-Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց, որ ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա: Հովհ.3:16

ԴԱՍ - 17 - ՔՐԻՍՏՈՍԻ ՀԵՏ ՄԵԿԱՑՈւՄ


Նախ պարզենք, թե ի՞նչ է նշանակում միություն կամ մեկացում: Դա կարելի է տարբեր իրավիճակներով բացահայտել: Օրինակ` ոմանք միաբանվում են մեկ աշխատանքի, մեկ ճանապարհորդության, մեկ ծրագրի մեջ և այլն: Մենք արդեն գիտենք, թե ով է Քրիստոսը: Երբ խոսում ենք Քրիստոսի հետ մեկացման մասին, դա նույնն է, որ խոսենք Աստծո հետ մեկացման մասին, որովհետև Քրիստոսը Աստծո Եռամիասնության մեկ անձն է:
Դեռ արարչագործությունից առաջ Աստծո հետ մարդու մեկացման ծրագիրը կար, և դա պարզ ու հայտնի էր: Գրված է. ՙՄեր պատկերով և մեր նմանության պես մարդ շինենք՚: Սակայն Ադամի մեղանչելով այդ ծրագիրը դժվարությունների ենթարկվեց, բայց Աստված Քրիստոսով վերականգնեց այդ ծրագրի ընթացքը, որը բնավ չի խափանվի: Իսկ այժմ նայենք, թե ինչու՞մն է մեր և Քրիստոսի մեկացումը:
Սուրբ Գիրքը Քրիստոսի և մարդու մեկացումը նմանեցնում է մի մարմնի, որի գլուխը Քրիստոսն է: Եւ ինչպես որ գլուխը ամեն ինչում հաղորդ է` մեկացած է մարմնին, այդպես էլ Քրիստոսը մեկացած է իրեն հավատացող և հնազանդվող մարդու հետ, թե´ ցավով և թե´ փառքով: 1Կոր.12:12,13,26; Եփ.1:22,23;
Մեր և Քրիստոսի միությունը նաև նմանեցվում է ամուսինների միությանը: Եփ.5:23-33; Իսկ ամուսիններն ինչո՞վ են մեկացած: Գրված է. ՙերկուսը մեկ մարմին են՚` մեկ նպատակի, ծրագրի և մեկ ընթացքի տեր են, ոչ թե` երկու: Նրանք նույն տան, նույն ունեցվածքի, ուրախությունների և տրտմությունների տերն են: Ամուսինների մեկացումից ավելին Քրիստոսը և եկեղեցին են մեկացած:
Այս մեկացումը համեմատվում է նաև բույսի և դրա ճյուղի մեկացման հետ: Հովհ.15:1-6; Հռ.11:17;

Այժմ թվարկենք մի քանի ճշմարտություններ, որոնց մեջ Քրիստոսին հնազանդվողները մեկացած են նրա հետ.
1. Նրա պատկերին. Ծն.1:26,27; 2Կոր.3:18; Եբ.2:14;
2. Նրա մահվանը. Հռ.6:5,6; ջրով մկրտությամբ էլ հիշվում է սա:
3. Նրա հարությանը. Եփ.2:6; Կող.2:12; ջրով մկրտությամբ էլ հիշվում է սա:
4. Նրա չարչարանքին. Հռ.8:17; 1Պետ.4:13;
5. Նրա արդարությանը. 1Կոր.1:30;
6. Նրա սուրբ բնությանը. Հովհ.3:6; 2Պետ.1:3,4;
7. Նրա Թագավորության տարածմանը. Մտթ.28:19; 1Կոր.1:23; 1Պետ.2:9;
8. Նրա ժառանգությանը. Հռ.8:17;
9. Նրա սրբությանը. 1Կոր.1:30;
10. Նրա իշխանությանը. Հայտ.2:26; 3:21;
11. Նրա փառքին. Հովհ.17:22; 2Թսղ.2:13;
12. Նրա էությանը. Կող.1:27;

Ամփոփում. Աստված ծրագրել է, որ մարդուն մեկացնի իր հետ, և այդ մեկացումը իրականանում է Հիսուս Քրիստոսին հավատացող և նրան հնազանդվող մարդու կյանքում, որով  նա ձեռք է բերում աստվածային բոլոր օրհնությունները:

No comments:

Post a Comment