-Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց, որ ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա: Հովհ.3:16

ԴԱՍ - 19 - ՍՈւՐԲ ՀՈԳԻ


Այս թեման կուսումնասիրենք չորս բաժիններով.
1. ՍՈւՐԲ ՀՈԳՈւ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԵՐԸ
2. ՍՈւՐԲ ՀՈԳՈւ ՈՐՈՇ ԱՆՎԱՆՈւՄՆԵՐԸ
3. ՍՈւՐԲ ՀՈԳՈւ ԲՆԱՎՈՐՈւԹՅՈւՆՆ Ու ԿԱՐՈՂՈւԹՅՈւՆԸ
4. ՍՈւՐԲ ՀՈԳՈւՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ՈՐՈՇ  ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐ


ՆԱԽԱԲԱՆ
ՙԱստված՚ թեմայում խոսել և ապացուցել ենք, որ Սուրբ Հոգին Աստծո Եռամիասնության մեկ անբաժանելի անձն է, որը Աստված դիրքի և վիճակի մեջ է` ոչ ավելին և ոչ էլ պակաս: Մտթ.28:19; 2Կոր.13:13;
Սուրբ Հոգին անձնավորություն է. նա ունի միտք, կամք, զգացմունք, ծրագիր: Միայն անձը կարող է ծրագրել, ընտրել, որոշումներ կայացնել, սիրել:
• Սուրբ Հոգին սիրում է: Հռ.15:30;
• Սուրբ Հոգին քննում է Աստծո ներսը, որը Աստծուց բացի որևէ մեկը չի կարող կատարել: 1Կոր.2:10,11;
• Սուրբ Հոգին դրսևորում է իր կամքը և ընտրությունը: 1Կոր.12:10,11;
• Սուրբ Հոգին խոսում, ծրագրում և առաջնորդում է: Գործք.13:2;
Շատ ուրիշ ապացույցներ էլ կարելի է բերել Սուրբ Հոգու անձնավորություն լինելը ապացուցելու համար, սակայն այսքանով բավարարվենք:

1. ՍՈւՐԲ ՀՈԳՈւ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԵՐԸ

Ա. Սուրբ Հոգին մասնակցել է երկնքի և երկրի արարչագործությանը: Ծն.1:2; Հոբ.33:4; Սաղ.104:30;
Բ. Սուրբ Հոգին հարուցանում է մեռելներին: Հռ.8:11;
Գ. Սուրբ Հոգին սիրտ ու երիկամունք է քննում: Գործք.5:3-5; 1Կոր.2:10;
Դ. Սուրբ Հոգին հավատացյալներին դարձնում է պտղաբեր: Գաղ.5:22-25;
Վերը նշված գործերը ապացուցում են, որ Սուրբ Հոգին Աստված է, որովհետև Աստծուց բացի ոչ մեկը չի կարող նշված գործերը կատարել:

2. ՍՈւՐԲ ՀՈԳՈւ ՈՐՈՇ ԱՆՎԱՆՈւՄՆԵՐԸ

Սուրբ Հոգին կոչվում է.
Ա. Աստծո հոգի. Ծն.1:2; Հոբ.33:4; Ես.63:10; Նա այս անունը իր վրա պատահական չի կրում, որովհետև Աստված է:
Բ. Մխիթարիչ. Հովհ.14:16,26; Բնագրում գրված այս անվանումը ավելի մոտ է ՙՏեր-Տիրական՚ կամ ՙԹև ու Թիկունք՚ արտահայտությունների իմաստին, որը նշանակում է ոչ միայն Մխիթարիչ, այլ նաև` քաջալերող, խորհրդատու, օգնող, պաշտպան, միջնորդ և բարեխոս:
Գ. Ճշմարտության Հոգի. Հովհ.14:17; 15:26; Սուրբ Հոգին աշխարհին ավելին խոսում է այն ճշմարտությունների մասին, որոնք Տեր Հիսուսի անձի հետ են կապված: Առանց Սուրբ Հոգու աշխատանքի ոչ ոք չի կարող ճանաչել ճշմարտությունը: 1Կոր.12:3;
Դ. Կյանքի Հոգի. Հռ.8:2; Այս անունը ցույց է տալիս, որ Սուրբ Հոգին էլ Հոր և Որդու նման իր անձի մեջ կյանք ունի և կարող է Հիսուսին հավատացողներին կյանք տալ: Հովհ.3:5; 2Կոր.3:6;
Ե. Որդեգրության Հոգի. Հռ.8:15; Սուրբ Հոգին կոչվում է Որդեգրության Հոգի, որովհետև նա Աստծո որդիներին հաստատում և կնքում է որպես Աստծո որդեգիրներ` ժառանգորդներ:
Զ. Խոստմունքի Հոգի / խոստումներ տված և տվող Հոգի. Գաղ.3:14; Եփ.1:13; Սուրբ Հոգին Աստված է, ուստի Աստծո բոլոր խոստումները վերագրվում են նաև Սուրբ Հոգուն:
Է. Իմաստության, հանճարի, խորհրդի, զորության, գիտության և Տիրոջ երկյուղի Հոգի. Ես.11:2; Սուրբ Հոգին, որպես Աստված, ունի աստվածային բոլոր որակումները: Նա հավատացյալներին տալիս է իմաստություն, հանճար, խորհուրդ, զորություն, գիտություն և Տիրոջ երկյուղը:
Ը. Շնորհքի Հոգի. Եբ.10:29; Սուրբ Հոգին աստվածային շնորհներն ու բարիքները տալու մեջ էլ մասնակից է:
Թ. Սրբության Հոգի. Հռ.1:4; 1Պետ.1:22; Մարդկանց սրբելու և կատարելության մեջ տանելու գործում Սուրբ Հոգին մասնակից է Հորը և Որդուն:
Ժ. Փառքի Հոգի. 1Պետ.4:14; Նա հավատացյալների վրա իջեցնում է Աստծո փառքը և դրա մեջ աճեցնում:
ԺԱ. Իրավունքի Հոգի. Ես.4:4; Նրանում անիրավություն չկա. նրա գործերը միայն իրավունք և արդարություն են:

3. ՍՈւՐԲ ՀՈԳՈւ ԲՆԱՎՈՐՈւԹՅՈւՆՆ Ու ԿԱՐՈՂՈւԹՅՈւՆԸ

Այս բաժնում կդիտարկենք Սուրբ Հոգու էության բարոյական և կարողության բնութագիրը, որը միայն Աստծուն է վերաբերվում, և այս բնութագրով նա գործում է հավատացյալների մեջ:
Ա. ՍՈւՐԲ ՀՈԳՈւ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԲՆՈւԹԱԳԻՐԸ
Բ. ՍՈւՐԲ ՀՈԳՈւ ԿԱՐՈՂՈւԹՅԱՆ ԲՆՈւԹԱԳԻՐԸ

Ա. ՍՈւՐԲ ՀՈԳՈւ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԲՆՈւԹԱԳԻՐԸ
Այս ենթաբաժնում կուսումնասիրենք երկու ենթակետեր.
Ա.1. Սուրբ Հոգին Սեր է
Ա.2. Սուրբ Հոգին Սուրբ է

Ա.1. Սուրբ Հոգին սեր է
Սա նշանակում է` նա սիրող է, նա լցված է սիրո զգացումով: Հռ.5:5; 15:30; Հակ.2:8; Այս նշված համարները ցույց են տալիս Եռամիասնության մեջ եղած սիրո հավասար հաղորդակցությունը: Եւ այս սերը Աստծո Հոգով փոխանցվում է հավատացյալներին:

Ա.2. Սուրբ Հոգին Սուրբ է
Երբ ասում ենք` նա սուրբ է, նկատի ունենք երկու իմաստ.
• Սուրբ Հոգու վիճակը
• Սուրբ Հոգու դիրքը

• Սուրբ Հոգին Սուրբ է` վիճակի իմաստով - նկատի ունենք, որ նրա մտքի և գործերի մեջ չկա չարություն, մեղք, անօրինություն, նենգություն և ստություն. նա կատարյալ մաքուր է: Եւ այս սրբությունը Սուրբ Հոգին տալիս է Քրիստոսին հավատացողներին: Հովհ.14:26; 1Պետ.1:2,22;

• Սուրբ Հոգին Սուրբ է` դիրքի իմաստով - նկատի ունենք, որ համեմատական կարգով նա բարձր է ամեն գոյերից և հավասար բարձունքի վրա է Հայր Աստծո հետ: Հովհ.4:24; 15:26; 1Կոր.2:10,11;


Բ. ՍՈւՐԲ ՀՈԳՈւ ԿԱՐՈՂՈւԹՅԱՆ ԲՆՈւԹԱԳԻՐԸ
1. Նա ամենակարող է. Ես.11:2; Գործք.1:8; Հռ.15:19;
2. Նա ամենուրեք է. Սաղ.139:7-10; Հովհ.14:17;
3. Նա ամենագետ է. Հռ.8:26,27; 1Կոր.2:10-13;
4. Նա ամենաիմաստուն է. Ես.11:2; Ղուկ.12:11,12;
5. Նա հավիտյան է և անփոփոխ է. Եբ.9:14; Հովհ.14:16;
Սաղ.102:25-27; Այստեղ խոսքը ուղղված է Արարչին, և արդեն գիտենք, որ Սուրբ Հոգին Արարիչ է: Նա վերը նշված բոլոր բնութագրերում հավիտյան նույնն է:

4. ՍՈւՐԲ ՀՈԳՈւՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ՈՐՈՇ  ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐ

Սուրբ Գրքում Սուրբ Հոգու համար տարբեր խորհրդանիշեր` սիմվոլներ կան, որոնք ցույց են տալիս նրա գործունեության որոշ կողմերը: Նշենք դրանցից մի քանիսը.
• Կրակ - այրող, սպառող, զտող, լուսավորող, տաքացնող: Գործք.2:3; Իսկ Ես.4:4-ում երևում է նաև Սուրբ Հոգու դատաստան անելը:
• Քամի - անտեսանելի, որը միայն բացահայտվում է իր գործերով, հզոր, զորություն, անքննելի ճանապարհ ունեցող: Ժող.11:5; Հովհ.3:8; Գործք.2:2;
• Ջուր - մաքրող, ծարավը հագեցնող, թարմացնող, կյանք տվող: Եզեկ.47:1-5; Հովհ.7:38,39;
• Աղավնի - խաղաղություն և մաքրություն ունեցող: Մտթ.3:16; Հովհ.1:32-34;

Ամփոփում. Սուրբ Հոգին Աստծո Եռամիասնության մեկ անբաժանելի անձն է` Աստված դիրքի ու վիճակի մեջ` ոչ ավելին և ոչ էլ պակաս:
Նրա մեջ են մկրտվում Հիսուս Քրիստոսին հավատացողները, որոնց նա առաջնորդում է ամեն ճշմարտության մեջ:

No comments:

Post a Comment