-Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց, որ ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա: Հովհ.3:16

ԴԱՍ - 16 - ՓԱՌԱՎՈՐՈւՄ


Այս թեման կուսումնասիրենք չորս բաժիններով.
1. Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈւՄ ՓԱՌԱՎՈՐՈւՄ
2. ԱՍՏԾՈ ԾՐԱԳԻՐԸ` ԿԱՊՎԱԾ ՄԱՐԴՈւ ՓԱՌԱՎՈՐՄԱՆ ՀԵՏ
3. ՓԱՌԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՈւՆՈւՄԸ ՄԱՐԴՈւ ԿՈՂՄԻՑ
4. ՓԱՌԱՎՈՐՄԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՈւԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԸ

1. Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈւՄ ՓԱՌԱՎՈՐՈւՄ

Նախ պարզենք ՙփառք՚ կամ ՙփառավոր՚ արտահայտության իմաստը: Եթե որևէ մարդու համար ասվում է, թե նա փառք ունի կամ փառավոր է, սա նշանակում է, որ այդ մարդը փառավոր դիրքի կամ վիճակի մեջ է: Օրինակ` նա փառավոր դիրքի մեջ է` թագավոր է, անվանի է, որևէ իշխանության տեր է, որևէ երկրի պատվավոր քաղաքացի է և այլն: Իսկ փառավոր վիճակ նշանակում է` ունենալ առողջություն, գեղեցկություն, հարստություն, հզորություն, իմաստություն, պատիվ, կարողություն, սրբություն և ինչ որ սրանց նման են: Իսկ փառավորում նշանակում է փառավոր վիճակի կամ դիրքի հասնել:

2. ԱՍՏԾՈ ԾՐԱԳԻՐԸ` ԿԱՊՎԱԾ ՄԱՐԴՈւ ՓԱՌԱՎՈՐՄԱՆ ՀԵՏ

Արդյո՞ք Աստված ուզում է մարդուն փառավորել` փառքի հասցնել: Այո´, Աստված Ավետարանով մեզ կանչել է Տեր Հիսուս Քրիստոսի փառքը ստանալու: Ես.43:7; Հովհ.17:22; 2Թսղ.2:13;
Հենց արարչագործության պատմությունն էլ ցույց է տալիս, որ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով և իր նմանությամբ, որպեսզի մարդու միջոցով ցույց տա իր փառքը` իշխանությունը, զորությունը, իմաստությունը, պատիվը, կարողությունը և ամեն փառավոր կողմերը:
Մարդն ինքն էլ է փափագում փառքի հասնել, սակայն իր միջոցներով, մերժելով Աստծո տված փառքը և այդ փառքին հասնելու միջոցները: Բայց Սուրբ Գիրքը մարդու փառքը նմանեցնում է խոտի ծաղկի հետ, որը փուչ է, և մարդկանց հրավիրում է Աստծո փառքին, որը ճշմարիտ է, մնայուն է և հավիտյան: Հովհ.5:44; 8:54; 1Պետ.1:24;

3. ՓԱՐԱՎՈՐՄԱՆ ԸՆԴՈւՆՈւՄԸ ՄԱՐԴՈւ ԿՈՂՄԻՑ

Թեև Աստված մարդուն ստեղծել է իր փառքի համար, սակայն մարդը մեղանչելով պակասեց, այսինքն չհասավ այդ փառքին, որը Աստված նախատեսել էր նրա համար: Հռ.3:23; Բայց Աստված Քրիստոս Հիսուսով վերականգնեց այդ հնարավորությունը: Փառքին հասնելու համար մարդուն պետք է Քրիստոսին հավատալ, որովհետև փառքը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր Քրիստոսին հավատալով ունենում են վերստին ծնունդ և որդեգրություն: Հռ.8:17;
Ամեն մարդու վրա Աստծուն փառավորող բազմաթիվ կողմեր կարող են լինել, և այդ կողմերն ու արտահայտությունները տարբեր մարդկանց մոտ կարող են տարբեր կերպ արտահայտվել: Օրինակ` մեկի մոտ կարող է երևալ աստվածային իմաստությունը, մյուսի մոտ` գիտությունը, մեկ ուրիշի մոտ` ուսուցանելու շնորհը և այլն:
Ինչպես սրբացման գործում, նմանապես փառավորման գործում. Աստված հավատացյալին նախ դնում է փառավոր դիրքի մեջ, իսկ հետո փառավոր վիճակի մեջ:
Ա. ՓԱՌԱՎՈՐ ԴԻՐՔ
Բ. ՓԱՌԱՎՈՐ ՎԻՃԱԿ

Ա. ՓԱՌԱՎՈՐ ԴԻՐՔ - Աստված մարդուն տալիս է երկնային իշխանություն, պաշտոն, պատվավոր քաղաքացիություն, փառավոր կոչում` անվանում և այլն:
Վերստին ծնվածին Աստված արդեն տվել է փառավոր դիրքը, որը Քրիստոսումն է` Քրիստոսինը լինելով: Հովհ.17:22; Հռ.8:29,30; Եփ.1:19-23; 2:5,6; Կող.3:1-4;

Բ. ՓԱՌԱՎՈՐ ՎԻՃԱԿ - Աստված մարդուն տալիս է նաև փառավոր վիճակ. առողջություն, գեղեցկություն, կարողություն, իմաստություն, սրբություն և այլն:
Այո՜, Մարդը վերստին ծննդով դրվում է փառավոր դիրքի մեջ և այդ դիրքի համեմատ պետք է փառավոր վիճակի մեջ աճի` գնա փառքից դեպի փառք: 2Կոր.3:18; Եփ.5:26,27; Եթե հավատացյալը փառավո դիրքի համեմատ փառավոր վիճակի մեջ չաճի, կկորցնի իր ստացած փառավոր դիրքը: Հովհ.15:4-6; Եփ.5:1,5-7;
Ուրեմն` փառավոր վիճակի մեջ աճելու համար նախ փառավոր դիրքի մեջ կանգնել է պետք, իսկ փառավոր դիրքը պահելու համար փառավոր վիճակի մեջ աճել է պետք: Եւ փառավոր դիրքի մեջ դնողն ու փառավոր վիճակի մեջ աճեցնողը Աստծո Փառքի Հոգին է, Քրիստոսի կատարած գործի հիման վրա: 2Կոր.3:18; 1Պետ.4:14;
Թեև վերը նշվեց, որ առողջությունը, գեղեցկությունը, կարողությունը, իմաստությունը, սրբությունը և նման վիճակները մարդու համար հանդիսանում են որպես փառք, սակայն հարկ է նշել, որ մարդու ամենամեծ փառքը ինքն Աստված է: Երեմ.2:10,11;

4. ՓԱՌԱՎՈՐՄԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՈւԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԸ

Փառավորման ծրագրից տեղեկություն և գիտություն ունենալը մեզ օգնում է համբերել այս կյանքի դժվարությունների մեջ և չգայթակղվել այս աշխարհում եղած ոչ մնայուն փառքով: Սակայն մեր ունեցած գիտությունը առանց Քրիստոսի չի կարող մեզ պահել ապահովության մեջ, այլ Քրիստոսն է մեր հույսը. նրանով է, որ մենք կարող ենք փառքի մեջ գնալ: Հռ.8:18; Կող.1:21-23; 1Թսղ.5:22-24;

Ամփոփում. Արարիչ Աստված մարդու համար ծրագրել է, որ հավատքի միջոցով, նրան փառավոր դիրք և վիճակ տա, որպեսզի հասցնի Հիսուս Քրիստոսի փառքին:

No comments:

Post a Comment