-Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց, որ ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա: Հովհ.3:16

ԴԱՍ - 4 - ՄԵՂՔ


Այս թեման կուսումնասիրենք երեք բաժիններով.
1. ՄԵՂՔԻ ՍԱՀՄԱՆՈւՄԸ
2. ՄԵՂՔԸ ԻՆՉՊԵ՞Ս ՄՏԱՎ ԱՇԽԱՐՀ ԵՎ ՆՐԱ ԱԶԴԵՑՈւԹՅՈւՆԸ
3. ՄԵՂՔԻՑ ԱԶԱՏԱԳՐՈւՄ

1. ՄԵՂՔԻ ՍԱՀՄԱՆՈւՄԸ

Մեղքը ճանաչեցնելու և բացահայտելու համար աշխարհում կան տարբեր սահմանումներ, սակայն Սուրբ Գիրքն ասում է. «Ամեն անիրավություն (իրավունքի խախտում) ՄԵՂՔ Է»: 1Հովհ.5:17;
Իրավունքը ճանաչեցնելու համար Աստված իր Օրենքը տվեց, որպեսզի Օրենքով պաշտպանի ամենքի իրավունքը: Այո´, Օրենքով ցույց տրվեց իրավունքի և անիրավության սահմանը և այն մեր բարօրության համար է:
Այն, ինչը դուրս է գալիս Աստծո Օրենքի սահմաններից, դա Մեղք է, որը չարիք և վնաս է բերում, թե´ մեղք գործողի համար և թե´ նրա համար, ում հանդեպ անիրավություն է կատարվում: 1Հովհ.3:4;
Մեղքը ապստամբություն է Աստծո դեմ: Մեղանչողն իր արարքով մերժում է Աստծո իշխանությունն ասելով. «Ես քո խոսքը չեմ ընդունում որպես վերջնական հեղինակություն և ճշմարտություն»: Ծն.3:2-6;
Մեկը կարող է ասել. «Ոչ ոք իրավունք չունի ինձ սահմանափակել. ես պետք է անեմ այն, ինչ ուզում եմ»: Դու կարող ես քո ուզածն անել, բայց եթե իրավունք ես խախտում, ուստի անիրավություն ես անում: Քո շահի համար չպետք է անօրինություն գործես: Գուցե հարցնես. «Կարելի՞ է անել այն, ինչը չի վնասում ո´չ ինձ և ո´չ էլ ուրիշներին»: Ինչը կատարվում է Աստծո Օրենքի սահմաններում, դա մեղք չէ, որովհետև դրանում ոչ մի իրավունքի խախտում չկա:
Աստծո Օրենքի հիմնական պատկերը «Տասնաբանյան» է, սակայն դրանից բացի Սուրբ Գրքում ուրիշ կարգի օրենքներ և կանոններ էլ կան, որոնցով նույնպես իրավունքն ու արդարությունն է ճանաչեցվում:Ել.23:6-8;
Սուրբ Գրքում զոհերի և ծիսակարգերի վերաբերյալ որոշ պատվիրաններ էլ կան, որոնք որոշակի ժամանակի համար են պահանջվել, քանի որ այդ պատվիրանները մինչև Քրիստոսի գալը գալիք ուխտի ստվերն ու օրինակն էին: Եւ Նոր Ուխտի ժամանակաշրջանում սրանց չկատարելու դեպքում անիրավություն չի գործվում: Ել.23:17; Մտթ.12:3,4; Եբ.8:5,6; 10:1;
Աստծո և մարդկանց դրած օրենքներն իրարից տարբերվում են: Աստծո Օրենքը կատարյալ է, սուրբ է և իրավունք է, իսկ մարդկանց օրենքները կատարյալ չեն. դրանց շատ բաժիններում խախտված են իրավունքն ու սրբությունը: Օրինակ` շատ երկրների օրենքներում թույլատրված է շնությունը: Նաև կան օրենքներ, որոնք իրավունքը ճանաչեցնելու և պաշտպանելու համար չեն, այլ որոշ օրենսդիրների անձնական շահադիտական նկատառումով են դրված: Ուստի մարդկային նման օրենքների խախտումը մեղք չի համարվում Աստծո առջև:
Իրավունքի և անիրավության վերաբերյալ ավելի մանրամասնորեն կներկայացվի «Աստծո Օրենք» թեմայում:

2. ՄԵՂՔԸ ԻՆՉՊԵ՞Ս ՄՏԱՎ ԱՇԽԱՐՀ ԵՎ ՆՐԱ ԱԶԴԵՑՈւԹՅՈւՆԸ

Աստվածաշունչը վկայում է, որ Մեղքը հենց սկզբից աշխարհ բերեց Սատանան: Ծն.3:1,4,5; Հայտ.12:9;Մեղքը սկիզբ է առել Սատանայի սրտում` իր ցանկության համեմատ: Ես.14:13,14; Եզեկ.28:15; Հակ.1:14,15; 1Հովհ.3:8;
Ճի´շտ է, որ մեղքը Սատանան բերեց, սակայն Ադամով մտավ աշխարհ: Հռ.5:12; Այս է պատճառը, որ մարդը պատասխանատվություն է կրում: Ադամը չպետք է խախտեր Աստծո պատվիրանը: Մենք գիտենք, որ Աստված չի փորձում չար բանով` չի գայթակղեցնում: «13Նա, որ փորձության մեջ է, թող չասի` Աստծուց եմ փորձվում, որովհետև Աստված չար բանով չի փորձվում, ինքն էլ ոչ ոքի չի փորձում: 14Բայց ամեն մեկը փորձվում է բուն իր ցանկություններից հրապուրված և խաբված»: Հակ.1:13,14; Փորձվելը ինքնըստինքյան մեղք չէ, մեղքը փորձությանը անձնատուր լինելն է: Հիշենք, որ Տեր Հիսուսն էլ փորձվեց, բայց մեղք չգործեց: Եբ.4:15;
Իսկ ի՞նչ կատարվեց, երբ մարդը մեղանչեց: Ամբողջ երկիրը մարդուն էր տրված. նա իրավունք ուներ օգտվելու ամեն ծառից, բացի մեկ ծառից` «Բարի և չարի գիտության ծառից» և եթե իրավունքը խախտեր, կմեռներ: Աստված այդ ծառը դրել էր հատուկ նպատակով և գուցե, ժամանակներ հետո, իրավունք տար դրանից օգտվելու (ինչպես որ ծնողն իր երեխային արգելում է տանը եղած որևէ բանից օգտվելու, սակայն նպատակ ունի ժամանակին դա նրան տալու): Մարդուն ասված էր, որ արգելված ծառից կերած օրը մահով կմեռնի: Սակայն մարդը չլսեց. Սատանայի դրդմամբ կերավ այդ պտղից և դարձավ մահկանացու, որովհետև խախտեց այն իրավունքը, որը Աստված էր դրել: Նա անիրավություն արեց և դա իրեն համարվեց մեղք: Մեղքը մտավ աշխարհ և այդ մեղքով էլ մահը ու մահը տարածվեց Ադամի ողջ սերնդի վրա և նրա ողջ սերունդը դարձավ մեղանչական ու մահկանացու: Ծն.2:16,17; 3:6; Հռ.3:23; 5:12; Այսպիսով, մարդը պակասեց` զրկվեց Աստծո փառքից, և ոչ թե փառքը պակասեց մարդուց: Մարդն ամբողջովին զրկվեց այն փառքից, որի մեջ դրված էր և որի մեջ պետք է գնար:
Ի՞նչ է նշանակում Մահ. դա կյանքի բացակայություն է` կտրված, բաժանված վիճակ Աստծո կյանքից` նրա բնությունից:
Մեղքը մարդուն զրկեց հավիտեանական կյանքից և փոխարենը մահվան դատաստան բերեց նրա վրա: Մեղանչելով մարդը վնասեց իր ողջ էությունը` մարմինը, շունչը և հոգին: Որպես մեղքի հետևանք` նախ մարդը հոգևորապես մեռած է` զրկված է Աստծո կյանքից` նրա բնությունից, որովհետև մարդը մեղանչական է, իսկ Աստված` սուրբ: Եւ կյանքի Օրենքի փոխարեն մարդու մեջ սկսեց գործել մահվան օրենքը: Ես.59:1,2; Հռ.7:14-23; Այնուհետև մարդը ունենում է նաև ֆիզիկական մահ: Մեղքը մարդուն դարձրեց տգետ`անընդունակ և թույլ ամեն արդարության հանդեպ: Եփ.4:18;
Մեղքի ազդեցությունը այսօր էլ մնում է նույնը, ինչը սկզբից էր և դա Մահն է: Ծն.2:17; Հռ.6:23;
Աստված չի որոշել, որ մարդը մեռնի, այլ մեղքն է մարդուն հավիտենական մահվան դատաստանի տանում: Աստված բացահայտեց այդ իրականությունը, որ մեղքը` հանցանքը, չի կարող մնալ հավիտենական կյանքի մեջ, որովհետև մեղքի ներկայությունը ավերում է կյանքը: Հետևաբար` Աստված մեղքը պատժել է: Հռ.5:12; Հայտ.21:8;
Օրինակ` հայրը զգուշացնում է երեխային, որ ձեռքը կրակի մեջ չտանի, եթե ոչ, կայրի: Ոչ թե հայրն է որոշել, որ երեխայի ձեռքը այրվի, այլ կրակը այրելու զորություն ունի: 1Կոր.15:56;
«Հավիտենական դատաստան» թեմայում ավելի հանգամանորեն կուսումնասիրենք մեղքի պատճառով լինող դատաստանի հարցը:
Մարդ որքան խորը հասկանա մեղքի բնույթը և նրա հետևանքը, այնքան խորը կգիտակցի և կհասկանա Աստծո շնորհքը: Մարդիկ հաճախակի, մեղքի անունը փոխելով ուզում են մեղմացնել իրենց արարքը` մեղքը անվանելով սխալ, թերություն, երեխայություն և այլն: Սակայն այս անելով, մարդ ոչ թե վտանգը հեռացնում է, այլ ավելի է մեծացնում: Օրինակ` եթե թույնով լցված շշի վրա գրվի «քացախ», այս դեպքում միթե՞ ավելի վտանգավոր չի դառնա շշի պարունակությունը: Թույնը այդ դեպքում որպես քացախ կօգտագործվի:

3. ՄԵՂՔԻՑ ԱԶԱՏԱԳՐՈւՄ

Այս բաժնում պետք է պարզաբանենք, թե մեղավորը ինչպես կարող է ազատվել մեղքից և նրա հետևանքից:
Նախ սա իմանանք, որ մարդն ինքն իրեն չի կարող ազատել կամ փրկել: Սաղ.49:7-9; Առակ.14:12; Հովհ.14:6; Գաղ.2:16; Եփ.2:8,9; Աստված ինքն է հոգացել մեղավորի փրկության համար: Նա մեղքից և նրա հետևանքից ազատվելու միջոց տվեց, որը կարող է մարդուն ազատել հոգևոր մահից` հավիտյան Աստծուց բաժանվելուց և հավիտենական տանջանքից: Այդ միջոցը Հիսուս Քրիստոսի խաչի գործին հավատալն ու նրան անձնական Տեր ու Փրկիչ ընդունելն է: Հռ.10:9,10; 1Կոր.15:1-4;
Մեր արդարությունը չի կարող Աստծո պահանջը բավարարել. նա մեզ փրկում է իր արդարությամբ:Ես.64:6;
«Աստված հայտնեց իր սերը դեպի մեզ. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոս մեզ համար մեռավ»:Հռ.5:8;
«Եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար, որ մեր մեղքերը ների և սրբի մեզ ամեն անիրավությունից»: 1Հովհ.1:9;
«Մեղքի վարձքը մահն է, բայց Աստծո շնորհքը` հավիտենական կյանք` մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով»: Հռ.6:23;
Մեղքից և նրա հետևանքից փրկվելու վերաբերյալ ավելի խորը կուսումնասիրենք «Փրկություն» թեմայում:

Ամփոփում. Մեղքն անիրավ և անօրեն արարք է, որն առաջացավ Սատանայի սրտում և նրա ձեռքով էլ բերվեց աշխարհ, սակայն Ադամով մտավ աշխարհ, և այդ մեղքով մահը տարածվեց Ադամի ողջ սերնդի վրա, որի հետևանքով նրանք դարձան մեղանչական և մահկանացու` վնասվեց մարդու ողջ էությունը: Հետևաբար`Աստծո պատկերով ստեղծված մարդը զրկվեց Աստծո փառքից և հավիտենական կյանքի փոխարեն մահվան դատաստան եկավ նրա վրա` կյանքի Օրենքի փոխարեն մարդու մեջ սկսեց գործել մահվան օրենքը: Սակայն մեղքից և դրա հետևանքից` հավիտենական տանջանքից մարդը կարող է փրկվել Աստծո Որդի Հիսուս Քրիստոսին հավատալով:

No comments:

Post a Comment