-Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց, որ ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա: Հովհ.3:16

ԴԱՍ - 13 - ԱՐԴԱՐԱՑՈւՄ


Այս թեման կուսումնասիրենք չորս բաժիններով.
1. Ի՞ՆՉ Է ԱՐԴԱՐԱՑՈւՄԸ
2. ԱՍՏՎԱԾ ՃՇՄԱՐԻՏ Է ԵՎ ԱՐԴԱՐ
3. Ո՞Ր ՄԱՐԴՆ Է ԱՐԴԱՐ ԵՎ ՄԱՐԴՈւ ԱՐԴԱՐԱՑՈւՄԸ
4. ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ԵՐԱՇԽԻՔԸ ԵՎ ՏԵՍԱՆԵԼԻ ԱՊԱՑՈւՅՑԸ

1. Ի՞ՆՉ Է ԱՐԴԱՐԱՑՈւՄԸ

Արդարացումը իրավաբանական տերմին է և համարվում է մարդու փրկության հիմնական և կարևոր մասերից մեկը: Արդարացնել` չի նշանակում ինչ-որ մեկին արդար դարձնել, այլ պարզել, որ նա արդար է`անմեղ է: Այսպիսով, արդարացնել նշանակում է բացահայտել մեկի արդար վիճակը: Դատավորը չի կարող մարդուն դարձնել արդար: Նա չպետք է ների արդարին, քանի որ ներելու ոչինչ չկա, այլ ընդամենը պետք է բացահայտի արդարի արդարությունը և վարվի նրա հետ որպես արդարի: 2Օր.25:1; Օրինակ` Ղուկ.7:29,30-ում Աստծուն արդարացնել` չի նշանակում նրան արդար դարձնել, այլ ընդամենը պետք է ճանաչել նրա արդար լինելը:

2. ԱՍՏՎԱԾ ՃՇՄԱՐԻՏ Է ԵՎ ԱՐԴԱՐ

Աստված սուրբ է և դրանից է, որ նա վարվում է արդարությամբ: Արդարություն ասելով հասկանում ենք իրավունքի գործեր, իսկ մեղք ասելով նկատի ունենք անիրավության գործեր: Ուրեմն, երբ որևէ մեկին ասում ենք. ՙնա արդար է՚, նկատի ունենք, որ նրա գործը, դատողությունը և վարմունքը իրավացի է: Այսպես էլ Աստծո արդարությունը երևում է իր գործերի, Օրենքի և դատաստանների միջոցով: 2Օր.4:8; Սաղ.7:11; 9:7,8; 19:9; Հռ.7:12; Հայտ.16:5-7;

3. Ո՞Ր ՄԱՐԴՆ Է ԱՐԴԱՐ ԵՎ ՄԱՐԴՈւ ԱՐԴԱՐԱՑՈւՄԸ

Աստված իր Օրենքով բացահայտեց սրբության, իրավունքի և արդարության չափանիշը: Ուստի այս չափանիշը բավարարող մարդը պետք է արդար համարվեր: 2Օր.6:25; Հակ.2:8-10; Սակայն բացահայտվեց, որ մարդը այդ չափանիշը չի կարող բավարարել: Հռ.3:10-12,23; Այդ պատճառով էլ բոլորը համարվեցին անարդարներ, այսինքն մեղավորներ` անիրավներ, բացի մեկից` Հիսուս Քրիստոս մարդուց, որովհետև նա ամբողջությամբ կատարեց Օրենքը և ճանաչվեց արդար: 1Պետ.2:21,22; 3:18;
Քանի որ մարդը մեղավոր է` անարդար է, ուստի նրան սպասվում է Աստծո արդարացի դատաստանը: Սակայն Աստված իր սիրո և ողորմության համեմատ մարդու արդարացման համար մի իրավական հիմք դրեց, որ փրկի նրան: Եթե Աստված առանց իրավական հիմքի փրկեր մարդուն, այդ դեպքում նա ինքը անարդար կլիներ և կկործաներ ողջ տիեզերքը: Հռ.3:26;
Եւ մինչ Աստծո դրած հիմքի մասին խոսելը, նախ խոսենք դրված մարդկային սխալ հիմքերի մասին, որոնցով մարդը կամենում է արդարանալ, բայց և այնպես չի հասնում արդարության:

Սխալ հիմքեր - Անհնար է, որ.
• Մարդը Օրենքը պահելու հիման վրա արդարանա, որովհետև չի կարող Օրենքը պահել: Հռ.3:20; 9:31,32ա;
• Մարդը իր դրած որևէ հիմքով կամ կրոնական ծեսերով արդարանա: Ես.64:6; Երեմ.2:22; Կող.2:18;
• Մարդը տարբեր ազգերի ազգային կրոններով արդարանա: Հռ.3:22;
Շատ ուրիշ միջոցներ էլ կան, որոնցով մարդիկ ուզում են արդարանալ, բայց իրականում անհնար է արդարանալ, քանի որ մարդկային ոչ մի միջոց չի կարող չեղյալ համարել մեղքը:

Ճշմարիտ հիմք - Միակ ճշմարիտ հիմքը Աստծուց է, որով մարդը կարող է արդարանալ և փրկվել: Քանի որ մարդու կողմից անհնարին էր Օրենքի պահանջը հատուցել, դրա համար Աստված ինքը հանձն առավ Օրենքի պարտք-պահանջը Քրիստոսի խաչի գործով վճարելու: Այդ գործով մարդը կարող է ազատվել Օրենքի պարտքերից: Մարդը Հիսուս Քրիստոսի գործին հավատալով և ընդունելով նրան որպես անձնական Տեր ու Փրկիչ, կարող է արդարանալ և փրկվել: Քանի որ ոչ միայն մեղքի պատիժը Հիսուսը կրեց իր վրա և ամեն պարտքերը վճարեց, այլ նաև նա մեր հին մարդը` մեղանչական բնությունը, իր մեջ առավ և մեկացավ մեղավորի հետ: Եւ ինչ որ մենք ունեինք նրա վրա դրվեց: Այսպես մեր հին մարդը մեռավ նրա հետ և թաղվեց: Նրան հավատալով և ընդունելով որպես Տեր և Փրկիչ մենք ստանում ենք նոր` սուրբ բնություն և որպես վերստին ծնվածներ` նրա հարության նմանությամբ ճանաչվում ենք որպես արդարներ: Նա մեր մեղքերի պատճառով մեռավ, բայց որպես արդար հարություն առավ, որի վրա մահը այլևս իշխանություն չունի, որովհետև արդար է: Եւ ինչպես որ նա չմեղանչած մեզ հետ մեկանալով համարվեց մեղավոր,2Կոր.5:21; այդպես էլ մենք, արդարություն չգործած, նրա հետ մեկանալով համարվեցինք արդարներ` իր շնորհած հավատքով: Արդարանալու համար մեր միակ գործը հավատալն է, որին հետևում են հավատքից եկող արդարության գործերը: Այդպիսով, ինչ որ նա ուներ, դարձավ մերը: Հռ.3:22-25; 4:25; 6:6-11; 2Կոր.5:17; Գաղ.2:16; Կող.2:13-15;
Աստծո դրած հիմքը իրավական է: Արդարացումը ավելին է, քան ներումը, որովհետև ներումը միայն ազատում է պատժից, իսկ արդարացումը մարդուն անբիծ է համարում:
Քրիստոսով արդարացած մարդու կյանքում ի հայտ են գալիս հետևյալ բարի արդյունքները` նա հաշտվում է Աստծո հետ, ընդունում է Աստծո շնորհները, Աստծո փառքը ստանալու հույս է ձեռք բերում, լցվում է Աստծո սիրով, փրկվում գալիք բարկությունից, նոր կյանքով ապրելու զորություն է ստանում: Հռ.5:1-11;

4. ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ԵՐԱՇԽԻՔԸ ԵՎ ՏԵՍԱՆԵԼԻ ԱՊԱՑՈւՅՑԸ

Ա. Երաշխիքը` Քրիստոսի հարությունն է. Հռ.4:23-25; 8:33,34; Եթե Տիրոջ գործը գոհացուցիչ չլիներ, Աստված նրան հարություն չէր տա:
Բ. Արդարության տեսանելի ապացույցը մեր արդար գործերն են` Աստծո խոսքերին հնազանդվելով:Մտթ.25:34-37; 1Թսղ.1:3; Հակ.2:24; 1Հովհ.2:29;

Ամփոփում. Արդարացումը Աստծո գործն է, որով բացահայտվում է հավատացողի նոր մարդ լինելը որպես բացարձակ արդար` Հիսուս Քրիստոսի խաչի մահով և հարությամբ:

No comments:

Post a Comment