-Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց, որ ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա: Հովհ.3:16

ԴԱՍ - 7 - ՓՐԿՈւԹՅՈւՆ



Փրկությունը բոլոր ազգերի համար միայն մեկ միջոցով է ձեռք բերվում` Աստծո պատրաստած ճանապարհով:
Նոր Կտակարանում «փրկություն» բառը գործածված է երեք իմաստով.
ՓՐԿՎԵԼ ՄԱՐՄՆԱՎՈՐ ՀԻՎԱՆԴՈւԹՅՈւՆԻՑ. Մրկ.6:55,56;
- ՓՐԿՎԵԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈՐՁԱՆՔԻՑ. Սաղ.54:7; 2Կոր.1:8-11;
- ՓՐԿՎԵԼ ՄԵՂՔԻՑ ԵՎ ՆՐԱ ՀԵՏԵՎԱՆՔԻՑ.
Սակայն մենք ուսումնասիրելու ենք այս երրորդ բաժինը:

ՓՐԿՎԵԼ ՄԵՂՔԻՑ ԵՎ ՆՐԱ ՀԵՏԵՎԱՆՔԻՑ

Այս թեման կուսումնասիրենք երեք բաժիններով.
1. ՓՐԿՈւԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿԸ
2. ՓՐԿՈւԹՅԱՆ ԲՆՈւՅԹԸ
3. ԻՆՉՊԵ՞Ս Է ՄԱՐԴԸ ՍՏԱՆՈւՄ ՓՐԿՈւԹՅՈւՆԸ

1. ՓՐԿՈւԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿԸ

Այս բաժինը կուսումնասիրենք երկու ենթաբաժիններով.
Ա. ՓՐԿՈւԹՅՈւՆԸ ԱՍՏԾՈ ՍՈւՐԲ ԵՌԱՄԻԱՍՆՈւԹՅԱՆ ԳՈՐԾՆ Է. Հովհ.3:3,16; 2Կոր.13:13; Տիտ.3:4,5;

Բ. ՓՐԿՈւԹՅՈւՆԸ ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՆՁՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՐԾ Է
Այս գործը անմիջապես մեր Տեր Հիսուս Քրիստոսի անձով տեղի ունեցավ: Նա մարմին հագավ, չարչարվեց, մեռավ, թաղվեց և հարություն առավ: Ղուկ.2:11; Հովհ.14:6; 1Թսղ.5:9; 2Տիմ.1:9; Եբ.5:9; Առանց Տեր Հիսուս Քրիստոսի փրկություն չկա: Գործք.4:10-12;

2. ՓՐԿՈւԹՅԱՆ ԲՆՈւՅԹԸ

Այս բաժինն էլ կուսումնասիրենք չորս ենթաբաժիններով.
Ա. ՄԱՐԴՆ ԻՆՉԻ՞Ց Է ՓՐԿՎՈւՄ / ԱԶԱՏՎՈւՄ
Բ. ՄԱՐԴԸ ՓՐԿՎԵԼՈՎ Ի՞ՆՉ Է ՁԵՌՔ ԲԵՐՈւՄ
Գ. ՄԱՐԴՈւ ՓՐԿՈւԹՅԱՆ ՉԱՓՆ Ու ԺԱՄԱՆԱԿԸ
Դ. ՓՐԿՈւԹՅՈւՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ ԱՆԽՏԻՐ ԲՈԼՈՐԸ

Ա. ՄԱՐԴՆ ԻՆՉԻ՞Ց Է ՓՐԿՎՈւՄ / ԱԶԱՏՎՈւՄ
Մարդն ազատվում է մեղքից և նրա հետևանքից` Աստծո բարկությունից և դատաստանից, ինչպես նաև`Սատանայի իշխանությունից: Մտթ.1:21; Հովհ.3:17; Գործք.26:18; Հռ.5:9; 1Թսղ.1:10;
Նախ հիշենք, որ մեղքը դա անիրավություն և անօրինություն է: Աստված Քրիստոսով մեզ ազատում է անիրավություն և անօրինություն գործելուց և ամեն պատիժներից` ամեն անեծքներից, որոնք մեղքի պատճառով են, որպեսզի ազատ վիճակով իրեն ծառայենք: Փրկությունը Քրիստոսին հավատացող ամենքի համար է: Հռ.6:11-13; Գաղ.3:10-13;
Աստծո ծրագրի մեջ փրկությունը անցյալում, ներկայում և ապագայում ավարտված գործ է: 2Կոր.1:10,11;
Ա.1. Անցյալում կատարված գործ - մարդու փրկության համար Քրիստոսը անցյալում խաչվել է (փրկությունը պատրաստված է): Հռ.8:29,30; Եփ.2:5,6; 2Տիմ.1:9;
Բ.2. Ներկայում կատարվող ընթացք - Աստված նույն խաչի գործով հավատացողին ազատում է մեղքի իշխանությունից և հետևանքից: Հռ.6:12; 1Կոր.1:18;
Ա.3. Ապագային վերաբերվող նպատակակետ - Աստված ապագայում հավատացողին ազատելու է գալիք բարկությունից և մեղքի ներկայությունից: 1Թսղ.1:10; 1Պետ.1:5;

Բ. ՄԱՐԴԸ ՓՐԿՎԵԼՈՎ Ի՞ՆՉ Է ՁԵՌՔ ԲԵՐՈւՄ
Մարդը փրկվելով շնորհք է ձեռք բերում Աստծուն ծառայելու: Հռ.6:11-13;
Փրկությունը Քրիստոսով իր մեջ ունի հոգևոր բոլոր օրհնությունները, ինչը վերաբերվում է կյանքին և աստվածապաշտությանը: 1Կոր.1:30; Եփ.1:3,14;

Գ. ՄԱՐԴՈւ ՓՐԿՈւԹՅԱՆ ՉԱՓՆ Ու ԺԱՄԱՆԱԿԸ
Քանի որ մեղքը հասել է մարդու ողջ էությանը, դրա համար Աստծո փրկությունը իր մեջ է ընդգրկում մարդու ողջ էությունը հավիտենապես: 1Թսղ.5:23;
Եթե մեկը ընտրել է և կամենում է Աստծունը լինել Քրիստոսով ու նրա կամքը կատարել, այդ դեպքում Աստված մինչև վերջ կպահի նրան և կհասցնի իր վերջնական նպատակին, որովհետև փրկությունը իր վերջնական արդյունքով հավիտյան ապահով է: 1Թսղ.5:23,24; Եբ.5:9; 1Պետ.1:5;

Դ. ՓՐԿՈւԹՅՈւՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ ԱՆԽՏԻՐ ԲՈԼՈՐԸ
Անկախ ազգությունից և ցեղից` ամեն մարդ Աստծո համար թանկ է, որովհետև Աստծո պատկերով է ստեղծված, ուստիև Աստված փրկությունը պարգևում է ամենքին, ով հավատում է, թե Քրիստոսը իր մեղքերի համար մեռավ, թաղվեց և հարություն առավ, որ իրեն արդարացնի ու փրկի: Հովհ.3:16; 1Կոր.15:1-4; Հուդա.3; Հայտ.5:9;

3. ԻՆՉՊԵ՞Ս Է ՄԱՐԴԸ ՍՏԱՆՈւՄ ՓՐԿՈւԹՅՈւՆԸ

Այս բաժինը կուսումնասիրենք երեք ենթաբաժիններով.
Ա. ՍՈւՐԲ ԳՐԱՅԻՆ ՏԵՍԱԿԵՏ ՓՐԿՎԵԼՈւ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բ. ՍԽԱԼ ՏԵՍԱԿԵՏՆԵՐ ՓՐԿՎԵԼՈւ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Գ. ՀԻՆԿՏԱԿԱՐԱՆՅԱՆ ՄԱՐԴԻԿ ԻՆՉՊԵ՞Ս ՓՐԿՎԵՑԻՆ

Ա. ՍՈւՐԲ ԳՐԱՅԻՆ ՏԵՍԱԿԵՏ ՓՐԿՎԵԼՈւ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մեղքից և նրա հետևանքից փրկվելը մեծ գին է պահանջում, և ոչ մի արարած չի կարող վճարել այդ գինը, որպեսզի մարդը հավիտենական դատապարտությունից ազատվի: Սաղ.49:7-9; Այդ գինը ո´չ գործերով կարող են հատուցել, ո´չ հարստությունով և ո´չ մի ուրիշ արժեքներով: Եփ.2:8; Մեղքից, չարից` խավարից, փրկությունը Աստծո ձրի պարգևն է` իր սիրուց ու գթությունից եղնելով: Իսկ մարդուց սա է պահանջվում, որ նա հավատա Աստծո փրկարար գործին և ապաշխարությամբ Հիսուս Քրիստոսին ընտրի իրեն Տեր և Փրկիչ: Փրկությունը Տեր Հիսուս Քրիստոսի անձով կատարվեց ամեն ազգերի համար և այն մեզ հասավ Ավետարանով: Գործք.26:18; Հռ.1:16; 2Տիմ.3:15; Հակ.1:21;

Բ. ՍԽԱԼ ՏԵՍԱԿԵՏՆԵՐ ՓՐԿՎԵԼՈւ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Աշխարհում տարբեր գաղափարներ կան փրկվելու շուրջ: Ուստի մենք ներկայացնենք այդ սխալ գաղափարներից մի քանիսը, որոնք կարող են մարդուն մեծ կործանման հասցնել:

Բ.1. Փրկությունը միայն Աստծո հետ է կապվում` անտեսվում է մարդու կամքն ու ընտրությունը. - Այս տեսակետը սխալ է, որովհետև Աստված երբեք չի անտեսում մարդու կամքն ու ընտրությունը: Աստված իր ողորմության և շնորհի համեմատ մարդուն տալիս է կամենալու և ընտրելու կարողություն, սակայն մարդը պետք է հոժարվի Աստծո տվածը վերցնելու: Մարդը պետք է իր կամեցողությունը տա Աստծո տված կամեցողությանն ու ընտրությանը, այլապես մարդը Աստծո առջև պատասխանատվություն չէր ունենա:Գործք.11:18; 16:13-15; 2Կոր.3:5; Նշված համարներից երևում է, որ մարդիկ իրենց կամքը տվեցին Աստծուն: Եւ եթե մարդը ճիշտ չգործածի իր ստացած կարողությունը, ապա պատասխանատվության առջև պիտի կանգնի:

Բ.2. Ոմանք Օրենքի համեմատ բարեգործություններ անելով են կամենում փրկվել. - Այս տեսակետն էլ սխալ է, որովհետև ոչ մի մարդ չի կարող Օրենքի պահանջը ամբողջովին կատարել և փրկվել: Գաղ.3:21,22;Օրենքը սուրբ է և բարի, սակայն այն չի փրկում, այլ Օրենքով բացահայտվում է մարդու անկարող, մեղավոր և կորսված լինելը և մարդուն ուղղում է դեպի Քրիստոս:

Բ.3. Ոմանք էլ կարծում են, թե եկեղեցական խորհուրդներով և ծիսակատարություններով կարելի է փրկել. - Փրկվելու համար սրանք նույնպես արժեքներ չեն, այլ արժեքը Տեր Հիսուս Քրիստոսի անձն ու արյունն է: Խորհուրդները հիշեցնում են ճշմարտության մասին, սակայն չեն փրկում: Կող.2:16;

Բ.4. Ոմանք ընդունում են, թե միջավայրի միջոցով կարելի է փրկվել. - մտածելով` եթե մեկը ծնվել և մեծացել է հոգևոր միջավայրում, կունենա փրկություն: Սակայն Սուրբ Գիրքը այդ տեսակետն էլ մերժում է, որովհետև փրկության համար Աստված հաշվի է առնում ամեն մարդու անձնական ընտրությունը և ապաշխարությունը: Հովհ.1:11-13; 1Պետ.1:23;

Գ. ՀԻՆԿՏԱԿԱՐԱՆՅԱՆ ՄԱՐԴԻԿ ԻՆՉՊԵ՞Ս ՓՐԿՎԵՑԻՆ
Հինկտակարանյան մարդիկ փրկությունը ստանում էին հավատալով ապագայում խոստացված Աստծո գործին, իսկ մենք անցյալում կատարված Աստծո գործին ենք հավատում և փրկվում: Մեր և նրանց տարբերությունը ժամանակի մեջ է, իսկ միջոցը հավատքն է նույն գործի հանդեպ: Մենք այժմ ասում ենք «Իմ փրկությունը Տերն է», 1Կոր.1:30; նրանք էլ էին ասում «Իմ փրկությունը Տերն է»: Սաղ.27:1;
Այո´, քանի որ Աստծո փրկությունը մարդը հավատքով է ստանում, ուրեմն` թե´ նրանք և թե´ մենք նույն ձևով ենք փրկվում` հավատքով, իսկ հավատքը հիմնված է փրկության համար եղած Աստծո խոստումին, անկախ նրանից, թե այդ խոստումը ժամանակի որ հատվածին է վերաբերվում: Սակայն կարելի է ասել, որ, նրանց հետ համեմատած, մենք փրկության վերաբերյալ ավելի շատ ինֆորմացիա ունենք: Բայց և այնպես փրկությունը նույնն է ամենքի համար` հավատքով: Հովհ.3:16; Եփ.2:8; Եբ.11:39,40;

Ամփոփում. Փրկությունը Աստծո Սուրբ Եռամիասնության գործն է, որը կատարվեց Հիսուս Քրիստոսի անձով: Եւ Աստված այն ձրի է պարգևում այն մարդուն, ով հավատում է, թե Հիսուս Քրիստոսը մեռավ իր մեղքերի համար և հարություն առավ: Եւ այդ հավատքով ապաշխարողը փրկվում է մեղքից և դրա հետևանքից, ինչպես նաև Սատանայի իշխանությունից փոխադրվում է Աստծո իշխանության տակ:

Փրկությանը վերաբերվող մանրամասնություններն ընդգրկված են հետևյալ վարդապետություններում.

1. ՇՆՈՐՀՔ                                        6. ԱՐԴԱՐԱՑՈւՄ
2. ԿԱՆՉ                                            7. ՈՐԴԵԳՐՈւԹՅՈւՆ
3. ԱՊԱՇԽԱՐՈւԹՅՈւՆ                  8. ՍՐԲԱՑՈւՄ
4. ՀԱՎԱՏՔ                                       9. ՓԱՌԱՎՈՐՈւՄ
5. ՎԵՐՍՏԻՆ ԾՆՈւՆԴ                 10. ՔՐԻՍՏՈՍԻ ՀԵՏ ՄԵԿԱՑՈւՄ

No comments:

Post a Comment