.2:6-11;
Ոմանք փիլիպպեցիներին ուղղված թղթի վերը նշված հատվածից «կերպարանք» և «նմանություն» արտահայտությունները համարում են լոկ արտաքին նմանություն մարդուն: Ուստի, եթե ընդունենք այդ բացատրությունը, հետևաբար նույն համատեքստում Քրիստոսի համար գործածված «Աստծո կերպարանքում լինելով» արտահայտությունը նույնպես կհամարվի արտաքին նմանություն: Սակայն համատեքստում եղած «կերպարանք» արտահայտությունը ունի նույն իմաստը: Եւ եթե Քրիստոսի համար մերժվում է մարդկային ներքին կերպարանքի նմանությունը, ապա ինքնըստինքյան կմերժվի նաև նրա ներքնապես Աստծո նման լինելը: Եւ եթե ընդունվում է, որ նա ամբողջությամբ Աստծո կերպարանքում է եղել, հետևաբար` պետք է ընդունվի նաև նրա մարդկային կերպարանք ունենալն էլ ամբողջությամբ, ինչպիսին համատեքստում նշված «ծառա մարդն է»: Ոմանք այս ճշմարտությունը չեն ընդունում, մտածելով, թե Քրիստոսը դրանով անարգվում և նսեմանում է, սակայն իրականում սրանով երևում է Քրիստոսի աստվածությունն ու զորությունը, որ մեղանչական մարմնում լինելով սուրբ մնաց` չմեղանչեց: 1Տիմ.3:16;
Աստծո Որդին մեկացավ մարդկային էությանը և հաղորդ եղավ էության մեջ եղած բնությանը, և այդպես նա մարդու համար ճանապարհ բացեց մեկանալու աստվածային բնությանը, որ հավատացողը սուրբ կոչվի (թեև նրա մեջ մեղանչական բնություն կա): 1Կոր.1:2; 2Տիմ.1:9;
1Հովհ.3:4-6 - հատվածում երևում է, որ Քրիստոսի մեջ մեղք` անօրինություն չի եղել: Մեղանչական բնույթի մարմին ունենալը չի որոշում, թե նրանում մեղք կամ արատ կա: Օրինակ` եթե մեկը օտար կնոջը ցանկանալու նպատակով չի նայում, ուրեմն նրա մեջ այդ կնոջ հանդեպ մեղք չկա, բայց դա չի նշանակում, որ այդ մարդու մեջ մեղանչական բնություն չկա: Կամ եթե մտածենք, թե մեղանչական բնույթի մարմին ունենալը արգելք կլիներ, որ Քրիստոսը անարատ լիներ, այդ դեպքում մերժած կլինենք հավատացյալների անարատ լինելը նույնպես, և այս կապակցությամբ Սուրբ Գրքի շատ հատվածներ սուտ կհամարվեն, որոնք վկայում են հավատացյալի սուրբ լինելու մասին: Կամ մեկ ուրիշ օրինակ ևս` Հին Ուխտում զոհի համար ընտրված անարատ գառը ոչ թե արատավոր գառի բնույթը չուներ, այլ ինքը արատ չուներ: Ուրեմն, արատը որոշվում է անձնական կյանքի և գործերի պատճառով: Այսպես էլ Տեր Հիսուս Քրիստոսը ամեն հարցերում փորձվեց մեր նմանությամբ, բայց չմեղանչեց: Մտթ.26:41; Գաղ.5:17; Եբ.4:15;
Ինչպես որ Հոգու զորությամբ Քրիստոսը մնաց արդար, այդպես էլ նա կարող է իր Հոգով հավատացողին զորացնել` հաղթելու մեղանչական բնության ցանկությանը և արդարություն գործելու: Հռ.8:1-11; Գաղ.5:24; 1Հովհ.4:1-3;
Քրիստոսը ոչ միայն ֆիզիկական մարմին ստանալով մարդկային էությանը մեկացավ, այլ նաև մարդկային բնություն ունենալով: Իրականում ֆիզիկական մարմինը չի որոշում մարդու մարդկային էությունը, այլ մարդու ներքին բնությունն է որոշում դա: Այսպես, Քրիստոսը, եթե մարդկային բնություն չունենար, չէր կարող կոչվել Մարդու Որդի: Քրիստոսը հայտնվեց մարդկային էության մեջ` մարդու ֆիզիկական մարմնի և բնության մեջ: Այսպիսով, Սուրբ Գիրքը բացահայտում է, որ Քրիստոս մարդը ոչ թե Ադամի նախկին` չմեղանչած բնության նման է եղել, այլ Աբրահամի և Դավթի սերունդից է եղել և ունեցել է մեղանչական բնույթի մարմին, այնպես, ինչպես Աբրահամը, Դավիթը և մենք, սակայն առանց մեղք գործելու: Մտթ.1:1; Հովհ.1:5,14; Եբ.2:14-17; 4:15; 1Պետ.2:22;
Եբ.4:15-ում նշված «ամեն բանով փորձվելը» վերաբերվում է նաև մեղանչական բնությունից փորձվելուն: Իրականում մարդու ամենամեծ փորձությունը մեղանչական բնությունից է, քան թե սովից, հալածանքից կամ Չարից: Գաղ.5:17;
Քանի որ Հիսուս Քրիստոսը ունեցել է մարդկային մեղանչական բնություն, ուստի եթե անհոգ գտնվեր, կունենար սովորական մարդու վախճան: Դրա համար էլ նա իր մարմնի օրերում (շատ անգամներ) աղոթք և աղաչանք, սաստիկ աղաղակով և արտասուքով մատուցում էր Աստծուն, որ կարող էր նրան մահից ազատել, և լսվեց իր բարեպաշտության համար: Մտթ.26:41; Եբ.5:7-9;
1Հովհ.4:2,3; 2Հովհ.7; Այս հատվածներում առաքյալը գրում է այն մասին, թե ովքեր Հիսուս Քրիստոսին մարմնով (մեղանչական մարմնով) եկած չեն ընդունում, նրանք Նեռից են: Սակայն այստեղ հարց է առաջանում. արդյոք նրանք, ովքեր չեն հասկացել վերը նշված ճշմարտությունը, Նեռի՞ց են: Նրանք Նեռից չեն, քանի որ նրանք ոչ թե չեն ընդունել, այլ չեն հասկացել դա, իսկ եթե պարզ ներկայացվում է այս իրականությունը, ապա այդ դեպքում չընդունողները ընդունում են Նեռի միտքը: Եւ այսպիսիները մոլորեցնող են ու դատապարտելի, ինչպես որ Սուրբ Գիրքն է ասում:
Մարմին բառի վերաբերյալ վերը նշված տարբերությունը որոշ չափով պարզ արտահայտված է ռուսերեն Նոր Կտակարանի թարգմանությունում օգտագործելով «тело» և «плоть» արտահայտությունները` սկզբում նշված հինգ իմաստների փոխարեն:

Բ. ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՍՏՎԱԾՈւԹՅՈւՆԸ
Հիսուս Քրիստոսը երկրի վրա միևնույն ժամանակ երկու բնություն ուներ` աստվածային և մարդկային: Ղուկ.1:30-33; Հովհ.1:14; Հռ.1:3,4;
Քննելով Սուրբ Գիրքը պարզվում է, որ Քրիստոսը ունի աստվածային ամբողջ բնութագիրը: Նա Սուրբ Եռամիասնության մեկ անձն է` ճանաչված «Որդի» անունով: Աստված որոշեց ինքն իրեն տեսանելի կերպով` Հիսուս Քրիստոսի դեմքում հայտնել և այդ եղանակով փրկություն տալ մարդկությանը: Մտթ.28:19; Հովհ.3:16; 5:23; 2Կոր.4:6; Կող.1:15; Եբ.1:1-3;
Եթե մերժենք նրա աստվածային կողմը, այդ դեպքում էլ մերժած կլինենք նրա Փրկիչ լինելը` չենք կարող ընդունել, որ նա Աստված է, որովհետև միայն Աստված է Փրկիչը, և էլ ուրիշ մեկը չկա Աստծուց բացի, որը կարողանար իր անձով մեղանչական մարմնում հաղթել մեղքի օրենքին, և´ վճարել մեղքի համար, և´ գնել ողջ մեղավոր աշխարհը: Սաղ.49:7,8; Մտթ.1:21-23; Հովհ.8:24; Հռ.7:22-25; 8:3;

Հիսուս Քրիստոսի աստվածային բնությունը
Այժմ կնայենք չորս ենթակետեր` Հիսուս Քրիստոսի աստվածության վերաբերյալ.
Բ.1. Հիսուս Քրիստոսի աստվածային որոշ գործերը
Բ.2. Հիսուս Քրիստոսի աստվածային բնավորությունն ու կարողությունը
Բ.3. Հիսուս Քրիստոսի աստվածային փառավոր դիրքը
Բ.4. Հիսուս Քրիստոսի աստվածային որոշ անունները

Բ.1. Հիսուս Քրիստոսի աստվածային որոշ գործերը
Գործեր, որոնք Աստծուն են հատուկ, և Հիսուս Քրիստոսը գործեց.
- Նա մեղքերի թողություն էր տալիս, ինչը միայն Աստծո իրավունքի մեջ էր մտնում: Մրկ.2:5-12; Ղուկ.7:48,49;
- Նա մարդկանց սիրտն ու երիկամունքն էր քննում: Մրկ.2:7,8; Ղուկ.7:36-50;
- Նա երկրպագություն ընդունեց: Մտթ.28:17; Հովհ.20:28; Եբ.1:6;
- Նա հարությամբ հաղթեց մահին: Հովհ.10:17,18; 11:25; Գործք.1:3;

Բ.2. Հիսուս Քրիստոսի աստվածային բնավորությունն ու կարողությունը
Այժմ նայենք Քրիստոսի էության բոլոր այն` բարոյական և կարողության բնութագրերը, որոնք Աստծուն են վերաբերվում, և դրանք ուսումնասիրել ենք «Աստված» թեմայում: Իսկ այս թեմայում նույն բնութագրերով կտեսնենք Քրիստոսի փառավոր վիճակը:

Հիսուս Քրիստոսի բարոյական բնութագիրը
1. Հիսուս Քրիստոսը սեր է` սիրող է
2. Հիսուս Քրիստոսը սուրբ է

1. Հիսուս Քրիստոսը սեր է` սիրող է. նա ունի աստվածային ամբողջ սերը: Հովհ.3:16; 15:9,13,14;

2. Հիսուս Քրիստոսը սուրբ է ասելով նկատի ունենք.
• Նրա վիճակը
• Նրա դիրքը

• Հիսուս Քրիստոսը սուրբ է` վիճակի իմաստով - նկատի ունենք, որ նրանում չկա չարություն, մեղք, անօրինություն, նենգություն, ստություն ու խավար: Նա կատարյալ է, կատարյալ մաքուր: Եբ.4:15; 1Պետ.2:22;

• Հիսուս Քրիստոսը սուրբ է` դիրքի իմաստով - նկատի ունենք, որ նա բարձր է ամեն գոյերից և առանձնանում է նրանցից իր յուրհատկություններով` ունենալով աստվածային դիրք: Եբ.1:3; 8:1; 10:12; 1Պետ.3:22;
Այս մասին ավելի խորը կուսումնասիրենք «Բ.3. Հիսուս Քրիստոսի աստվածային փառավոր դիրքը» ենթակետի տակ:

Հիսուս Քրիստոսի կարողության բնութագիրը
1. Նա ամենակարող է. Կող.1:16,17; Եբ.1:3; Հայտ.1:17,18;
2. Նա ամենուրեք է. Մտթ.28:20; Հովհ.14:13,14,23;
3. Նա ամենագետ է. Կող.2:3; Հայտ.2  և 3գգ. բոլոր եկեղեցիներին ասվում է «Գիտեմ քո գործերը»:
4. Նա ամենաիմաստուն է. 1Կոր.2:6-8; Կող.2:3;
5. Նա հավիտյան անփոփոխ է. Ես.9:6; Եբ.1:12; 13:8; Հայտ.1:7,8,18;
Վերը նշված բնութագրերը ցույց են տալիս Հիսուս Քրիստոսի աստվածային փառավոր վիճակը:

Բ.3. Հիսուս Քրիստոսի աստվածային փառավոր դիրքը
Աստծո և Քրիստոսի փառավոր լինելը միայն վիճակին չի վերաբերվում, այլ նաև` դիրքին: Հիսուս Քրիստսի աստվածային բնութագրերով ուսումնասիրեցինք նրա փառավոր վիճակը, իսկ այժմ նայենք նրա փառավոր դիրքը:
Մինչ Աստծո միջից դուրս գալը` Քրիստոսը դիրքով հավասար էր Հորը և Սուրբ Հոգուն: Նա Հայր Աստծո հետ նույն թագավորության և բարձրության վրա էր, սակայն, հավասար լինելով, նա չգերվեց այդ փառքով, այլ իր դիրքով ցածրացավ Հորից, իսկ վիճակով մնաց նույնը` որպես ճշմարիտ և երկրպագություն ընդունող Աստված: Այո´, նա որոշեց իջնել այդ դիրքից, իսկ իր փառավոր վիճակը ամբողջությամբ պահեց նույնը: Հովհ.1:1-5,14; Փլպ.2:6-11;
Նա Աստծուց դուրս եկավ` Որդիացավ, և ժամանակին մարդացավ էլ: Սուրբ Եռամիասնությունից որ անձն էլ դուրս գար, նա կլիներ ծնված` Որդի: Ուրեմն` Քրիստոսը որոշեց ծառայության դիրքով Հորից ցած մնալ, իսկ վիճակով` նույնը: Հովհ.1:18; 5:17,18; 10:29,30,33;
Քրիստոսը մարդանալով թողեց Հոր մոտ ունեցած իր դիրքը, սակայն հարությունից հետո, Հոր զորությամբ նստեց նրա աջ կողմը` հավիտենապես աստվածային փառավոր դիրքի մեջ: Հովհ.17:5; Եփ.1:20-22; Փլպ.2:5-11;
Մինչ ամեն ստեղծագործությունը, Քրիստոսը եղել է որպես Աստծո Որդի` ծնված և ոչ թե ստեղծված, Առակ.8:24,25; 30:4; ինչպես նաև ժամանակին նա մարդացավ էլ: Կող.1:15;
Նա ամեն արարածների սկիզբն է և ոչ թե առաջին արարվածը, այլ ամեն արարած նրանով է սկիզբ առել: Հայտ.3:14;

Բ.4. Հիսուս Քրիստոսի աստվածային որոշ անունները - Առակ.30:4;

ԱՆՎԱՆՈւՄՆԵՐ
ԵՀՈՎԱ
ՀԻՍՈւՍ
ԱՐԱՐԻՉ
Ծն.1:1;
Հովհ.1:1-3;
Հոբ.33:4;
Կող.1:15-17;
Ես.40:28;
Եբ.1:8-10;
ԱՌԱՋԻՆ
ԵՎ ՎԵՐՋԻՆ
Ես.41:4; 44:6;
Հայտ.1:17,18;
Ես.48:12;
Հայտ.2:8; 22:13;
ԵՍ ԵՄ
Ել.3:13,14;
Հովհ.8:24;
2Օր.32:39;
Հովհ.13:19;
Ես.43:10;
Հայտ.1:4;
ԴԱՏԱՎՈՐ
Ծն.18:25;
Հռ.14:10-12;
Սաղ.96:13;
2Կոր.5:10;
Հովել 3:12;
2Տիմ.4:1;
ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ
ԹԱԳԱՎՈՐ
Սաղ.145:13;
Ղուկ.1:32,33;
Երեմ.10:10;
1Տիմ.6:13-16;
Դան.6:26;
Եբ.1:8;
ԱՄԵՆՔԻ ՏԵՐ
Ես.61:11;
Հովհ.13:13;
Ես.63:16;
Գործք.10:36;
Երեմ.10:16;
Հռ.10:9-13;
ՓՐԿԻՉ
Սաղ.106:21;
Հովհ.4:42;
Ես.43:3,11;
Գործք.4:10-12;
Ես.45:21-23;
1Հովհ.4:14;
ԲԱՐԻ ՀՈՎԻՎ
Սաղ.23;
Հովհ.10:11;
Ես.40:11;
Եբ.13:20;
Եզեկ.34:15,16;
1Պետ.5:4;
ՃՇՄԱՐԻՏ ԱՍՏՎԱԾ
Ծն.2:8,9;
Ես.9:6;
2Օր.7:9;
Հովհ.20:28; Հռ.9:5;
Ես.45:21;
1Հովհ.5:20;
ՏԵՐԸ ՄԵՐ
ԱՐԴԱՐՈւԹՅՈւՆԸ
Ես.45:25;
Հռ.4:25;
Երեմ.23:6; 33:16;
1Կոր.1:30; Փլպ.3:9;
ԼՈւՅՍ
Սաղ.27:1;
Հովհ.1:9; 8:12;
Ես.60:20;
Հայտ.21:23;
ԿՅԱՆՔ
Սաղ.42:8;
Հովհ.11:25;
Երեմ.2:13;
Հովհ.14:6;

2. ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՇԽԱՐՀ ԳԱԼՈւ ՆՊԱՏԱԿԸ

Հիսուս Քրիստոսը առաջին անգամ աշխարհ եկավ, որ
Ա. Մարդկանց փրկի իրենց մեղքերից և մեղքի պատժից: Մտթ.1:21; 1Պետ.2:24;
Բ. Աստծուն ճանաչեցնի մարդկությանը և նրանց հաշտեցնի նրա հետ: Մտթ.11:27; Հովհ.17:3,26; 2Կոր.5:18,19; Կող.1:20;
Գ. Փրկվողներին հաստատի հավիտենական կյանքի և փառքի մեջ: Հովհ.3:16; 1Թսղ.2:12;
Նա երկրորդ անգամ էլ կգա: Այս մասին ավելի մանրամասն կուսումնասիրենք «Մեռելների հարություն» թեմայում:

Ամփոփում. Հիսուս Քրիստոսը Սուրբ Եռամիասնության մեկ անձն է` Աստծո միածին Որդին` նրա էությունից դուրս եկած, ոչ թե արարված:
Աստծուն հավասար լինելով չտարվեց այդ փառքով, այլ իր դիրքով ցածրացավ, իսկ վիճակով մնաց որպես ճշմարիտ և երկրպագություն ընդունող Աստված:
Եւ մեզ` կորսված մարդկանց Չարի իշխանությունից փրկելու և Աստծո Թագավորության մեջ դնելու նպատակով երկնքից եկավ աշխարհ` Սուրբ Հոգու զորությամբ, Աստծուն հավատարիմ կույս Մարիամից ծնվեց, կատարյալ մարդ եղավ` մարդկային բնություն և մարմին ստանալով, սակայն մեղք չգործեց, միևնույն ժամանակ մնալով կատարյալ Աստված մարմնի մեջ:
Եւ այդ մարմնում դատապարտեց մեր մեղանչական բնությունը և ողջ աշխարհի մեղքերի պատիժը իր վրա վերցնելով խաչի վրա մեռավ, թաղվեց և երրորդ օրը նույն մարմնով հարություն առավ: Երկինք համբարձվեց և Հայր Աստծո աջ կողմը նստեց: Հոր փառքով կվերադառնա և ողջերին ու մեռելներին հարությունից հետո կդատի իրենց գործերի համեմատ: Եւ նրա` արդեն իսկ սկսած Թագավորությանը վերջ չի լինի:

No comments:

Post a Comment