-Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդին տվեց, որ ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա: Հովհ.3:16

ԴԱՍ - 2 - ԱՍՏՎԱԾ


Այս թեման կուսումնասիրենք երեք բաժիններով.
1. Ո՞Վ Է ԱՍՏՎԱԾ
2. ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ԱՍՏՎԱԾ
3. ԱՍՏԾՈ ԳՈՐԾԵՐԸ

1. Ո՞Վ Է ԱՍՏՎԱԾ

Այս բաժնում կուսումնասիրենք ճշմարտության երեք կարևոր մասեր.
Ա. ԱՍՏՎԱԾ ԱՆՁՆԱՎՈՐՈւԹՅՈւՆ Է
Բ. ԱՍՏՎԱԾ ՀՈԳԻ Է
Գ. ԱՍՏՎԱԾ ՄԵԿ Է

Ա. ԱՍՏՎԱԾ ԱՆՁՆԱՎՈՐՈւԹՅՈւՆ Է
Անձնավորությունը ունի մտածելու, ընտրելու, ծրագրելու, որոշումներ կայացնելու կարողություն:
Անձի իրական պատկերը Աստծո մեջ է և ոչ թե` մարդու: Այժմ անձին բնորոշ մի քանի հատկություններ նշենք.
- Աստված ստեղծագործում է. Ծն.1:1;
- Աստված մտածում է. Ես.55:8;
- Աստված ծրագրում է` որոշում է կայացնում. Ծն.2:18;

Բ. ԱՍՏՎԱԾ ՀՈԳԻ Է
Աստված Հոգի է` ձև ու մարմին չունի. անտեսանելի է արարվածների կողմից: Հոգին հատուկ ընդգծված ձև չունի և բաղկացած չէ մասերից: 2Օր.4:15; Հովհ.1:18; 4:24; 1Տիմ.1:17;
Սակայն ինչպե՞ս հասկանանք, թե Մովսեսը Աստծուն տեսավ: Ել.33:11,19-23; Նա տեսավ նրա փառքի արտացոլումը, ոչ թե Աստծո էությունն ամբողջովին: Եւ երբ Աստծո համար ասվում են հետևյալ արտահայտությունները` «Նրա ձեռքը, ոտքը, աչքը, ականջը», սա չի խոսում այն մասին, թե Աստված մարմին ունի, այլ սրանք այլաբանություն են, որոնցով արտահայտվում են Աստծո զգացումները: Ես.59:1,2;

Գ. ԱՍՏՎԱԾ ՄԵԿ Է
«Աստված մեկ է» խոսքի մեջ նկատի ունենք երեք գաղափարներ.
Գ.1. Աստծո քանակական նշանակությունը
Գ.2. Աստծո եզակիությունը
Գ.3. Աստված Եռամիասնություն է

Գ.1. Աստծո քանակական նշանակությունը
Սա նշանակում է, որ կա մեկ Աստված` ուրիշը չկա: 2Օր.4:35,39; Ես.45:22; Մրկ.12:29;
Տիեզերքի ամեն գոյերը նրանից են սկիզբ առել, նրանով են ապրելու կարողություն ձեռք բերում և նրանով են իրենց վախճանը գտնում: Միայն մեկն է` Աստված է ողջ տիեզերքում ինքնագոյ` չի ստեղծվել, ինքնիշխան է: Մյուս բոլոր գոյերը նրանից, նրա միջոցով և նրա համար են: Գործք.17:24-28; 1Կոր.8:6; Եփ.4:6;

Գ.2. Աստծո եզակիությունը
Սա նշանակում է, որ համեմատական կարգով նրա նմանը չկա: Նա իր բնութագրով ողջ տիեզերքում աննման է, միակն է, անփոխարինելի է: Ել.15:11; 2Թագ.7:22; 3Թագ.8:23;

Գ.3. Աստված Եռամիասնություն է
«Եռամիասնություն» ասելով` նկատի ունենք Աստծո ներքին միասնությունը: Ի՞նչ է սա նշանակում: Նշանակում է, որ Աստծո էությունը միանձնյա չէ, այլ նա մեկից ավելի անձերի միասնություն, անբաժանելիություն և մեկություն է: Հնարավոր է` այս միտքը ոմանց շփոթեցնի, բայց կխնդրենք, որ համբերությամբ կարդաք այն վկայությունները, որոնք Սուրբ Գրքից են և ցույց են տալիս, որ մեկ և միակ Աստվածը նաև մեկացած է:
Ուսումնասիրելով Սուրբ Գիրքը, պարզվում է մի իրողություն` Աստված իր մեջ միանձնյա չէ, այլ եռանձնյա է` Հայրը, Որդին և Սուրբ Հոգին: Նրանց միությունը այնպես է ձուլված, որ անբաժանելի են:
Սուրբ Գրքում գրված է. «Աստված ասաց. „26աՄեր պատկերով և մեր նմանության պես մարդ շինենք…”:27Եւ Աստված ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստծո պատկերովը ստեղծեց նրան. արու և էգ ստեղծեց նրանց»: Ծն.1:26ա,27; Այստեղից երևում է, որ Աստված միանձնյա չէ: «Աստված ասաց» արտահայտության մեջ գործողություն կատարողը եզակի թվով է դրված, գրված է «ասաց», ոչ թե` «ասացին», նմանապես`«պատկերը» եզակի է, սակայն այդ պատկերի հետևում ոչ թե եզակի անձ է, այլ հոգնակի. գրված է` «մեր»: Գուցե մեկն ասի. «Հնարավոր է` Աստված հրեշտակների հետ է խոսել»: Եթե հրեշտակների հետ խոսելիս լիներ, այդ դեպքում գրված կլիներ` «Աստված իր և հրեշտակների պատկերով ստեղծեց մարդը»: Սակայն գրված է. «Աստված ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստծո պատկերովը ստեղծեց նրան»: Նաև շատ հստակ է, որ Աստված է միայն Արարիչը, հետևաբար` նա հրեշտակներին մասնակից չէր դարձնի մարդու արարչագործությանը: Հռ.11:34-36;
Մեկ այլ տեղում «6Տերն ասաց. „Ահա սրանք մեկ ժողովուրդ են. ու ամենքի լեզուն մեկ է, և սկսեցին սա շինել ու հիմա ինչ որ շինել կխորհեն, մի բան չկա որ արգելի: 7Եկեք, իջնենք ու նրանց լեզուն այնտեղ խառնենք, որպեսզի որևէ մեկը իր ընկերի լեզուն չհասկանա: …Տերը այնտեղ խառնեց բոլոր երկրի լեզուն…” Ծն.11:6,7,9 բ;
Սուրբ Գրքի այս հատվածում էլ մենք նույնն ենք տեսնում, ինչ որ վերևում նկատեցինք. «Տերը ասաց… Եկեք իջնենք ու նրանց լեզուն այնտեղ խառնենք…» և հետո գրված է. «Տերը խառնեց»: Գործողություն կատարողը թե´ հոգնակի թվով է գրված և թե´ եզակի` «խառնենք» և «խառնեց» և մենք տեսնում ենք, որ լեզուն խառնողը միայն Աստված է: Նաև «եկեք իջնենք» արտահայտությունը ցույց է տալիս, որ խոսողը դիմում է մեկից ավելի անձանց, քանի որ եթե խոսքը ուղղված լիներ մեկ անձի, ապա գրված կլիներ. «Եկ իջնենք», ոչ թե` «եկեք…»: Այս մեկացումը բացահայտող շատ հատվածներ կարելի է բերել Սուրբ Գրքից, սակայն միայն մի քանի հատվածներ ենք ներկայացնում ձեր ուշադրությանը: Մտթ.3:16,17; 28:19; Հովհ.3:16; 16:13-15; Գործք.5:3,4; Եբ.1:8,9;
Նաև հարկ է նշել, որ եբրայերենում գոյականը ոչ թե երկու թիվ ունի, այլ երեք` եզակի, երկյակի և հոգնակի: Այսպես` Աստված բառը եբրայերեն բնագրում ո´չ եզակի է գրված, ո´չ էլ` երկյակի, այլ միշտ հոգնակի` Աստվածք:
Երբ ճանաչում ենք Աստծուն, համոզվում ենք այս ճշմարտության մեջ, որ Աստծո երեք անձերն էլ ինքնատիպ են, սերտորեն առնչվում են իրար հետ, և նրանցից յուրաքանչյուրը յուրովի է արտահայտում Աստծո էությունը:
Հաճախ մարդիկ ուզում են որևէ բանի նմանության միջոցով Աստծո երեք անձերի մեկացած լինելը հասկանալ, բայց չկա այդպիսի դիպուկ նմանություն, որովհետև նա Արարիչ է, իսկ մնացած ամեն ինչը`արարվածներ:
Այսպիսով, Սուրբ Գրքի Աստվածը մեկ է, միակն է և մեկացած է: Ոչ թե երեք անձեր են` երեք դեմքով, այլ երեք անձերը մեկացած են մեկ պատկերով:

2. ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ԱՍՏՎԱԾ

Այս բաժնում կուսումնասիրենք ճշմարտության երկու կարևոր մասեր.
Ա. ԱՍՏԾՈ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԲՆՈւԹԱԳԻՐԸ
Բ. ԱՍՏԾՈ ԿԱՐՈՂՈւԹՅԱՆ ԲՆՈւԹԱԳԻՐԸ

Ա. ԱՍՏԾՈ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԲՆՈւԹԱԳԻՐԸ
Այս ենթաբաժնում պետք է ուսումնասիրենք երկու ենթակետեր.
Ա.1. Աստված սեր է
Ա.2. Աստված սուրբ է
Մեկը կարող է ասել. «Աստված բարոյական ուրիշ բնութագիր էլ ունի: Օրինակ` նա ողորմած է, բարի է, քաղցր, համբերող, երկայնամիտ, արդար, ճշմարիտ, անաչառ, անսուտն և այլն»:
Ճշմարիտ է ասվածը, սակայն այս ամենն ածանցվում են` գալիս և բխում են Աստծո սիրուց և սրբությունից: Եւ սրանք միմյանց հավասարազոր և հավասարակշիռ են:

Ա.1. Աստված սեր է
Ի՞նչ է նշանակում «Աստված սեր է»: Այս արտահայտության իմաստը սա է, որ Աստված լցված է սիրո զգացումով, սակայն զգացումը Աստված չէ: Աստված սեր է, բայց սերը Աստված չէ: Հովհ.3:16; 1Հովհ.4:7-10,16;
Աստծո սիրուց է նրա ողորմած, երկայնամիտ, քաղցր, համբերող, մխիթարող, ներող և օրհնող լինելը: Եւ նրա սիրո ամենամեծ ապացույցը իր Որդի Հիսուս Քրիստոսն է, որը մարդանալով, մարդկության մեղքերի թողության համար զոհվեց խաչի վրա:

Ա.2. Աստված սուրբ է
Երբ ասում ենք Աստված սուրբ է, նկատի ունենք երկու իմաստ.
 Աստծո վիճակը
 Աստծո դիրքը

 Աստված սուրբ է` վիճակի իմաստով - նկատի ունենք, որ նրանում չկա մեղք` անօրինություն, չարություն, նենգություն, ստություն ու խավար: Նա կատարյալ լույս է` կատարյալ մաքուր: Եւ այս սրբությունից է, որ Աստված ունի արդարություն, ճշմարտություն, անաչառ դատաստան, մեղքի նկատմամբ պատիժ: Սաղ.19:9; Ես.6:3; 1Հովհ.1:5;

 Աստված սուրբ է` դիրքի իմաստով - նկատի ունենք, որ համեմատական կարգով Աստված ամեն գոյերից, այսինքն գոյություն ունեցողներից բարձր է և առանձնանում է իր յուրահատկությամբ և դիրքով, որի նմանը չկա: Ես.57:15; Հայտ.4:8;
Այսպիսով, սուրբ ասելով նկատի ունենք Աստծո վիճակը և դիրքը: Այս իմաստով Աստվածաշնչից շատ վկայություններ կարելի է բերել, որոնց թվարկումը մեր ժամանակն էլ չի բավի, սակայն սրանից հետո մյուս ամեն թեմաների մեջ նույնպես կտեսնենք Աստծո ով և ինչպիսի լինելը:

Բ. ԱՍՏԾՈ ԿԱՐՈՂՈւԹՅԱՆ ԲՆՈւԹԱԳԻՐԸ
Այս ենթաբաժնում պետք է ուսումնասիրենք հինգ ենթակետեր.
Բ.1. Աստված ամենակարող է
Բ.2. Աստված ամենագոյ է (ամենուրեք է)
Բ.3. Աստված ամենագետ է
Բ.4. Աստված ամենաիմաստուն է
Բ.5. Աստված հավիտենական է և անփոփոխ

Բ.1. Աստված ամենակարող է
Աստծո ամենակարողությունը երևում է իր գործերով: Ինչպես որ նա ամենակարող է, նույնպես և սուրբ է`չի մեղանչում. Նա չար ու վատ բան չի գործում, այլ նրա կարողությունը վերաբերվում է ամեն մտքից վեր եղող բարի գործերին: Նա անհնարինը դարձնում է հնարովոր` իրավունքի և արդարության սահմաններում:Ծն.17:1; Հոբ.37:23; Մտթ.19:26; Եբ.1:3;
Կան կրոններ, որոնք իրենց աստծուն ներկայացնում են որպես ամենակարող նաև մեղանչելու մեջ, և հենց սա ապացույց է, որ դա Աստծո ուսմունքը չէ: Օրինակ` կրիշնայական «Բհագավադ-Գիտան ինչպես որ է» գրքի 10:36-ում խոսվում է, որ իրենց աստվածը նաև ամենամեծ ստախոսն է` իբրև թե ամեն ինչում ամենակարող է: Սակայն ճշմարիտ Աստվածը սուրբ է` չի ստում: Աստված ամենազոր է և ոչ թե ամեն ինչ անող:

Բ.2. Աստված ամենագոյ է /ամենուրեք է/
Երբ խոսում ենք Աստծո ամենուրեքության մասին, սա չի նշանակում, թե նա ամեն ինչում գոյություն ունի, ինչպես կրիշնայական ուսմունքն է սովորեցնում իր աստծո մասին: Աստված ճանճի, որդի կամ որևէ կենդանու մեջ չէ, այլ Աստված ամեն ինչի վրա է, ամենքի հետ է և իրեն ընտրած մարդկանց` ամենքի մեջ է:Ես.57:15; Գործք.17:24-28; Եփ.4:6;
Աստված ամենագոյ է ասելով նկատի ունենք, որ նրա ներկայությունը ամենուրեք է` չկա ոչինչ նրանից ծածկված: 3Թագ.8:27; 2Մն.16:9; Սաղ.139:6-9;

Բ.3. Աստված ամենագետ է
Աստված ամեն ինչ գիտի` ամեն ինչից տեղյակ է: Ողջ տիեզերքում նրանից ծածկված ոչինչ չկա: Նա գիտի բոլոր մարդկանց և հրեշտակների մտքերն ու գործերը` ներառյալ Սատանայի ամեն ծրագրերը: Նրա համար գաղտնի ոչինչ չկա. թե` անցյալում եղած բաները, թե` ներկայում կատարվող բաները և թե` ապագայում կատարվելիք բաները նրան հայտնի են: Սաղ.33:13-15; 139:1-6, 13-16; Եբ.4:12,13; Հայտ.22:18,19;

Բ.4. Աստված ամենաիմաստուն է
Իմաստությունն ու գիտությունը իրար նմանություն ունեն, սակայն իրարից տարբեր էլ են: Օրինակ` մարդ կա, որ երաժշտությանը գիտակ է, սակայն նրա իմաստությունը չի բավարարում, որ ինքը մի նոր երաժշտություն հորինի: Իմաստությունը մի կարողություն է, որով ցույց է տրվում տարբեր խնդիրների լուծումը: Օրինակ` Հակոբի որդի Հովսեփի միջոցով փարավոնը գիտեր, որ առատություն ու սով է լինելու, սակայն իմաստություն չուներ գործելու, իսկ Հովսեփին Աստված իմաստություն տվեց տվյալ իրավիճակից դուրս գալու: Իմաստության աղբյուրը Տերն է: Ծն.41:25-46;
Աստված ամեն ինչում ունի թե` գիտություն և թե` իմաստություն: Ամեն ստեղծագործության մեջ Տիրոջ իմաստությունը կա: Սաղ.147:5; Երեմ.10:12; Հռ.11:33,34; Հակ.1:5;

Բ.5. Աստված հավիտենական է և անփոփոխ
Ես.40:28; «Աստված հավիտենական է» ասելով մենք նկատի ունենք նրա անսկիզբ և անվախճան լինելը:Ծն.21:33; 2Օր.32:39,40; Սաղ.90:2; Ես.57:15; 1Տիմ.6:16; Հայտ.4:8-10;
Ոմանք զարմանում են, թե ինչպես է դա հնարավոր: Շատ պարզ. օրինակ` իրական թվերի բազմությունն անվերջություն ունի, ինչպես նաև` տարածությունն ունի անսահմանություն, նմանապես ժամանակը վերջ չունի: Եւ ժամանակի այս անվերջությունն ու անսահմանությունը կոչվում է հավիտենություն: Եւ հավիտենությունը ստեղծողը հավիտենական անձ է:
Աստված չի ենթարկվում փոփոխության: Ո´չ երկնքի և ո´չ էլ երկրի իրավիճակները չեն կարող ազդել Աստծո վրա` նրան իր բնութագրերի մեջ փոխվելու: Սաղ.102:25-27; Ես.43:13; Մաղ.3:6; Հակ.1:17;
Այսպիսով, Սուրբ Գրքից Աստծո ով լինելու համար մենք երեք բնութագիր ուսումնասիրեցինք, իսկ ինչպիսին լինելու համար` յոթը: Ուրեմն Աստված.

1. Անձնավորություն է                                   1. Սեր է
2. Հոգի է                                           2. Սուրբ է
3. Մեկ է                                             3. Ամենակարող է
                                                          4. Ամենուրեք է
                                                          5. Ամենագետ է
                                                          6. Ամենաիմաստուն
                                                          7. Հավիտենական է և անփոփոխ

3. ԱՍՏԾՈ ԳՈՐԾԵՐԸ

Այս բաժնում պետք է Աստծո գործերը հակիրճ նշենք, որոնք վերաբերվում են ստեղծագործությանը:
«Սկզբումն Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»: Ծն.1:1;
«…Աստված, որ ստեղծեց երկինքն ու երկիրը և ծովը` և ամեն ինչ որ նրանց մեջ է»: Գործք.14:14բ;
«24Այն Աստվածը, որ աշխարհքս և ամեն բան` որ նրանում կա` արեց, նա երկնքի և երկրիս Տերը լինելով ձեռագործ տաճարներում չի բնակվում: 25Եւ ոչ էլ մարդկանց ձեռով է պաշտվում, իբր թե մի բանի կարոտ. Նա է ամենի կյանք և շունչ` և ամեն բան տվողը: 26Եւ նա մեկ արյունից մարդկանց բոլոր ազգերն արեց, որ երկրի բոլոր երեսի վրա բնակվեն. Որոշված ժամանակներ և նրանց բնակության սահմանները հաստատեց, որ Աստծուն փնտրեն. 27Որ լինի թե խարխափեն նրան և գտնեն. թեև ինքը հեռու չէ մեր ամեն մեկիցը»:Գործք.17:24-27;
Աստված է ստեղծել ամեն ինչ, որ կան երկնքում և երկրի վրա` թե´ ֆիզիկական և թե´ հոգևոր: Նա նաև սահմանների և ժամանակի էլ Տերն ու Արարիչն է թե´ երկնքում, թե´ երկրի վրա: Վերը նշված գործերը վերաբերվում են միայն Աստծուն` ուրիշ որևէ մեկը չի կարող նման գործեր կատարել:
Թեև այս վերնագրի տակ նշվեց` Աստված է ամեն ինչը արարել և կարգի դրել, սակայն հարկ է նշել, որ Աստծո գործերի մասին խոսելը չավարտեցինք, այլ դրանք կուսումնասիրենք մնացած բոլոր թեմաներում: Օրինակ` «Մարդ», «Մեղք», «Փրկություն», «Վերստին ծնունդ», «Հավիտենական դատաստան» և այլն:

Ամփոփում. Աստված ինքնագոյ Հոգի է` Հոր, Որդու և Սուրբ Հոգու Եռամիասնությունը, որը մեկ է, միակն է և մեկացած է, որից բացի ուրիշ Աստված չկա:
Նա կատարյալ է սիրո, սրբության, կարողության, գիտության և իմաստության մեջ և հավիտյան անփոփոխ է:
Նրա ձեռքով ստեղծվեցին երկինքը, երկիրը և ամեն ինչ, որ նրանց մեջ կան` տեսանելին և անտեսանելին: Եւ ամենուրեք ամեն ինչի վրա է, ամենքի հետ է և իրեն ընտրած մարդկանց` ամենքի մեջ է:

No comments:

Post a Comment