-Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց, որ ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա: Հովհ.3:16

ԴԱՍ - 15 - ՍՐԲԱՑՈւՄ


Այս թեման կուսումնասիրենք երեք բաժիններով.
1. Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈւՄ ՍՐԲԱՑՈւՄ
2. ՍՐԲԱՑՄԱՆ ՀԵՂԻՆԱԿԸ
3. ԻՆՉՊԵ՞Ս Է ԿԱՏԱՐՎՈւՄ ՍՐԲԱՑՈւՄԸ

1. Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈւՄ ՍՐԲԱՑՈւՄ

Սուրբ Գրքում սուրբ կամ սրբացում արտահայտությունը երկու իմաստ ունի.
Ա. ՍՈւՐԲ ԴԻՐՔ
Բ. ՍՈւՐԲ ՎԻՃԱԿ

Ա. ՍՈւՐԲ ԴԻՐՔ
ՙՍուրբ՚ կամ ՙսրբացում՚ բառի գործածությունը դիրքի իմաստով նշանակում է որևէ բան զատել, առանձնացնել` Աստծուն պատկանելու համար: Օրինակ` առարկա, կենդանիներ, անձինք, օրեր, գումար, քաղաք: Ծն.2:3; Ղվտ.27:28-33;
Սրբացման գաղափարը Նոր Կտակարանում էլ պահպանվում է:
Եթե Տեր Հիսուս Քրիստոսը սուրբ դիրքում չկանգներ, ապա մարդու սրբացումը անհնար կլիներ: Նա իր անձը առանձնացրեց Աստծո համար` սուրբ վիճակի մեջ մնալով, և դարձավ միակ Սուրբ Զոհը: Հարությունից հետո զատվեց` սուրբ դիրքի մեջ կանգնեց և մեզ համար սրբանալու լայն հնարավորություն և մեծ կարողություն պատրաստեց: Հովհ.17:19; 1Կոր.1:30; Եբ.7:26,28; 10:12,14;
Քրիստոսին հավատացողների սրբացումը, դիրքի իմաստով, ավարտված և կատարյալ գործ է` ընթացք չէ, այսինքն հավատացյալի դիրքը Աստծո առջև հաստատված գործ է, նրանք Աստծո համար առանձնացված, ընտրված մարդիկ և ժողովուրդ են: Եբ.10:10,14; 1Պետ.2:9; Այս պատճառով էլ հավատացյալները կոչվում են սուրբեր:
Սուրբ դիրքը այն հիմքն է, առանց որի հնարավոր չէ հավատացողը սուրբ վիճակի մեջ աճի:

Բ. ՍՈւՐԲ ՎԻՃԱԿ
ՙՍրբացում՚ բառի գործածությունը, վիճակի իմաստով, նշանակում է չարությունից, մեղքից զատվել` մաքուր լինելու համար: Եզեկ.37:23; 1Թսղ.4:3-5; Եւ վիճակի իմաստով սրբացումը, ի տարբերություն դիրքի, կատարյալ և ավարտված չէ, այլ ընթացք է, որի ժամանակ մարդը սրբության մեջ աճելով գնում է դեպի կատարելություն, որ այդպես ցույց տա իր հաստատուն ընտրությունը: 2Կոր.6:17,18; 1Պետ.1:14-16; 2Պետ.1:5-7; Հայտ.22:11;

2. ՍՐԲԱՑՄԱՆ ՀԵՂԻՆԱԿԸ

Սրբացման հեղինակը Աստված է` Սուրբ Եռամիասնությունը.
• Աստված Հայրը. Հովհ.17:17; Հռ.1:7; 9:23-26;
• Աստված Որդին. Հովհ.17:19; 1Կոր.1:2;
• Աստված Սուրբ Հոգին. 1Պետ.1:2,22;
Աստված այս գործը չի տվել հրեշտակի կամ ուրիշ մեկի, որովհետև միայն ինքն է սրբողը: Ղվտ.20:8; Մրկ.2:7; 1Թսղ.5:23,24;

3. ԻՆՉՊԵ՞Ս Է ԿԱՏԱՐՎՈւՄ ՍՐԲԱՑՈւՄԸ

Սրբացումը Աստծո գործն է` հիմնված Տեր Հիսուս Քրիստոսի խաչի մահվան և հարության վրա, որով հավատացյալը սրբվում է իր մեղքերից և ազատվում մեղքի իշխանությունից` կարողանալով ապրել սուրբ կյանք: Այո´, միջոցը մեր Տեր Հիսուս Քրիստոսի անձով կատարված գործն է` Ավետարանով հայտնված, որի հիման վրա այժմ էլ Աստված իրագործում է այդ սրբացումը: Հովհ.17:17; Գործք.26:18; Կող.1:12,13; Եւ ամեն ազգերի համար սրբացման միայն մեկ ճանապարհ կա, ոչ թե տարբեր ազգերի համար տարբեր ճանապարհներ, որովհետև Աստված մեկ է, և միջնորդը` մեկ: 1Տիմ.2:5;
Մարդու կողմից սրբացումը ընդունելու միջոցը հավատքն է. ոչ թե այն հավատքը, որի մեջ լոկ հավանություն կա, այլ այն, որի մեջ ընդունելություն և ընտրություն կա: Գործք.15:9; 26:18;
Երբ մարդը հավատում է` ընդունում և ընտրում է Տեր Հիսուս Քրիստոսին, Աստված այդպիսի հավատացողին դնում է կատարյալ սուրբ դիրքի մեջ և սուրբ վիճակի մեջ գնալու ճանապարհին (սուրբ դիրքի հիման վրա), ու տալիս է կարողություն, որպեսզի նա սուրբ վիճակի մեջ աճելով գնա դեպի կատարելություն: Եփ.2:6; Կող.3:3; Ամեն վիճակի մեջ մարդը պետք է Տիրոջ կամքը ընտրելով հնազանդվի ճշմարտությանը: Հռ.12:1,2; 2Կոր.6:17,18; Գաղ.5:24; Կող.1:22,23; 1Պետ.1:22; Եւ եթե հավատացյալը ամեն հարցում չընտրի Աստծո կամքը` չհնազանդվի Ավետարանին չի կարող սուրբ վիճակի մեջ աճել, հետևաբար նա կկորցնի իր ստացած սուրբ դիրքը և կհայտնվի Աստծո բարկության և դատաստանի տակ: Հովհ.3:36; 2Թսղ.1:8; Եբ.10:26,27;
Սուրբ վիճակի մեջ աճելու համար մարդու սրտում հավատքը միշտ առկա պիտի լինի. նա պետք է հավատա, որ Տերը իր խաչով իրեն ազատել է ամեն անիրավությունից, հետևաբար` նա կարող է ապրել նոր կյանքով: 2Տիմ.4:18;

Ծանոթություն. Հին Ուխտում, Օրենքի համաձայն կենդանիներ կային, որոնք կերակրի համար մաքուր և սուրբ էին համարվում, բայց կային կենդանիներ, որոնք որ ի բնե անմաքուր էին համարվում: Իսկ Տեր Հիսուսի Ավետարանի համեմատ ամեն տեսակ կերակուրները մաքուր են, սակայն մարդկանց չար մտքերն ու արարքներն են պիղծ: Մրկ.7:19; Տիտ.1:15;

Ամփոփում. Սրբացումը Աստծո գործն է, որը հիմնված է Հիսուս Քրիստոսի մահվան, հարության և Աստծո աջում լինելու վրա: Որով Հիսուս Քրիստոսին դարձած մարդը դրվում է սուրբ դիրքում՝ Աստծուն պատկանելու համար: Եւ այդ դիրքի պատճառով հավատացողը հնարավորություն է ստանում սուրբ վիճակում աճելու՝ մեղքից ազատ կյանք ապրելու:

No comments:

Post a Comment