-Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց, որ ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա: Հովհ.3:16

ԴԱՍ - 8 -ՇՆՈՐՀՔ


Շնորհք նշանակում է շնորհված բարիք` առանց հաշվի առնելու ստացողի արժանիքները: Սուրբ Գրքում «Շնորհք» արտահայտությունը օգտագործվել է տարբեր պարագաներում, որը բաժանել ենք երեք բաժինների.
1. ՇՆՈՐՀՔ` ՕՐՀՆԵԼՈւ ԵՎ ՑԱՆԿԱՆԱԼՈւ ՆՊԱՏԱԿՈՎ
2. ՇՆՈՐՀՔ` ՎԻՃԱԿԻ ԵՎ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
3. ՇՆՈՐՀՔ, ՈՐԸ ՎԵՐԱԲԵՐՎՈւՄ Է ՓՐԿՈւԹՅԱՆԸ

1. ՇՆՈՐՀՔ` ՕՐՀՆԵԼՈւ ԵՎ ՑԱՆԿԱՆԱԼՈւ ՆՊԱՏԱԿՈՎ

Այս նպատակով օգտագործված «Շնորհք» արտահայտությունը Սուրբ Գրքում օգտագործվել է մարդկանց կողմից, երբ իրար օրհնել են ցանկանալով, որ Աստծուց բարիք ստանան, որը հիմնականում գործածվել է նամակների սկզբում և վերջում: Հռ.1:7; 16:20; 1Կոր.1:3;

2. ՇՆՈՐՀՔ` ՎԻՃԱԿԻ ԵՎ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ

Այս պարագայում «Շնորհք» բառի գործածությունը վերաբերվում է բարի վիճակին և բնավորությանը, երբ մեկը մյուսի հանդեպ վարվում է ողորմածությամբ և գթությամբ` առանց նրա վիճակին ու արժանիքներին նայելու:
Այս բաժինն իր հերթին բաժանվում է երեք ենթաբաժինների.
Ա. ԱՍՏՎԱԾ ՇՆՈՐՀԱԼԻ Է
Բ. ՇՆՈՐՀՆԵՐ ԱՍՏԾՈ ԾԱՌԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Գ. ԱՆԿՐԿՆԵԼԻ ՇՆՈՐՀՆԵՐ

Ա. ԱՍՏՎԱԾ ՇՆՈՐՀԱԼԻ Է
Աստված շնորհալի վիճակ և վարմունք ունի: Նրա շնորհքը իր սիրո դրսևորումն է: Նրա քաղցրությունը, համբերությունը և երկայնամտությունը ապաշխարության է առաջնորդում մարդուն: Գործք.17:30; Հռ.2:4; 2Պետ.3:9;
Ամեն բարի շնորհք Աստծուց է. նա իր բարիքները և ողորմությունները սփռում է ամենուրեք` թե´հավատացյալի և թե´ անհավատի կյանքում համընդհանուր շնորհներ տալով ամենքին: Այդ շնորհներից են`արևը, ջուրը, օդը, բերքը և այլն: Մտթ.5:45; Հակ.1:17; 1Պետ.5:10; Համընդհանուր շնորհներից բացի Աստված անհատական շնորհներ էլ է տալիս նրանց: Օրինակ` նկարելու, քանդակելու, նվագելու, նաև`բարեգործ, հյուրասեր, համբերատար և քաղցր լինելու համար: Ել.31:1-5; 3Թագ.7:13,14; Առակ.8:15,16; Ես.6:3; Գործք.17:25;
Եթե Աստված իր շնորհները վերցնի տիեզերքից, ամենուրեք կդառնա քաոս` դատարկություն և խենթության տարածք:

Բ. ՇՆՈՐՀՆԵՐ ԱՍՏԾՈ ԾԱՌԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Աստված իր ծառաներին տալիս է բարի վիճակ և հատուկ շնորհներ, որպեսզի ծառայեն Աստծուն և մարդկությանը` հատկապես իր եկեղեցուն: Այս շնորհները նույնպես ծառայողների արժանիքներից չեն:Հռ.12:6; 1Կոր.3:10; 2Կոր.8:1; Եփ.4:7,11;

Գ. ԱՆԿՐԿՆԵԼԻ ՇՆՈՐՀՆԵՐ
Այս առանձնահատուկ շնորհը տրվում է որոշ անհատների: Դրանք անկրկնելի են մարդկության պատմության մեջ` մեկ ուրիշին չեն տրվում, այլ ամեն մի շնորհը տրվում է ընդամենը մեկ հոգու: Օրինակ`շնորհներ, որ ունեցան Մովսեսը, Երեմիան, Հովհաննես Մկրտիչը, Տիրոջ մայր Մարիամը, Պողոսը և այլն:Երեմ.1:4,5; Ղուկ.1:13-17,28,30; 7:28; Գաղ.1:15;

3. ՇՆՈՐՀՔ, ՈՐԸ ՎԵՐԱԲԵՐՎՈւՄ Է ՓՐԿՈւԹՅԱՆԸ

Այս բաժինը կուսումնասիրենք երեք ենթաբաժիններով.
Ա. ՇՆՈՐՀՔԻ ԱՂԲՅՈւՐԸ ԵՎ ՄԻՋՆՈՐԴԸ
Բ. ՇՆՈՐՀՔ ԵՎ ՕՐԵՆՔ
Գ. ՇՆՈՐՀՔԻ ԳՈՐԾԸ

Ա. ՇՆՈՐՀՔԻ ԱՂԲՅՈւՐԸ ԵՎ ՄԻՋՆՈՐԴԸ
Շնորհքը Աստծուց է` վերագրված Սուրբ Եռամիասնության յուրաքանչյուր անձին: 2Կոր.8:9; Եբ.10:29; 1Պետ.5:10;
Շնորհքը աշխարհին միջնորդված է Աստծո Որդու` Հիսուս Քրիստոսի միջոցով: Հովհ.1:14,16,17;
Շնորհքը Աստծո սիրո դրսևորումն է և այն հոսում է միայն մեկ ուղղությամբ` Աստծուց դեպի մարդ: Աստված իր սիրուց ելնելով, իր ողորմության համեմատ շնորհում է մարդուն այն ամենը, ինչ պետք է մարդու կյանքի համար: Եփ.2:8-10; 2Պետ.1:3;
Նաև Աստված ունի հավիտենական շնորհներ իր Որդի Հիսուս Քրիստոսին հավատացողների համար, որոնցից են`
1. Ավետարանը. Գործք.20:24;                                                9. Հավիտենական կյանքը. Հռ.5:21;
2. Կանչը / Հրավերը. Գաղ.1:15;                                               10. Մխիթարությունը և հույսը. 2Թսղ.2:15;
3. Ընտրության կարողությունը. Հռ.11:5;                               11. Հոգևոր զորությունը. 2Տիմ.2:1;
4. Հավատքը. Փլպ.1:29;                                                             12. Հաղթությունը. 2Կոր.12:8,9;
5. Թողությունը / Ներումը. Եփ.1:7;                            13. Ընդունելի ծառայությունը. Եփ.3:8; Եբ.12:28;
6. Փրկությունը. Եփ.2:8;                                                               14. Հոգևոր աճը. 2Պետ.3:18;
7. Արդարացումը. Տիտ.3:7;                                        15. Ամեն բարի կամեցողությունը և այլն: Գործք.18:27; 1Կոր.15:10;
8. Սուրբ դիրքը. Հռ.5:2;

Բ. ՇՆՈՐՀՔ ԵՎ ՕՐԵՆՔ
Մեղավորին Աստված իր շնորհքով է փրկում, ոչ թե Օրենքի գործերով: Հռ.4:4,5; 11:5,6; Սակայն առանց Օրենքի Շնորհքի կարիքը չէր բացահայտվի: Աստված Օրենքը դրեց, որ մարդը գիտակցի իր մեղավոր, կորսված և անզոր լինելը, որպեսզի Աստծո Շնորհքի կարիքը զգա, որ Աստված կարողանա իր բարիքները շնորհել նրան: Հռ.7:14-8:1; Գաղ.3:24;
Թեև Օրենքի գործերով փրկություն չկա, սակայն Օրենքն ինքն Աստծո շնորհած բարիքն է, որով մարդը կարողանում է տեսնել իր վիճակը և Շնորհքի կարիքն զգալ: Օրենքը չի փրկում, բայց և այնպես իր բարի հետևանքը թողնում է:
Հարց - Արդյոք Շնորհքի վարդապետությունը չի՞ քաջալերում, որ մարդիկ մեղանչեն:
Պատասխան - Աստված բարիք է անում և ոչ թե քաջալերում մեղանչելու: Օրինակ` եթե մեկի տունը հրդեհվում է, և մենք մարում ենք, դա չի նշանակում, որ քաջալերում ենք նրան իր տունը նորից այրելու:
Շնորհքը պատասխանատվություն և պարտավորություն է դնում մարդու վրա, որովհետև Աստված մարդուն շնորհել է կարողություն` աստվածահաճո կյանք ապրելու: Տիտ.2:11,12; Եբ.2:3; 12:28,29;
Օրինակ` համարենք թե ինքնաթիռ չեղած ժամանակ օրենքը պահանջում է, որ մարդը մեկ օրում պետք է անցնի 8000կմ, որպեսզի հասնի կյանքի աղբյուրին, հակառակ դեպքում` կմահանա: Ուստի բոլոր մարդիկ դատապարտված էին մահվան, որովհետև անհնարին էր մարդու առջև դրված պահանջը: Սակայն հայտնվում է մեկը, պատրաստում ներկա ժամանակի ամենալավ ինքնաթիռը, որպեսզի կարողանանք հասնել կյանքի աղբյուրին և ապրենք: Իսկ եթե մենք առանց որևէ պատճառի չգնանք, այդ դեպքում ավելի մեղադրելի կլինենք, որովհետև մերժել ենք կյանքի աղբյուրին հասցնող միջոցը: Այդպես էլ մարդը պատասխանատու է և դատապարտելի, եթե Աստծո շնորհքի համեմատ չգնա:

Սխալ դիրքորոշումներ շնորհքի վերաբերյալ
Ոմանք մերժում են Աստծո շնորհը և կամենում են ինչ-որ գործի հիման վրա օրհնվել և փրկվել: Սակայն Աստծո բարիքը` օրհնությունն ու փրկությունը, նրա ձրի շնորհներն են, իսկ գործով ստացվածը վարձք է և ոչ թե շնորհք: Աստծո ոչ մի պարգևը հնարավոր չէ վարձով ձեռք բերել, ընդհակառակը, նման վերաբերմունքը մերժում և անարգանք է Աստծո պարգևների հանդեպ: Գործք.8:20; Գաղ.3:3,5; 5:4;
Ոմանք էլ կարծում են, թե Օրենքի գործերով կարող են արժանանալ Շնորհքին, սակայն Աստված Շնորհքի Աստված է, և մինչ Օրենքն էլ նա իր շնորհները տվել էր Ադամին և ուրիշներին: Գաղ.2:21; 5:2-4;
Աստված ոչ թե Օրենքին հնազանդվելու պատճառով Իսրայել ժողովրդին ազատեց եգիպտացիների ծառայությունից, այլ, մինչ Օրենքի տրվելը, նա իր Շնորհքով նրանց ազատեց:

Գ. ՇՆՈՐՀՔԻ ԳՈՐԾԸ
Փրկությունը Աստծո շնորհն է, որը մարդը վերցնում է հավատքով: Աստծուն հավատալով մարդը, նրա Շնորհքով, վերագտնում է Ադամի պատճառով իր ամեն կորցրածը և դեռ ավելին: Հովհ.10:10; Հռ.5:15,17,20,21; 2Պետ.1:3;
Քրիստոսի աշխարհ գալուց առաջ էլ Շնորհքը երբեք չի բացակայել Աստծո վարվելակերպի մեջ, իսկ ապագային նայելով էլ Շնորհքը երբեք չի բացակայելու փրկվածների կյանքում: Եփ.2:7; 1Պետ.1:13; Հայտ.7:9,13-17;

Ամփոփում. Շնորհքը Աստծուց տրված ձրի բարիք է, որը կախում չունի մարդու գործերից, արժանիքներից և ազգությունից: Ողջ տիեզերքը Աստծո շնորհքի հաշվին է ապրում, իսկ նրա հավիտենական շնորհները տրվում են միայն այն մարդկանց, ովքեր հավատում են Աստծո Որդի Հիսուս Քրիստոսին: Եւ այդ շնորհքը մարդը կարող է պահել նրան հնազանդվելով:

No comments:

Post a Comment