-Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց, որ ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա: Հովհ.3:16

ԴԱՍ - 18 - ՕՐՀՆՈւԹՅՈւՆ ԵՎ ԱՆԵԾՔ


Այս թեման կուսումնասիրենք չորս բաժիններով.
1. Ի՞ՆՉ Է ՕՐՀՆՈւԹՅՈւՆԸ ԵՎ Ի՞ՆՉ Է ԱՆԵԾՔԸ
2. ԻՆՉՊԵ՞Ս Է ՄԱՐԴԸ ՕՐՀՆՈւԹՅՈւՆ ՍՏԱՆՈւՄ
3. ԻՆՉՊԵ՞Ս Է ՄԱՐԴԸ ՀԱՅՏՆՎՈւՄ ԱՆԵԾՔԻ ՏԱԿ
4. ԻՆՉՊԵ՞Ս Է ՄԱՐԴԸ ԱԶԱՏՎՈւՄ ԱՆԵԾՔԻՑ

1. Ի՞ՆՉ Է ՕՐՀՆՈւԹՅՈւՆԸ ԵՎ Ի՞ՆՉ Է ԱՆԵԾՔԸ

Պարզաբանենք, թե ի՞նչ է նշանակում օրհնություն և ի՞նչը` անեծք:
Օրհնություն նշանակում է բարիք, իսկ օրհնել կամ օրհնվել նշանակում է բարիք տալ կամ ստանալ:Առակ.10:22; 2Կոր.9:5; Օրհնություն ստանալը վարձք ստանալ չէ, այլ ձրի պարգև ստանալ է, այսինքն օրհնությունը ձրի պարգև է (ի տարբերություն վարձքի, որը աշխատանքի դիմաց է տրվում): Ծն.24:35,36; 26:12-14; Սաղ.37:22; Նշված սուրբ գրային հատվածներից երևում է, որ օրհնություն լինելուց փաստացի մի բարիք տրվում է:
Անեծք նշանակում է չարիք, զրկանք, իսկ անիծել կամ անիծվել նշանակում է զրկել (վնասել) կամ զրկվել (վնասվել): 2Օր.28; Մաղ.2:2; Մտթ.15:4,5;
Մրկ.7:10-12-ում Տեր Հիսուսը խոսում է այն մասին, որ փարիսեցիներն ու դպիրները զրկանք են արել`անիծել են իրենց ծնողներին` նրանց բաժինը Աստծուն զոհ մատուցելով, որը մերժվում է: Սակայն Տերը խոսում է այն մասին, որ չպետք է ծնողներին անիծել` զրկանք տալ նրանց և նրանց հաշվին Աստծուն զոհ մատուցել, այլ ծնողի բաժինը ծնողին տալ, իսկ Աստծո բաժինը` Աստծուն: Ել.21:17;
Այսպիսով, Օրհնություն նշանակում է բարիք` նվեր, ընծա կամ օգնություն, իսկ Անեծք նշանակում է չարիք`զրկանք կամ վնաս: Նաև պատահում է, որ Աստված մարդուն զրկում է որևէ բանից ոչ թե վնաս հասցնելու նպատակով, այլ վնասից` չարիքից փրկելու համար: Եւ այս տեսակ զրկանքը անեծք չէ: Հռ.8:28; Եբ.12:5-11;

2. ԻՆՉՊԵ՞Ս Է ՄԱՐԴԸ ՕՐՀՆՈւԹՅՈւՆ ՍՏԱՆՈւՄ

Այս բաժինը կուսումնասիրենք չորս ենթաբաժիններով.
Ա. ԱՍՏԾՈ ՕՐՀՆՈւԹՅՈւՆԸ` ԱՆԿԱԽ ՄԱՐԴՈւՑ
Բ. ՄԱՐԴԸ ՕՐՀՆՈւԹՅՈւՆ ՍՏԱՆՈւՄ Է ՀԱՎԱՏՔՈՎ
Գ. ՄԱՐԴԸ ՕՐՀՆՈւԹՅՈւՆ ՍՏԱՆՈւՄ Է ՀԱՎԱՏՔԻ ԳՈՐԾԵՐՈՎ
Դ. ԺԱՌԱՆԳԱԲԱՐ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՕՐՀՆՈւԹՅՈւՆ

Ա. ԱՍՏԾՈ ՕՐՀՆՈւԹՅՈւՆԸ` ԱՆԿԱԽ ՄԱՐԴՈւՑ
Իրականում Աստված օրհնել է բոլոր ազգերին, ամեն մարդկանց, անկախ իրենց ով լինելուց: Աստծո օրհնությունը տրվում է նրա սիրող և բարի լինելու պատճառով: Երկիրը, արևը, լուսինը, ջրերը, մարդու ունակությունները և ամեն բերք ու բարիք Աստված ձրի է շնորհել մարդկանց: Սաղ.145:9; Մտթ.5:45;
Հարկ է նշել, որ նշված օրհնությունները մարդուն հավիտյան չի տրվում, որովհետև դրանք նախատեսված են միայն երկրավոր կյանքի համար: Նաև կան հոգևոր օրհնություններ, որ Աստված տալիս է ամեն մարդկանց անկախ իրենցից:  Որոնցից են սերը, հավատքը, գութը և հոգևոր տարբեր զգացողությունները, ինչպես նաև ինքնագիտակցությունը, որով մարդը կանգնում է ընտրության առջև: Եւ եթե  մարդը ընտրի Աստծուն, ապա իր ընտրության համաձայն Աստված կշարունակի նրան օրհնել հոգևոր մյուս օրհնություններով, իսկ եթե նա չընտրի Աստծուն, այդ դեպքում Աստված չի շարունակի հոգևոր օրհնությունը: Գործք.17:24-28;

Բ. ՄԱՐԴԸ ՕՐՀՆՈւԹՅՈւՆ ՍՏԱՆՈւՄ Է ՀԱՎԱՏՔՈՎ
Օրհնություն ստանալու ամենամեծ միջոցը հավատքն է առ Աստված, որովհետև հավատալ է պետք Աստծո խոստումներին, որպեսզի Աստված էլ տա իր պատրաստած օրհնությունները: 4Թագ.4:1-7; Մտթ.9:28-30; Մրկ.9:21,22;
Թեև մարդը հավատքով այս երկրավոր կյանքի համար ստանում է օրհնություններ (օրինակ` օրվա կարիքները, բժշկություն և տարբեր օգնություններ), սակայն Աստծուց նախատեսված է, որ մենք իրենից Քրիստոսի հանդեպ եղած հավատքով հավիտենական օրհնություններ ստանանք, որոնցից են` փրկությունը, վերստին ծնունդը, արդարացումը, հավիտենական կյանքը, ժառանգությունը և այլն: Հովհ.5:24; 1Կոր.15:19; Եփ.2:8;

Գ. ՄԱՐԴԸ ՕՐՀՆՈւԹՅՈւՆ ՍՏԱՆՈւՄ Է ՀԱՎԱՏՔԻ ԳՈՐԾԵՐՈՎ
Մարդու կյանքում օրհնությունը կմնա և կշարունակվի ավելանալ, եթե նա հավատքով ստացած օրհնությունը գործածի, այսինքն հավատքի գործեր ունենա` հնազանդվի Տիրոջ պատվիրաններին: Ծն.12:3; 1Պետ.3:9;
Մարդը հնազանդվում է Տիրոջ դրած օրհնության կանոնին և ստանում օրհնություն: 3Թագ.17:8-16; Մտթ.5:7; 25:31-40; Ղուկ.6:38; 2Կոր.9:6,10;
Մարդը կարող է ոչ միայն օրհնվել Աստծուց, այլ նաև ինքն օրհնել Տիրոջը թե´ նյութապես, թե´ սրտից բխած անկեղծ գոհության խոսքերով: Սաղ.100:4; Եբ.13:15;
Մարդկանց ևս կարող ենք օրհնություն տալ թե´ նյութապես և թե´ խոսքով` հավատալով, որ Տիրոջ խոսքի համաձայն մեր խոսքով օրհնություն պետք է լինի օրհնվողի կյանքում: Ծն.27:33-36; Թվ.6:23-26;
Թեև մենք նայեցինք, որ մարդը օրհնություն է ստանում և ինքն էլ կարող է օրհնել, սակայն պետք է միշտ ուշադրություն դարձնել, որ առաջին և վերջին օրհնություն տվողը Տերն է, որ առատությամբ տալիս է թե´հավատքի պատճառով և թե´ հնազանդության: Եփ.1:3; Հակ.1:16,17; Սակայն մեր ամենամեծ օրհնությունը ինքն Աստված է: Հռ.8:15,32; 1Կոր.1:30,31;

Դ. ԺԱՌԱՆԳԱԲԱՐ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՕՐՀՆՈւԹՅՈւՆ
Սուրբ Գիրքը ցույց է տալիս նաև մի իրականություն, որ օրհնությունը փոխանցվում է սերունդներին իրենց հայրերի պատճառով: Ծն.22:16-18; Ել.20:6;

3. ԻՆՉՊԵ՞Ս Է ՄԱՐԴԸ ՀԱՅՏՆՎՈւՄ ԱՆԵԾՔԻ ՏԱԿ

Նախ հիշենք` անեծք նշանակում է չարիք, զրկանք կամ վնաս: Եթե մեկը ուրիշին զրկանք է տալիս, նա վնասում` անիծում է նրան: Կամ եթե մեկը ցանկանում է, որ որևէ մեկը վնաս քաշի, նա գործնականում ցանկությամբ անիծում է դիմացինին (իսկ Տիրոջ մոտ ցանկությունը դիտվում է որպես գործ):
Մարդը հետևյալ չորս պատճառներով կարող է հայտնվել անեծքի տակ.
Ա. ԱՆԵԾՔ ՏԻՐՈՋ ԽՈՍՏՈւՄՆԵՐԻՆ ՉՀԱՎԱՏԱԼՈւ ՊԱՏՃԱՌՈՎ
Բ. ԱՆԵԾՔ  ՏԻՐՈՋ ԻՐԱՎՈւՆՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈւ ՊԱՏՃԱՌՈՎ
Գ. ԱՆԵԾՔ Ի ԾՆԵ`  ԺԱՌԱՆԳՈւԹՅԱՄԲ
Դ. ԱՆԵԾՔ  ԱՆԿԱԽ ՄԱՐԴՈւՑ

Ա. ԱՆԵԾՔ ՏԻՐՈՋ ԽՈՍՏՈւՄՆԵՐԻՆ ՉՀԱՎԱՏԱԼՈւ ՊԱՏՃԱՌՈՎ
Տերը իր խոսքով խոստումներ է տվել, որոնց հավատալով մարդը Աստծուց վերցնում է խոստացվածը, իսկ չհավատալու պատճառով մարդը կորցնում է այն, ինչը Աստված ուզում էր իրեն տալ որպես օրհնություն:4Թագ.7:1,2,16-20;
Ինչպես նաև Քրիստոսի անձով Աստված ամեն մարդկանց համար պատրաստել է փրկություն և հավիտենական կյանք, սակայն ովքեր որ չեն հավատում այս ավետիքին, նրանք իրենք են իրենց դնում անեծքի տակ, այսինքն նրանք զրկվում են փրկությունից և հավիտենական կյանքից ու գնում են դեպի հավիտենական անեծքի տանջանք:

Բ. ԱՆԵԾՔ  ՏԻՐՈՋ ԻՐԱՎՈւՆՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈւ ՊԱՏՃԱՌՈՎ
Տերը իր խոսքով մարդկանց առաջ կարգ-կանոն և պատվիրաններ է դրել, որպեսզի նրանք իրավունքի սահմանները չխախտեն ու չվնասվեն: Մարդը, իրավունքի սահմանները խախտելու դեպքում, կանգնելու է պատժի առջև և իր արածների համար զրկանք ու վնաս պետք է քաշի` անիծվի: Ծն.3:17-19; Ես.24:5,6; Հռ.3:23; Գաղ.3:10;
Չհավատալու պատճառով մարդը նաև չի հնազանդվում Աստծո այն պատվիրաններին, որոնցով պետք է մղվեր բարեգործության, որպեսզի օրհնվեր: Աստծուն չհավատացողը չի կարող նրա պատվիրանին հնազանդվել: Մտթ.25:41-46;
Կարող ես ասել. ՙԵս եմ ունեցվածքիս տերը. իրավունք ունեմ դրանից տալու և չտալու՚: Սակայն Աստվածաշունչը բացահայտում է հետևյալ իրականությունը, որ մարդու ստացվածքի մեջ բաժին ունի թե´ իր Արարիչը և թե´ իրեն շրջապատող մարդկանցից ոմանք (օրինակ` ծնողները, երեխաները, քույր-եղբայրները): Ուստի օրհնություն չտալով մարդը խախտում է իրավունքը, որովհետև իրեն է պահում ուրիշի ունեցվածքը (նա նման է մի փոստատարի, որը ուրիշի նամակները և հասանելիք գումարը իրեն է պահում):2Օր.26:12-15; Մտթ.15:4,5; Ղուկ.16:11,12; 20:25; Հռ.13:7,8;
Այս աշխարհում մարդը ունենում է դժվարություններ և հիվանդություններ: Շատ հիվանդություններ դեղամիջոցներով բուժվում են: Բայց եթե մարդը մեղքի պատճառով է անիծվում` զրկվում առողջությունից կամ որևէ չարիքի է հանդիպում, այդ դեպքում մարդկային ոչ մի միջոց չի կարող օգնել նրան: Սուրբ Գիրքն ասում է. ՙԻնչ որ սերմես, այն էլ կհնձես՚: Ծն.12:3; Գաղ.6:8; Ինչպես այն առաջին օձիը` Սատանան, որը զրկանք տալով մարդուն` անեծք բերեց մարդու վրա և իր արարքի պատճառով հենց առաջինը ինքը անիծվեց: Ծն.3:14; Հայտ.12:9; Նույնպես էլ այն մարդիկ զրկանք կկրեն՝ Աստծուց կանիծվեն, ովքեր ուրիշներին են զրկանք պատճառում: Սաղ.109:17; 2Կոր.5:10;

Գ. ԱՆԵԾՔ Ի ԾՆԵ`  ԺԱՌԱՆԳՈւԹՅԱՄԲ
Մարդը ի ծնե հայտնվում է անեծքի տակ Ադամի մեղքի պատճառով: Մեղանչելով Ադամը իր և իր սերունդի վրա անեծք բերեց: Ծն.3:17-19; Հռ.5:12;
Վերը նշված պատճառից բացի անեծքը մարդու վրա գալիս է նաև իր հայրերի և պապերի  գործած մեղքերի պատճառով: Ել.20:5; 4Թագ.5:27;

Դ. ԱՆԵԾՔ  ԱՆԿԱԽ ՄԱՐԴՈւՑ
Վերը նշված պատճառներից բացի մարդը զրկանք է կրում նաև իրեն շրջապատող չար մարդկանց և չար հրեշտակների կողմից: Առանց պատճառի Չարը հարձակում է գործում մարդու վրա, որպեսզի այդ միջոցով ստիպի նրան, որ նա նեղության մեջ մեղանչի: Սակայն երբ մարդը ընտրում է Աստծուն, Աստված ազատում է նրան Չարի հարձակումից: Հոբ.2:7; 42:10; Ղուկ.13:11-16; 2Կոր.11:26;

4. ԻՆՉՊԵ՞Ս Է ՄԱՐԴԸ ԱԶԱՏՎՈւՄ ԱՆԵԾՔԻՑ

Երբ մենք խոսեցինք օրհնության և անեծքի մասին (թե օրհնողը կօրհնվի և անիծողը կանիծվի), դա չի նշանակում, որ մենք մեր գործերով կարող ենք ազատվել հավիտենական անեծքից և ժառանգել հավիտենական օրհնություն: Անեծքից ազատվելու միակ միջոցը Տեր Հիսուս Քրիստոսի խաչի գործն է:Գաղ.3:13,14;
Տերը պատրաստեց անեծքից դուրս գալու հնարավորությունը և մարդու առջև դրեց օրհնության ճանապարհը` իր անձով: Մեղանչողը պետք է զղջումով Աստծուն խոստովանի իր մեղքը և, Տիրոջ խաչի գործին հավատալով, ազատվի անեծքից: Սակայն անեծքից փրկված լինելով մարդը պետք է զգուշանա, որ նորից չընկնի անեծքի տակ: Եւ պետք է ինքը ուրիշի հետ վարվի այնպես, ինչպես Տերը վարվեց իր հետ` ներելով, սիրելով, համբերելով, բարիք անելով, իսկ եթե ոչ, ապա կկորցնի այն ամեն օրհնությունները, որոնք ստացել է:
Մտթ.6:14,15; 18:23-35; Այս հատվածում Տերը չի խոսում այն մասին, թե մարդը իր գործերով ներում է գտնելու: Ոչ´, այլ Տերը արդեն իսկ ներվածների հետ է խոսում: Ինչպես առակն է ասում` տանուտերը իր ծառային ներել էր իր պարտքը, և նա էլ պետք է հետևեր իր տիրոջ օրինակին. հակառակ դեպքում`կկորցներ ստացած օրհնությունը: Ուստի մենք պարտավոր ենք Տիրոջից ստացած կարողությամբ քայլել օրհնության ճանապարհով, որպեսզի ստանանք ամբողջ օրհնությունը թե´ հավատքով և թե´ գործերով: Ուրեմն` Տերը իրեն հավատացողին ազատել է անեծքից և դրել է օրհնության ճանապարհին: Բայց դա չի նշանակում, որ հավատացյալը երբեք չի հանդիպելու զրկանքի` անեծքի: Հավատացյալը ազատվում է Աստծո անեծքից, սակայն աշխարհից կունենա նեղություն և զրկանք, որը ժամանակավոր է և ոչ թե հավիտյան: Սաղ.125:3; Հովհ.16:33;
Հարկ է նշել, որ անիծողները` զրկանք տվողները, չեն մտնելու Երկնքի Արքայություն: 1Կոր.6:9,10;

Ամփոփում. Օրհնություն նշանակում է բարիք` նվեր, ընծա կամ օգնություն, իսկ անեծք նշանակում է չարիք` զրկանք կամ վնաս:

No comments:

Post a Comment